Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱ»-ն՝ ընդդեմ հարկային տեսչության. 11-ամյա գործն այս անգամ կքննվի քրեական տիրույթում

Մայիս 25,2018 11:42

Վարչական դատարանը որոշում է կայացրել նոր քննության առնել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի գործը՝ ընդդեմ Գյումրու հարկային տեսչության։ Այս գործը 11-ամյա պատմություն ունի։ ՀՀ վարչական դատարանում կրկին քննելու որոշումը կայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2017 թ. մայիսի 4-ի վճռից ու 2018-ի ապրիլի 7-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում վճռի բեկանումից հետո։

«ՉԱՊ» ՍՊԸ ներկայացուցիչ Կարեն Թումանյանը հակընդդեմ հայցով վարչական դատարանում պահանջում է անվավեր ճանաչել հարկային մարմինների կողմից 2007 թվականին 25 միլիոն 212 հազար 700 դրամի ակտը (փաստացի հեռուստաընկերության հիմնադրից գանձվել է 25.116.700 ՀՀ դրամ)։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք վարչական ակտը հիմնավոր էր։ Ընդ որում, վեճը պետք է քննվի քրեական տիրույթում, քանի որ խոսքը մեծ չափի գումարի չարաշահման մասին է, ինչը հաշվի չի առնվել ՀՀ դատական 3 ատյաններն անցնելիս՝ սկսած 2007 թվականից, և ինչի վրա ուշադրություն է հրավիրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

ՄԻԵԴ-ը գտել է նաև, որ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից պահանջ ստանալուց հետո այդ ժամանակաշրջանում ՀՌԱՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող Գրիգոր Ամալյանը, ինչպես նշվում է դատարանի որոշման մեջ, «տրամադրել է Ընկերության հեռարձակման վերաբերյալ որոշակի փաստաթղթեր, մինչդեռ Ընկերության կողմից միջնորդություն էր ներկայացվել նրան Դատարան հրավիրելու՝ այդ փաստաթղթերի վերաբերյալ հարցեր ուղղելու նպատակով։ Այսինքն, ըստ էության, վիճարկվում էր նաև ՀՌԱՀ նախագահի կողմից տրամադրված տեղեկությունների հավաստիությունը, որն այդպես էլ չի բավարարվել»: Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ մերժվել է նաև վկաներին դատարան հրավիրելու «ՉԱՊ» ՍՊԸ միջնորդությունը. նրանց ցուցմունքները համարվել են «ոչ վերաբերելի»: Այդուհանդերձ, ըստ ՄԻԵԴ-ի, Ընկերության նկատմամբ հարկային պարտավորություն սահմանելիս հայաստանյան դատարանը հիմնվել է վկաների ցուցմունքների վրա, «հետևաբար պետք է ենթադրել, որ, այնուամենայնիվ, այդ վկաների կողմից տրված ցուցմունքները որոշիչ են եղել»։

Արդյունքում Եվրոպական դատարանը բավարար է համարել վերոնշյալ փաստարկները՝ եզրակացնելու համար, որ անհիմն կերպով սահմանափակվել է դիմումատու Ընկերության՝ իր դեմ հարուցված վարույթի ընթացքում ՀՌԱՀ նախագահին և վկաներին հարցաքննելու իրավունքը:

Եվրոպական դատարանը 04.05.2017 թվականի վճռով հաստատել է, որ տեղի է ունեցել Ընկերության՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` նույն հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ համատեղ: Եվրոպական դատարանը մասնավորապես նշել է, որ «(…) բոլոր ցուցմունքները սովորաբար պետք է ներկայացվեն դռնբաց լսումների ժամանակ մեղադրյալի ներկայությամբ` մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ փաստարկներ ներկայացնելու հնարավորությունն ապահովելու համար: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ ամբաստանյալին համարժեք և պատշաճ հնարավորություն տրվի վկայի կողմից իր դեմ տված ցուցմունքը վիճարկելու կամ նրան հարցաքննելու` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում (…)»:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն` քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները»:

Այսպիսով, օգոստոսի 16-ին Վարչական դատարանում ՊԵԿ-ը պետք է ապացուցի, որ «ՉԱՊ» ՍՊԸ-ն քրեական հետապնդման արժանի արարք է գործել, իսկ «ՉԱՊ»-ը պետք է ապացուցի, որ չարաշահում չի արել, իսկ եթե չի արել, պետությունը պետք է վերադարձնի 25 միլիոնից ավելի տուգանքը։ Այսինքն՝ կհետևեն մյուս 2 հոդվածները, որոնց ՄԻԵԴ-ը դեռ չի անդրադարձել՝ նյութական վնասի փոխհատուցում և խոսքի ազատության սահմանափակում:

Իսկ այս փուլում արձանագրված խախտումների առնչությամբ Եվրոպական դատարանը որոշել է, որ Հայաստանը «ՉԱՊ» ՍՊԸ-ին պետք է վճարի ընդհանուր առմամբ 3900 եվրո՝ 2400 եվրո պատճառված ոչ նյութական վնասի և 1500 եվրո դատական ծախսերի համար։ Այդ վճարումներն արդեն կատարվել են։

 2007 թվականի սեպտեմբերի 21-ին, 22-ին և հոկտեմբերի 14-ին Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը լուսաբանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանություններին քննադատող ելույթը, որից հետո սկսվել են քաղաքական, հարկային և դատական ճնշումներ հեռուստաընկերության նկատմամբ:

Իրականացված հարկային ստուգումներից հետո «ԳԱԼԱ»-ն մեղադրվեց հարկերից խուսափելու, մասնավորապես` գովազդներից ստացած եկամուտները թաքցնելու մեջ։ Մեղադրանքները հիմնված էին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի փաստաթղթերի ու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում գովազդ տեղադրած գործարարի հայտարարությունների վրա։ Դատական գործընթացում ընկերության փաստաբանը վիճարկել է հարկերից խուսափելու պնդումներն ու խնդրել ցուցմունք տալու հրավիրել ՀՌԱՀ նախագահին ու գործարարին՝ նրանց տրամադրած տեղեկությունները հաստատելու համար, սակայն առաջարկները մերժվել է վարչական դատարանի կողմից։

2009թ-ի մարտի 13-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն դիմել էր ՄԻԵԴ՝ համարելով, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը։

 

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031