Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թավշյա հեղափոխությունն» ու Արցախը-2

Մայիս 25,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Անկարայի անհասկանալի արձագանքը

Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելը ոչ միայն ԼՂ խնդրով՝ Բաքվից, այնպես էլ Թուրքիայից արձագանքների առիթ հանդիսացավ:

Նախ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, մայիսի 11-ին պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Յըլդըրըմը, մասնավորապես, ասել էր. «Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, հրաժարվի այդ ամենից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ, ուսումնասիրելով մանրամասները, համարժեք պատասխան կտանք: Մենք չենք ցանկանում որեւէ մեկի, հատկապես մեր հարեւանների հետ թշնամություն անել: Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն»:

Մի քանի օր անց այս հայտարարությունից Լոնդոնում՝ Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում Թուրքիայի նախագահն էր անդրադարձել նույն թեմային: «Թուրքիան սատարում է Կովկասում եւ Միջին Ասիայում մնայուն խաղաղությանը, զարգացմանն ու բարօրությանը ուղղված բոլոր ջանքերը: Այս դրական պատկերից դուրս մնացած միակ երկիրը Հայաստանն է: Մենք սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ մոտեցում եւ ողջամտություն կցուցաբերի»,- ասել էր Ռեջեփ Էրդողանը՝ առանց մանրամասնելու, թե խելամիտ դիրքորոշում ասելով ինչ է ակնկալում հայկական կողմից:

Պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, մեղմ ասած, անհասկանալի է, երբ Հայաստանին են մեղադրում «թշնամական դիրքորոշում» ունենալու կամ «Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներ» ունենալու մեջ: Հայաստանի որեւէ իշխանություն Թուրքիայի տարածքային ամբողջականության դեմ հանդես չի եկել, Թուրքիայի սահմանների նկատմամբ պահանջներ չի ներկայացրել: Այս առումով Անկարայի «ուղերձները» Հայաստանի նոր կառավարությանն առավելապես չկարգավորված հարաբերությունները թերեւս նույն իրավիճակում պահելուն են ուղղված:

ՀՀ նոր ղեկավարության հետ ծրագրում են հանդիպել հունիսին

Մայիսի կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպեցին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ համանախագահները եւ Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ մղելու տարբերակները: Մամեդյարովն իր հերթին պատրաստակամություն է հայտնել որքան հնարավոր է շուտ սկսել ակտիվ բանակցությունները: Հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահներն ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարության հետ հանդիպել հունիսին:

Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե պատրաստ է ինտենսիվ բանակցություններ վարել ԼՂ խնդիրը շուտափույթ կարգավորելու համար: Էլմար Մամեդյարովի եւ համանախագահների՝ Փարիզում կայացած հանդիպումից հետո էլ ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտնել էր. «Հանդիպմանը ընդգծվեց ինտենսիվ բանակցությունները շարունակելու կարեւորությունը՝ հաշվի առնելով այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ընտրական գործընթացներն արդեն ավարտվել են»: Ըստ խոսնակի՝ Մամեդյարովը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է դրան: Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպմանը քննարկվել են նաեւ այն քայլերը, որոնք մտադիր են ձեռնարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ կարգավորումն առաջ տանելու համար:

ՀՀ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ

Այսպես, Բաքուն ցույց է տալիս, թե իբր Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների: Միաժամանակ, սակայն, նկատելի է, որ Ադրբեջանը գործի է դրել նաեւ ռազմատենչ քաղաքականություն: Օրեր առաջ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է. «Նախիջեւանում տեղակայված ժամանակակից սպառազինությունը, այդ թվում՝ հեռահար հրթիռները, ի զորու են ոչնչացնելու թշնամու ցանկացած ռազմական թիրախ»:

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը օրերս նշել էր, որ ադրբեջանական ԶՈՒ-երը ՀՀ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը: «Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաեւ այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն եւ, որպես հետեւանք, զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից եւ զգուշացնում են, որ որեւէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա»,- ասել էր նա:

«Նախիջեւանի հատվածում Ադրբեջանի կողմից կատարվում են որոշակի աշխատանքներ, որոնք անմիջական վտանգ են ստեղծում մեր դիրքերի համար»,- ԱԳՆ-ում օրերս լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից Նախիջեւանի հատվածում իրենց իսկ դիրքերի բարելավմանն ուղղված ինժեներական գործողություններին՝ ասել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ «դիրքային փոփոխություն որեւէ հատվածում թույլ չենք տալու»:

Իրողություններ են փոխվել. «Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր է»

