Նոր կառավարության առնչությամբ ամենից հաճախ հնչող գնահատականներից է այն, որ սա ժամանակավոր կառավարություն է: Իհարկե լիովին հասկանալի է, որ խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու վերջնահանգրվանն է, որ դրել է հենց նոր կառավարության ղեկավարը, թավշյա հեղափոխության առաջնորդը: Եվ այդ իմաստով իհարկե ստացվում է, որ գործ ունենք մինչև ընտրություն աշխատող կառավարության հետ, որքան էլ պարզ չէ, թե այդ ընտրությունը երբ է տեղի ունենալու: Սակայն անհրաժեշտ է այդ իմաստով հասկանալի իրավիճակը առավել խորքում:
Փորձագիտական գրեթե բոլոր դիտարկումներում գերակշռում է միտքը, որ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ անցկացնել արտահերթ ընտրությունն ու արձանագրել հեղափոխության հաջողությունը և հաղթանակը: Այդ հանգամանքները դիտարկել ենք նաև մենք ձեզ հետ միասին, բազմիցս: Սակայն, երևի թե արժե այդուհանդերձ իրականությանը նայել նաև այլ կողմերից և փորձել հասկանալ, իսկ միարժե՞ք է արդյոք, որ Փաշինյանին անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ արտահերթ ընտրություն: Արդյո՞ք իրականությունն ավելի բազմազան ու բազմասցենար լինել չի կարող, հատկապես հաշվի առնելով այն, որ մենք ի վերջո ապրում ենք Հայաստանում, որտեղ հնարավոր է դարձել անհնարին թվացողը: Երբ մենք դիտարկում ենք նոր ձևավորված գործադիր մարմինը ժամանակավոր կառավարություն կամ այլ քաղաքական տերմինաբանությամբ, որովհետև իրավական, սահմանադրական առումով չկա այդպիսի եզր, ապա անհրաժեշտ է նախ հասկանալ՝ մենք համարո՞ւմ ենք հեղափոխությունն ավարտված, թե՞ ոչ: Ժամանակավոր կառավարության մասին թեկուզ քաղաքական եզրույթի մասով կարող ենք խոսել, եթե տալիս ենք դրական պատասխան հեղափոխության ավարտված լինելու մասին հարցին: Եթե պրոցեսը մտել է քաղաքական համակարգի տրամաբանություն, ապա իհարկե արդեն գործ ունենք ժամանակավոր կառավարության հետ, կամ իրավիճակի հետ, երբ կա փոքրամասնության կառավարություն: Բայց, արդյո՞ք հեղափոխությունն իսկապես ավարտված է, թե՞ պարզապես տեղափոխված է այլ դաշտ: Եվ այստեղ է, որ կարող է տեղի ունենալ թյուրըմբռնումը, որը պետք է պարզաբանվի ընդհուպ հանրության մակարդակում: Հեղափոխությունն ավարտված չէ և գործընթացները պետք է դիտարկել շարունակվող հեղափոխության համատեքստում:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում