Հարցազրույց Գերմանիայում քաղապաստան գտած հայի՝ Ավետիս Սադոյանի հետ
– Պարոն Սադոյան, Դուք տասնյակ տարիներ եղել եք Մայր բուհի ճանաչված դասախոսներից, հիմա արտերկրում եք: Երբ գնացիք:
– Այո, տասնյոթ տարի դասավանդել եմ ԵՊՀ-ում, Ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնում։ Հիշում եմ, ուսանողական տարիներին էր, երբ մեր ամբիոնի այն ժամանակ դեռ դոցենտ Արմեն Սարգսյանը, ով Քեմբրիջի համալսարանից նոր էր վերադարձել, որոշել էր հանդիպել ուսանողների հետ։ Կարելի է ասել, այդ հանդիպումը շրջադարձային էր իմ գիտական ապագայի համար: Այն ժամանակ արգելվում էր համակարգիչների ներկրումը, իսկ Արմենը կարողացել էր XT համակարգիչ բերել՝ հետագայում հանձնեցինք այդ համակարգիչը Համալսարանի պատմության թանգարան, չգիտեմ՝ մնացել է մինչեւ հիմա, թե ոչ: Այդ մի համակարգչի բազայի վրա էլ ստեղծվեց «Բարդ ֆիզիկական պրոցեսների համակարգչային մոդելավորման մասնագիտացումը»: Մեկ համակարգիչը դարձավ երկու, հետո ողջ համակարգչային սենյակ՝ կիրառականի համակարգչային լսարանից հինգ տարի ավելի շուտ։
Մասնագիտացման առաջին շրջանավարտն էի, անմիջապես մնացի համալսարանում եւ կարճ ժամանակ անց սկսեցի դասավանդել։ Սկզբնական շրջանում ստիպված էի միշտ փողկապ կրել, որ ուսանողներից, որոնք հաճախ ինձնից տարիքով մեծ էին, տարբերվեմ։ Հետագայում պիտի հասկանայի, որ դասախոսը արտաքինով չի, որ տարբերվում է, համալսարանի դասախոսին մատով պիտի ցույց տան: Արմեն Սարգսյանը գնաց դիվանագիտական աշխատանքի, իսկ մասնագիտացումը, որ հասցրել էր կարճ ժամանակում լայն ճանաչում ստանալ, ամբիոն դառնալու փոխարեն փակվեց՝ համալսարանի տարեց դասախոսների թեթեւ ձեռքով, որոնք, հավանաբար, համակարգչային գիտություններն անհեռանկարային էին համարում։ Տվեցինք յոթանասունից ավելի շրջանավարտ, որոնք այժմ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող գիտական կենտրոններում են աշխատում…Մնալով տեսական ֆիզիկայի ամբիոնում, շարունակեցի հետազոտությունները գերխիտ աստղային կոնֆիգուրացիաների համակարգչային մոդելավորման ոլորտում, կոլեգաների հետ հիմնեցինք «Գրավիտացիոն ալիքների աղբյուրների ուսումնասիրությունների ուղղությունը» Հայաստանում, ստացանք միջազգային դրամաշնորհներ, հասցրեցի կազմակերպել առաջին եւ առայժմ միակ միջազգային գիտաժողովը տարածաշրջանում գրավիտացիոն ալիքների թեմայով։ Ցավոք, իմ հեռանալուց հետո այդ ուղղությունը բառացիորեն արմատախիլ արվեց, այնինչ անցյալ տարի ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվեց հենց Գրավիտացիոն ալիքների ուսումնասիրության համար։
– Դուք նաեւ ակտիվ քաղաքականությամբ էիք զբաղվում:
– Բնականաբար, քաղաքականության մեջ չներգրավված լինել չէի կարող: Մասնակցել եմ Շարժմանը ամենասկզբից, եղել ՀՀՇ, այնուհետեւ՝ ԱԺՄ հիմնադիր համագումարների մասնակից, ակտիվ մասնակցել եմ ընտրական գործընթացներին, 1996թ. ընտրությունների ժամանակ հաղթած թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի համակարգչային բաժնի ղեկավարն էի։ Կիրառել եմ համակարգչային մոդելավորման հմտությունները ընտրությունների արդյունքների ուսումնասիրման համար, նշեմ, որ 1998թ. ընտրությունների մշակման ժամանակ գտանք, որ Ռոբերտ Քոչարյանը ընդամենը 17 տոկոս էր ստացել, որից հետո ինձ համալսարանում