Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական խորամանկություն ենք արել, մանեւրել ենք, բա տենց են անում, բա ո՞նց»

Մայիս 25,2018 15:00

«Ելքի» նորընտիր պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ արտահերթ ընտրությունների, ԲՀԿ-ի ……«ախորժակի» ու ստեղծված իրավիճակի մասին

Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության առջեւ լուրջ մարտահրավերներ է տեսնում: Նա ԱԺ-ում խոսեց արտաքին ագրեսիայի մասին՝ Փաշինյանին հիշեցնելով Սաակաշվիլու ճակատագիրը, որ հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացրեց, այնուհանդերձ, 2008-ի օգոստոսյան պատերազմը պարտվեց:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Ելքի» նորընտիր պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց. «Շատ ժամանակ նմանատիպ պարտությունը քաղաքական ուժը կարող է վերագրել իրեն որպես հաղթանակ, որովհետեւ ինքը այնպիսի համակարգ է ստեղծում երկրում, այնպիսի դեմոկրատական ինստիտուտներ է ստեղծում, այնպիսի մթնոլորտ, որի արդյունքում ինքը պարտվում է, ոչ թե մոնոպոլիզացնում է ամեն ինչ եւ ամեն ինչ անում, որ իշխանությունը պահի իր ձեռքում: Մենք ամեն ինչ կանենք, որ ժողովրդի սպասումներն արդարացնենք, բայց միգուցե մենք չկարողանանք հասցնել այդ աստիճանի, եւ հաջորդ ընտրություններին՝ 5 տարի հետո ժողովուրդը մեզ այնքան ձայն չտա, ինչքան կարող ենք ակնկալել, բայց դա համարել պարտություն՝ ես համաձայն չեմ»:
Մենք հետաքրքրվեցինք, թե Աղազարյանն ինչպես է պատկերացնում արտահերթ ընտրությունների գնալը, երբ Փաշինյանը կարծում է, որ դա անհրաժեշտություն է, իսկ ՀՀԿ-ն կարծում է, որ անհրաժեշտություն չի: Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Ի պատիվ ՀՀԿ-ականների՝ իրենց պահվածքն այս ընթացքում բավականին ադեկվատ է, լավ է, բայց բոլոր դեպքերում ստեղծված քաղաքական իրավիճակն աննորմալ է: Չի կարող փոքրամասնությունը լինել իշխանություն: Հետեւաբար դա պետք է շտկվի: Ոչ թե հակամարտության խնդիր կա այստեղ, այլ դիսոնանսը պետք է շտկվի այն իմաստով, որ իշխող ուժը նաեւ խորհրդարանում պետք է հենարան ունենա, որ կարողանա իր գիծն իրականացնել: Հո մենակ էլեմենտար երկիրը ղեկավարելու հարցը չի՞, բյուջեն փող լցնել, աշխատավարձ տալ ու մյուսը, զարգացում պետք է ապահովել, որպեսզի երկիրը զարգանա, իսկ դրա համար լուրջ ծրագրեր են պետք իրականացնել: Դա հնարավոր է անել, երբ կառավարությունը լուրջ հենարան ունի ԱԺ-ում: Կարող եք ասել՝ հենա՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ից մի քանի հոգի կաջակցեն, բայց վստահ չեմ, որ այս իրավիճակը արտահայտում է ժողովրդի մոտ եղած տրամադրությունը»:

Մեր դիտարկմանը, որ Սեյրան Սարոյանն ասաց, որ խելոք «դեպուտատ ենք, Նիկոլը ինչ թուղթ կբերա՝ կնոպկեն կսեղմենք», Աղազարյանն արձագանքեց. «Չէ: Երբ որ հարցը հասնի այնպիսի ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի, իրենք չեն անի դա: Երբ իրենց իշխանությանը սպառնացող վտանգ լինի: Ես ուղղակի կոչ կանեի, կխնդրեի ՀՀԿ-ական մեր գործընկերներին, որ այն մթնոլորտը, որն այս պահին շարունակում է տիրել ժողովրդի մոտ, իրենք էլ մասը կազմեն այդ մթնոլորտի եւ իրենցից կախված ամեն ինչ անեն՝ այդ մթնոլորտն ապահովելու համար»: Մենք հարցրինք՝ ի՞նչ եք ակնկալում անեն, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Թող համաձայնեն արտահերթ ընտրությունների, կոնսենսուսով գնանք արտահերթի: Թող լինեն արդար ընտրություններ: Չէ՞ որ մենք հիմա ինչքան էլ խոսենք, կոռեկտություն ցուցաբերենք իրար հանդեպ, ընտրությունները ախր միշտ էլ կեղծված են եղել, գրողը տանի: Ոչ թե թվաբանական իմաստով, հենց թեկուզ մթնոլորտի, հոգեբանական իմաստով: Նիկոլ Փաշինյանը մի անգամ ասել է՝ կոնցլագերում ի՞նչ ընտրություններ: Էդ ձեւ էր, էլի: Հիմա կարո՞ղ է մեկը ժխտում է, որ փող է բաժանվել, չեն կարող, չէ՞, ժխտել»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները չեն ընդունում, ասում են՝ «Ելքը» ճանաչել է ընտրությունների արդյունքները, չի եղել բողոք, Հովիկ Աղազարյանը ծիծաղեց. «Քաղաքական խորամանկություն ենք արել, մանեւրել ենք, բա տենց են անում, բա ո՞նց»:
Մեր հարցին՝ բացի այն, որ կարելի է գործարքի գնալ ՀՀԿ-ականների հետ, բանակցել արտահերթ ընտրությունների անցկացման հարցով, ուրիշ ի՞նչ տարբերակ կա, որ նրանց կարելի է ստիպել գնալ արտահերթի, երբ որ դա նրանց ձեռնտու չէ, փաստացի իրենք իշխանություն են օրենսդիրում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Ես ինչքանով տեղյակ եմ Սահմանադրության այդ մասին, կա հանրաքվեի տարբերակը: Ինչքանով տեղյակ եմ, հանրաքվեի ճանապարհով կարելի է այդ հարցը լուծել… Կարող է պատահի մի քանի ամիս հետո ժողովուրդը գցի-բռնի՝ ով ոնց է, գտնի, որ, օրինակ, Շարմազանովը պետք է լինի ԱԺ-ում, Աշոտյանը պետք է լինի, ենթադրենք, ու ստեղծվի առողջ խորհրդարան»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ Ծառուկյանի վարկանիշն այնքան բարձր է, որ արտահերթ ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն հավակնում է բացարձակ մեծամասնություն դառնալ: ԲՀԿ-ի այդ «ախորժակի» առնչությամբ Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Դե հիմա միշտ էլ սպորտային միջոցառումները, եթե նայում ենք, յուրաքանչյուրը կարծում է, որ ինքն արդեն չեմպիոն է, ոչ մի խանգարող հանգամանք չի կարող լինել: Եթե արդար ընտրություններում առանց փող բաժանելու «Ծառուկյան» դաշինքը այդ հաջողությունը կունենա, անձամբ ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք, որ մենք այդ հաջողությունն ունենանք: Ես կարծում եմ, որ մենք պետք է հավակնենք դրան»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

24.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031