Քաղաքագետ Երվանդ Բոզոյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է ընդունելի քաղաքական իշխանությունից պահանջել, որ նա միջամտի իրավական գործընթացներին եւ ազատ արձակի քաղբանտարկյալներին։
Բոզոյանին հիշեցրինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում բացել բանտի դռները եւ ազատել մարդկանց։ «Կա միջազգային փորձ՝ անցումային արդարադատություն։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այս դատաիրավական համակարգը ձեւավորված է նախկին խաղի կանոններով, եւ այսօրվա համակարգն ու դատավորներն այնպիսի հարաբերությունների մեջ են, որ այսօրվա դատավորներից քաղաքացիական խիզախություն պահանջելը կլինի անմեղսունակություն։ Դատավորը՝ ինքը, շաղկապված է իր իրավունքների եւ շահերի մի փաթեթում։ Դատաիրավական համակարգը կարող է ազատ լինել, երբ լինի կոնսենսուսային որոշում։ Երկրի նոր ղեկավարը պետք է հավաքի դատաիրավական համակարգի ղեկավարներին, որոշում կայացնեն, որ պետք է մտնեն նոր Հայաստան՝ նոր խաղի կանոններով։ Եվ նա, ով կհամապատասխանի այդ խաղի կանոններին, նա էլ կմնա իր տեղում։ Հետագա փոփոխությունները կբխեն նոր Սահմանադրությունից։ Այսինքն՝ սա կարող է համարվել ոչ թե միջամտություն, այլ, ընդհանուր առմամբ՝ միասնական որոշում, որ մենք նոր Հայաստան ենք մտնում նոր մոտեցումներով։ Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս դատաիրավական համակարգը գործել է այլ մտածողությամբ, միշտ շարժվել է պատվերի տրամաբանությամբ։ Եվ եթե ինքը հայտնվում է անորոշության մեջ, դա չի նշանակում, որ դատավորներն առաջնորդվելու են քաղաքացիական գիտակցությամբ եւ խղճով։ Մարդիկ կարող են տարիներ շարունակ մնալ բանտում, քանի որ կարող են ասել, թե մենք չենք կարող միջամտել իրավական գործընթացներին։ Այս դեպքում ստացվում է, որ կա՛մ իշխանությունն է անմեղսունակ, կա՛մ էլ այդ մարդկանց արդարացի են դատել։ Մենք պետք է տարբերենք թացը չորից, հասկանանք, որ իսկապես պետք է ունենանք նորմալ դատաիրավական համակարգ։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում