«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանում թավշյա հեղափոխության հիմնը դարձած երգի՝ «Իմ քայլ»-ի երաժշտության հեղինակ եւ երգի կատարող Հայկ Ստվերի հետ։ Քանի որ Հայկը բնակվում էր Ուկրաինայում, երաժշտությունը ստեղծվել է այնտեղ։ Բայց հիմա արդեն երգիչը մտադիր է մնալ եւ ստեղծագործել Հայաստանում, Ուկրաինա վերադառնալու ծրագրեր դեռեւս չի կազմում։ Հայկի հետ խոսել ենք իր հետագա անելիքների, շոու-բիզնես մուտք գործելու, իր եղբոր՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, իրենց մանկության, տարբեր բնավորություններ ունենալու եւ այլ թեմաների շուրջ։
– Դուք արդեն վերջնականապես վճռե՞լ եք, որ Հայաստանում եք մնալու։
– Այս պահին այդպես եմ որոշել։ Եթե կանչեն համերգով հանդես գալու Ուկրաինայում, կգնամ, կան նաեւ ծանոթներ, որոնց կցանկանամ տեսնել ու վերադառնալ։ Նպատակահարմար եմ համարում թեկուզ մեկ շաբաթով այցելել այդ երկիր ու կրկին վերադառնալ։
– Հայկ, Դուք կպատկերացնեի՞ք, որ ժողովրդական շարժման ակտիվիստ Ձեր եղբայրը, որը հենց միջնորդ է հանդիսացել Ձեր ու Նիկոլ Փաշինյանի միջեւ, եւ ստեղծվել է «Իմ քայլը» երգը, մի օր կդառնար սփյուռքի նախարար, այն էլ՝ այդքան երիտասարդ տարիքում։
– Մենք ընտանիքի անդամներով միշտ էլ կատակել ենք նրա հետ՝ ասելով, որ մի օր նախագահ է դառնալու։ Ճիշտն ասած՝ հիմա էլ չենք պատկերացնում եւ չենք հավատում, որ նա նախարար է։
– Թերեւս, նրա զբաղվածությունը բավական մեծ է։ Հասցնո՞ւմ եք միմյանց հանդիպել, զրուցել, իրար հետ ժամանակ անցկացնել։
– Ո՛չ, համարյա չենք տեսնվում։ Նա վաղ առավոտյան դուրս է գալիս տնից, կեսգիշերին վերադառնում է։ Շատ խիստ գրաֆիկով է աշխատում։ Հիմա էլ նախարարությունը ծրագիր է կազմում, որպեսզի ներկայացնի կառավարությանը, Մխիթարն էլ օրվա ընթացքում մի քանի հանդիպում է ունենում, այնպես որ ազատ ժամանակ չի մնում։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում