Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական լվացքատուն». կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի նոր բացահայտումները

Մայիս 25,2018 12:48

«Ադրբեջանական լվացքատունը» միմյանց հետ փոխկապակցված բանկային հաշիվների հավաքածու է, որը երկրի վերնախավն օգտագործում է լյուքս դասի ապրանքներ գնելու, եվրոպացի քաղաքական գործիչներին վճարելու և փողերը լվանալու, ինչպես նաև ամերիկացի առանձին քաղաքական գործիչներին կաշառելու համար, որպեսզի վերջիններս գործեն ի շահ Ադրբեջանի: Այս մասին գրում է Կազմակերպված հանցավորության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project- OCCRP) կայքը՝ նոր բացահայտումներ հրապարակելով «Ադրբեջանական լվացքատուն» աղմկահարույց գործի վերաբերյալ::

2012-2014թթ. «Ադրբեջանական լվացքատան» հաշիվներով շրջանառվել է շուրջ 2.5 միլիարդ դոլար: Գումարի մի մասն օգտագործվել է քաղաքական նպատակներով, մի մասն էլ հայտնվել է եվրոպացի քաղաքական գործիչների բանկային հաշիվներում, որոնք դրական գնահատականներ են տվել Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևին նույնիսկ այն ժամանակ, երբ նա ձերբակալել է ակտիվիստների, ընդդիմադիր լրագրողների:

Պարզվել է, որ Ադրբեջանական լվացքատան փողերից օգտվել է նաև ադրբեջանական ծագում ունեցող ամերիկացի գործարար, նավթագազային հարցերով խորհրդատու Ադիլ Բագիրովը, որը սերտ կապեր ունի Ալիևի հետ և լոբբիստական գործունեություն է իրականացնում հօգուտ Ադրբեջանի: Նա բնակվում է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում ՝ ղեկավարելով ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիների ցանցը: OCCRP-ի տվյալներով՝ միայն Ադրբեջանում 10 կոնգրեսականների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովի կազմակերպման համար Բագիրովին վճարել են ավելի քան 250 հազար դոլար: Նա նաև օգնել է Վաշինգտոնում կազմակերպել ամերիկա-ադրբեջանական մի շարք այլ կոնֆերանսներ, բազմիցս կոչ է արել ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և չեղարկել Հայաստանին տրամադրվող օգնությունը:

Նշվում է, որ ոչ միայն Բագիրովը, այլ նաև նրա հայրը բազմաթիվ խորհրդատվական ծառայություններ են մատուցում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի կառավարություններին: Բագիրովն այդ ամենն արել է ունենալով ինչպես Միացյալ Նահանգների, Ադրբեջանի, այնպես էլ ընդհուպ մինչև 2005թ. Ռուսաստանի քաղաքացիություն:

Բագիրովի ստացված փողերի հստակ ծագումը պարզել հնարավոր չէ, բայց բավարար ապացույցներ կան առ այն, որ ավտորիտար երկրի իշխող վերնախավն է կանգնած դրա հետևում:

Նրա լոբբիստական գործունեությունը հարց է առաջացնում՝ արդյոք նա պետք է գրանցվի որպես արտասահմանցի գործակալ: OCCRP-ի լրագրողները կապ են հաստատել Բագիրովի հետ, բայց վերջինս հրաժարվել է մեկնաբանություններից:

 

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031