Ապրիլի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ կենտրոն է ահազանգել մի քաղաքացի ու հայտնել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը էլեկտրասյուներից մեկի մոտ հայտնաբերեց Նոր Խարբերդի բնակիչ, 29-ամյա Ա․Հ․-ի դին։ Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով։
Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ կատարվածը բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռք բերած օպերատիվ տեղեկություններով, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Արագածոտնի և Արարատի մարզային վարչությունների, ոստիկանության Աշտարակի և Մասիսի բաժինների աշխատակիցների հետ, պարզվեց, որ ապրիլի 25-ին, ժամը 15։00-ի սահմաններում Ա․Հ-ն հանդիպել է ընկերների՝ գյումրեցի, 27-ամյա Ռուբեն Շուխյանի և Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 29-ամյա Վարազդատ Մելքոնյանի հետ։
Մայիսի 24-ին Շուխյանն ու Մելքոնյանը հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք։
Պարզվել է, որ ընկերները, մայրաքաղաքի «Տեցի կռուգ» կոչվող հատվածում Մելքոնյանի վարած «Օպել» մակնիշի մեքենայում օգտագործել են նախապես ձեռք բերված «Սփայս» տեսակի թմրամիջոց։ Ա․Հ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, անկանոն շարժումներ է արել, գլուխը խփելով մեքենայի սրահի տարբեր հատվածների՝ մահացել է։ Ռուբեն Շուխյանն ու Վարազդատ Մելքոնյանը անակնկալի են եկել, դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ, թողել այդտեղ ու հեռացել։
Քննությունը շարունակվում է։
ՀՀ ոստիկանություն