Այս շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը նշեց, որ «Արցախն ավելի շատ պետք է ներգրավվի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, եւ դա պարտադիր պայման է տեւական խաղաղության հասնելու համար»: Միաժամանակ նա հավելեց, որ դա նոր բան չէ. «Դա տարիներ շարունակ ասել ենք եւ շարունակում ենք ասել: Պարզապես այժմ իրողություններ են փոխվել, եւ դրա մասին թե՛ հանրապետության վարչապետն է ասել, թե՛ այլ ձեւաչափերով խոսվել է, որը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում»: Պաշտոնական Երեւանը ինչպե՞ս է պատկերացնում բանակցություններում Ստեփանակերտի ներգրավվածության ավելացումը՝ հարցին պատասխանելիս նա պարզաբանել էր. «Ղարաբաղն այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններում, կան փաստաթղթեր, որոնցում նշվում է բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտության մասին: Խնդիրն այլ է՝ Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ: Ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական արդյունքը՝ 1994թ. զինադադարի հաստատումը, եղել է Ղարաբաղի եւ Ադրբեջանի ուղիղ բանակցությունների արդյունքում:

Գիտեք, որ Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավար Ռոբերտ Քոչարյանը եւ Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հեյդար Ալիեւը հանդիպումներ են անցկացրել: Գիտեք, որ եղել է ուղիղ նամակագրություն, կարծում եմ՝ Կազիմիրովի գրքին բոլորդ ծանոթ եք: Մեր խնդիրն այսօր հետեւյալն է՝ որ Ադրբեջանի իշխանությունը, որը 2003-ից բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ ամուր, տեւական կարգավորման հասնելու ճանապարհը Ղարաբաղի հետ բանակցելն է: Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից: Այո, մենք որպես Հայաստան, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, շարունակելու ենք բանակցությունները՝ միեւնույն ժամանակ ասելով, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է՝ հստակ, հավասարակշիռ եւ տեւական խաղաղության հասնելու համար»:

Այսպես, Նիկոլ Փաշինյանի վարչապետության առաջին ազդակները Ալիեւին, որ պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում, բայց նաեւ համարում է, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը, որոշակի հետեւանքներ ունեցան: Բաքուն հստակ հասկացնել տվեց, որ «փոփոխված իրողություններին» դեմ է, ասել է թե՝ Արցախի ներգրավմանը բանակցային գործընթացում:

Դոնալդ Թրամփի շնորհավորանքն ու Արցախը

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Սպիտակ տան ղեկավարը Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում նշել էր. «Անհամբերությամբ եմ սպասում մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում` առեւտրի, ժողովրդավարական ինստիտուտների եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում: Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական բոլոր ուժերի համախմբումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին եւ կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան»:

Մինչ այժմ Մոսկվան ու Վաշինգտոնը բազմաթիվ անգամներ շեշտել են, որ միասնական են հանդես գալիս ԼՂ կարգավորման հարցում: Հայաստանյան նոր իրողությունների, Ադրբեջանի սաստկացած «ակնկալիքների» ֆոնին ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումը: Ի վերջո, Արցախի նկատմամբ դիրքորոշումը Հարավային Կովկասում շահերի հարց է, հարց, որից կախված է տարածաշրջանում կայունության պահպանման առաջնահերթություններում գերտերությունների մոտեցումը:

Արցախը՝ դիվանագիտական ճակատի առաջնահերթությունների շարքում

Հայաստանի դիվանագիտական ճակատում առաջնահերթությունների շարքում եղել եւ մնալու է Արցախն այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի վստահություն, որ Արցախի անվտանգությունն ու զարգացումն ընթանում են իրենց բնականոն ուղով՝ Արցախում լրագրողների հարցադրմանն ի պատասխան անցյալ շաբաթ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նորանշանակ նախարարն անդրադարձել էր իր եւ Արցախի նախագահի հանդիպմանն ու նշել, որ քննարկել են հայության համար Արցախի դերի եւ այլ հարցեր. «Մենք խոսել ենք սկզբունքների մասին, խոսել ենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի համար, խոսել ենք Արցախի անվտանգության, Արցախի զարգացման մասին: Խոսել ենք նաեւ այն մասին, որ Արցախը վերաբերում է ողջ հայությանը, որովհետեւ մեր ինքնության այս շրջանի պատմության կարեւորագույն սյուներից Արցախն ամենակարեւորն է: Եվ այդ առումով սա մեր միասնական պատասխանատվությունն է»: ՀՀ ԱԳ նախարարը նկատել է, որ Արցախում այս շրջանում մարդիկ ապրում են յուրահատուկ պայմաններում, եւ դա չզգալը անընդունելի ու անկարելի է. «Յուրահատուկ պայմաններ են այն առումով, որ կա վտանգ, կա հակառակորդ, կա ֆիզիկական անվտանգության հարց: Եվ մեր համախմբվածությունը եւ մեր միասնական ուժը վերաբերում է բոլորիս: Սա բոլորիս հարցն է: Այդ առումով է, որ չափազանց կարեւոր է լինել այստեղ, զգալ այդ ոգին, այդ պատասխանատվությունը եւ կրել այդ պատասխանատվությունը»:

Սկիզբը՝ այստեղ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 24.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031