«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ կրքերը լարված են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում. պահանջում են 18 տարվա տնօրեն Սամվել Առաքելյանի հրաժարականը:
Aravot.am-ը մեկնաբանության խնդրանքով դիմեց պարոն Առաքելյանին, սակայն, նա չցանկացավ որեւէ մեկնաբանություն անել եւ պատճառաբանեց, որ պաշտոնատար անձի մոտ է գտնվում ու շատ զբաղված է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության իր անդամատոմսը հրապարակային վայր դրած դասախոսներից Արտակ Ցուցուլյանը, որն ուսանողական խորհրդի պահանջով նշանակվել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի փոխտնօրեն, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բուհում տիրող իրավիճակը պայմանավորված էր փոփոխությունների անհրաժեշտությամբ:
«Համակարգային փոփոխություններ անցկացնելու նպատակով ուսանողների կողմից նման նախաձեռնություն սկսվեց: Իսկ ինչու այս պահին, որովհետեւ հիմա ավելի ոգեւորված էին»,-ասաց Արտակ Ցուցուլյանը: Նա նաեւ նշեց, որ տեղյակ չէ, տնօրենի հրաժարական եղել է, թե ոչ:
Ցուցուլյանից նաեւ հարցրինք, թե ինչու հենց հիմա վայր դրեց ՀՀԿ-ականի իր անդամատոմսը: «Նախաձեռնության մեջ փոփոխությունների կետեր կային, մի կետն էլ ապակաքաղաքականացումն էր, այն պահին երբ պաշտոնապես նշանակվեց տնօրենը, փոխտնօրենը, պետք է ապաքաղաքականացում գնա: Ես իմ օրինակով պետք է այդ քայլ անեի»,-պարզաբանեց մեր զրուցակիցը:
Արտակ Ցուցուլյանին նաեւ հարցրինք` քանի որ Հայաստանում կրթության, մշակույթի եւ մնացած ոլորտներում նոր բան չէ իրավիճակով պայմանավորված կուսակցափոխ լինելը, հնարավո՞ր է հետագայում անդամագրվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: «Հանգիստ եղեք, դա չի լինելու, այս պահին նման բան չկա»,-ասաց նորանշանակ փոխտնօրենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Եթե Ձեզ թվում է, թե Արտակ Ցուցուլյանին նշանակելով Մասնաճյուղի տնօրեն բոլոր հարցերը կլուծվեն, նաև կվերանա կոռուպցիան, հիասթափեցնեմ Ձեզ, որ փոփոխություն չի լինի; Նույն Ցուցուլյանը միշտ եղել է փողի շարժի մեջ; Դե ասեք, ինչպիսի առաջընթաց եք տեսնում: