Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ սփյուռքահայերին. «Ամեն ինչ կանենք՝ համախմբման ազդակը մշտական քաղաքական գործոնի վերածելու համար»

Մայիս 25,2018 10:22

ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում հիմնադրամի վարչության նախորդ տարվա գործունեության հաշվետվության ներկայացումն է: Մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, հյուրեր սփյուռքի հայ համայնքներից:

Նախագահ Արմեն Սարգսյանը, դիմելով հյուրերին, անդրադարձավ ՀՀ վերջին ներքաղաքական իրադարձություններին՝ ընդգծելով՝ փոփոխությունները կարող են տեղի ունենալ խաղաղ ճանապարհով:

Ապա նա Նիկոլ Փաշինյանին խնդրեց ներկայացնել առկա քաղաքական իրավիճակը: Վարչապետը նախ խոսեց հիմնադրամի մասին՝ ընդգծելով, որ ՀՀ-ի անկախացման առաջին եւ հետագա տարիներին հիմնադրամի դերակատարումը շատ մեծ էր. «Այն դարձավ ՀՀ-ի իշխանության հանդեպ սփյուռքի վստահության ցուցիչը: Հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է լուրջ ազդակներ ստանալ սփյուռքի մտահոգությունների մասին»:

Ինչ վերաբերում է քաղաքական օրակարգին, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Վերջին քաղաքական գործընթացները համազգային համախմբման նոր ազդակ են դարձել: Ամեն ինչ պետք է անենք եւ վստահաբար կանենք՝ այդ համախմբման ազդակը քաղաքական արդյունքի եւ մշտական քաղաքական գործոնի վերածելու համար»:

Վարչապետը սփյուռքի գործընկերներին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից կարեւորագույնը ՀՀ-ի քաղաքացիների հաղթանակի զգացումը պահպանելն է. «Մեծագույն քաղաքական խնդիրը եղել է քաղաքացիների կողմից իշխանության ձեւավորման իրավունքի անձեռնմխելիությունը: Կարծում եմ՝ մեր երկրում խնդիրները խորացել են այն ժամանակներից, երբ հանրությունը սկսել է չվստահել ընտրությունների արդյունքներին: Մեր խնդիրն է, որպեսզի այսուհետ ՀՀ-ում տեղի ունեցած ցանկացած ընտրության արդյունքով իրեն հաղթանակած զգա ՀՀ քաղաքացին»:

Վարչապետը հավելեց, որ կառավարության առաքելությունների թվում առաջնահերթ տեղ է զբաղեցնում նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը, որի առնչությամբ արդեն իսկ հաջողություններ են գրանցվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031