Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապիտալը ո՛չ լեզու ունի, ո՛չ հայրենիք, ոչ էլ սիրած»

Մայիս 25,2018 14:30

Մոսկվայի էկոնոմիկայի, մենեջմենթի եւ ինովացիայի ինստիտուտի պրոֆեսոր Արտաշես Միքայելյանը այս օրերին գտնվում է Հայաստանում` վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված իր առաջարկությունները ներկայացնելու: Պարոն Միքայելյանը ոչ բնական է համարում, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանում տեւում է 25 տարի՝ այն դեպքում, երբ մի շարք երկրներ այն հաղթահարում են 7-8 տարում: Նրա համոզմամբ՝ պատճառներից մեկն այն է, որ 25 տարի անընդհատ ոչնչացվում է ազգային արդյունաբերությունը: Եվ այսօր, երբ Նիկոլ Փաշինյանի միջոցով այդ փոփոխությունները տեղի են ունեցել, առաջին գործողություններից մեկը, ըստ տնտեսագետի, պետք է լինի ՀՀ Սահմանադրության մեջ կարեւոր կետեր ամրագրելը, ինչը հնարավորություն կընձեռի պետությանը ոչ թե դառնալ սոսկ գործիք, այլ կարգավորիչ դեր կատարել. «Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրների Սահմանադրությունների հիմքը եղել է` իշխանությունը ժողովրդի համար է, այլ ոչ թե ժողովուրդն իշխանության համար: Հայաստանը կատարյալ մի կառույց է, որտեղ գերազանցապես իշխում էր երկրորդ մոդելը` ժողովուրդն իշխանության համար: Այդ մոդելը շնորհիվ մեր Սահմանադրության է, ինչի արդյունքում Հայաստանում արդյունաբերական հազարավոր ձեռնարկություններ ոչնչացվեցին»:

Պարոն Միքայելյանը, որը նաեւ Մոսկվայի Հայկական համայնքի խորհրդի անդամ է, խիստ վերապահումով է մոտենում ռուսաստանաբնակ հայազգի գործարարների, մեծահարուստների կողմից ստեղծված «Ներդրողների ակումբի» գործունեությանը, որը պետք է ներդրումներ բերեր Հայաստան: Նրա խոսքով՝ օրինաչափորեն, տնտեսագիտորեն նրանց ներդրած կապիտալը Հայաստանը ստրկացնելու քաղաքականություն է իր մեջ պարունակում.
«Երբեւէ պետք չէ շփոթել այդ կապիտալի ակտիվության, նրա զգալի ծավալային կշռի առկայությունը եւ հայ-ռուսական հարաբերությունները»:

Ինչ վերաբերում է այն կոչերին, որ Սփյուռքը Հայաստանում ներդրումներ կատարի, ապա Արտաշես Միքայելյանը կարծում է, որ դա չի կարող տեղի ունենալ, մինչեւ որ Սփյուռքը երկրում իր ներկայացուցչությունը չունենա. «Այսինքն` Սփյուռքի նկատմամբ պետք է լինի ինստիտուցիոնալ որոշում: Հայաստան-Սփյուռք համաժողովից հետո ես այդ մասին նամակ եմ գրել կառավարություն: Եթե օրենսդրական կառույցներում լինի Սփյուռքի ներկայացուցչական-իրավական ինստիտուտ, ապա անպայման աշխարհի 170 երկրներում գտնվող հայերը, իմանալով, որ այստեղ ավելի նպաստավոր պայմաններ են, միանշանակ իրենց գումարները կներդնեն այստեղ: Ընդհանրապես կապիտալը ո՛չ լեզու ունի, ո՛չ հայրենիք, ո՛չ էլ սիրած: Կապիտալն այնտեղ է, որտեղ ավելի բարձր շահույթ կա: Եթե այստեղ այդ նպաստավոր իրավական նախադրյալները ստեղծվեն, կգան:
Բայց այսօր մեր հասարակության մեջ Սփյուռքը մի տուրիստական օջախ է, որտեղից գալիս են համաժողովների: Վեց համաժողով է տեղի ունեցել, բայց ոչ մի ռեալ արդյունք գրեթե չունենք: Լավ կլիներ, որ Սփյուռքի համաժողովներից հետո ընկերությունները, մեծահարուստները, գիտական-տեխնիկական գործիչները նստեին մի սեղանի շուրջ, ինչպես Դավոսում է արվում, տնտեսական համագործակցության պայմանագրեր կնքեին: Այդպիսին չկա: Ինչու չկա, որովհետեւ Սփյուռքը ներքին վախ ունի, հարյուրավոր օրինակներ կան, որ մարդիկ կապիտալը ներդնում են, եւ այդ գումարները դնելուց հետո գլխին մի փորձանք են խաղում»:

Պարոն Միքայելյանը մեզ հետ զրույցում պատմեց նաեւ իր գլխին եկածը, երբ փորձել է Հայաստանում ներդրում անել՝ խմելու ջրի բիզնես բացել:
Նրա խոսքով՝ 240 հազար դոլար ներդրում է կատարել, եւ երբ տեսել են, որ նրա արտադրանքը մրցունակ է ռուսական շուկայում եւ միտում ունի ծավալներն ավելանալու, գործարարի գլխին «սարքել» են:

Բիզնեսի հաջողության գրավականը, ըստ տնտեսագետի, եղել է այն, որ ռուսական շուկայում իր արտադրած ջուրը հնարամիտ տարբերակով է գովազդել, եւ արտադրությունն էլ նորագույն տեխնոլոգիաներով է կազմակերպել. «Գովազդային նյութերում հայոց ջրերի պատմությունն էի արել, ջուրն ամենաէրոգեն էլեմենտն է բնության մեջ, եւ ջրի շշալցման գործընթացում հայկական երաժշտություն էր հնչում, Արամ Խաչատրյանի դասական երաժշտությունը, եւ ջուրը դրանից դառնում էր ավելի էներգետիկ:

Հայաստանում ստեղված արտադրանքը անմիջապես մտավ ռուսական շուկա: Համաշխարհային ջրի արտադրության ոլորտում դա նոր երեւույթ էր: Ջուրն արտահանել էի Տյումեն, եւ մեկ շաբաթվա ընթացքում մեծ խմբաքանակ միանգամից սպառվեց: Երբ այստեղ հասկացան, որ իմ արտադրանքը մրցունակ է, այնպես կազմակերպեցին, որ արտադրվի վատորակ ջուր: Եկա տեսա՝ երեք կառույց, այդ թվում եւ լաբորատորիան, ջրի որակին բացասական պատասխան են տվել, պարզվեց՝ ջրի արտադրության ժամանակ ֆիլտրերը չէին միացրել, եւ տարաները շշալցվել էին չմաքրված ջրով, եւ շշերում հայտնվել էին շարժվող էակներ: 70 հազար շիշ այդպես էր շշալցվել, որը մինչ օրս ինչ-որ պահեստում մնում է»:

Արտաշես Միքայելյանը դիմել է դատարան, սակայն գործի պաշտպանությունը հեղինակած փաստաբանը, որը կառավարությունում մի բարձրաստիճան պաշտոնյայի եղբայր է եղել, սկզբում պայմանավորվել է, որ գործը հաղթելու դեպքում գումարի 30 տոկոսը պետք է գործարարն իրեն տա, սակայն պայմանավորվածությունը խախտել է` պահանջելով 50 տոկոսը:

Պարոն Միքայելյանի խոսքով՝ այդ պահից սկսած որոշել է դադարեցնել գործընթացը եւ ջրի արտադրությունը:

Նրա համոզմամբ, սակայն, այսօր մարդիկ հնարավորություն ունեն իրենց պոտենցիալն օգտագործելու. «Հայաստանում կա հզոր գիտատեխնիկական, ինտելեկտուալ պոտենցիալ, եւ գոյություն ունի նաեւ գենետիկական պոտենցիալ: Նույն հայը, որն այսօր Հայաստանից մեկնում է, աղքատ գնում է, բայց անմիջապես աղքատության վերմակն իր վրայից գցում է, ինչո՞ւ, որովհետեւ կա ազատ շուկայական հարաբերություն, ձեռներեցության նկատմամբ չկա վայրենի մենաշնորհային մոտեցում, ինչպիսին որ կա Հայաստանում: Հայաստանը համաշխարհային տնտեսագիտության մեջ բացարձակ օրինակ է ամենագռեհիկ տնտեսություն վարելու»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

24.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031