հրավիրեցին առանձնազրույցի՝ պարզելու, թե որտեղից եմ այդ՝ համարյա գաղտնի տվյալները ձեռք բերել։ Նշեմ, որ 1995-ից սկսած, ընտրություններից ընտրություն արդյունքների կեղծման մեթոդները կատարելագործվել են, իսկ վերջին ԱԺ ընտրությունների ընթացքում կեղծիքի մեխանիզմը հասցվել է կատարելագործության, այնպես որ, իմ գիտական հետազոտությունների հիման վրա ուղղակի հորդորում եմ, մեծ հույսեր չկապել նոր ընտրությունների հետ, քանի դեռ ընտրություն իրականացնողները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մինչեւ տեղամասային հանձնաժողով չեն փոխվել:
– Ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել արտերկիր:
– Երբեք չեմ պատկերացրել, որ կարող է հայրենիքից դուրս ապրեմ, տարվա մեջ երկու-երեք անգամ մասնակցել եմ կոնֆերանսների արտերկրում, ստացել աշխատանքի հրավերներ, բայց միշտ վերադարձել եմ տուն։ Սակայն, մոտ կանգնած լինելով քաղաքական գործընթացներին, տեսնելով կառավարության գործելաոճը ներսից, ինձ համար պարզ դարձավ, որ սա ճանապարհ է դեպի կործանում։ Սրանից տասը տարի առաջ փոփոխությունների անհրաժեշտության հրամայականը դեռ չէր հասունացել ողջ բնակչության մոտ՝ պայքարողները մնում էին մեկուսացված եւ ստիպված էին լինում կանգնել իշխանությունների հետ համագործակցության կամ լռեցվել իշխանության զինանոցում եղած տարատեսակ մեթոդներով: Փորձեցի հակադրվել, մնացի մենակ՝ ենթարկվեցի քաղաքական հետապնդումների, որի արդյունքում ստիպված եղա ընտանյոք հանդերձ քաղաքական ապաստան խնդրել Գերմանիայում։ Երբ ցույց էին տալիս Նիկոլի՝ բանտից ազատման կադրերը, հիշեցի իմ սեփական ապրումները, երբ ձերբակալվել էի ու նույն դարպասներից ինձ ներս էին տանում։ Այն ժամանակ մտածում էի, ինչ եք անում, միեւնույն է՝ հաղթելու ենք, երբ է գալու այն բաղձալի պահը, երբ ժողովրդական զարթոնքի ալիքի վրա այս նույն դարպասներից հաղթանակով դուրս գանք: Նիկոլին հաջողվեց իրականացնել իմ երազանքը այդ դրվագով։
– Պարոն Սադոյան, Դուք քաղաքական ապաստան ստացած միակ հայն եք Գերմանիայում: Ինչ ասել է իրականում քաղապաստան, ինչ «արտոնություններ» ունեք, եւ ինչ մարտահրավերներ կան հայրենիքից:
– Քաղաքական ապաստան ստանալը դժվար գործընթաց է, երկար, քանի որ կարգավիճակը տարբերվում է փախստականի կամ հումանիտար, այսինքն՝ առողջական գծով ապաստանյալի կարգավիճակից։ Արդյունքում ստանում եք մեկ հեռախոսազանգով մուտքի մոտ շուրջօրյա ոստիկանական ծառայություն, մի շարք արտոնություններ: Իմ դեպքում վեց սենյականոց բնակարան Բեռլինի կենտրոնում։ Երկու տղա ունեինք մինչ քաղաքական ապաստանը, երկուսն էլ այստեղ ունեցանք։ Վանի մեր ընտանեկան տրադիցիայի համաձայն՝ տղաներին տրվում է պապերի անունները ավագության կարգով, հորս եւ մյուս հորեղբորս անուններով տղաներից հետո երրորդ որդիս Արշակ Ավետիսի Սադոյանն է, իր հանրահայտ պապից տարբերվում է միայն ծննդյան տարեթվով ու վայրով:
– Ի՞նչ սփյուռք ունենք իրականում: Արդյոք ա՞յն է, ինչի մասին գիտենք Հայաստանում:
– Սփյուռքը մի հսկա է, աժդահա, որի մասշտաբները պատկերացնելն անհնարին է։ Մենք չգիտենք մեր սփյուռքի ուժը, ուրիշները գիտեն ու ամեն գնով թմբիրի մեջ են պահում սփյուռքը, որ հանկարծ չարթնանա, վեր չկենա։ Եթե հանկարծ հաջողվի «քայլ արա» շարժումը տարածել սփյուռքում, քայլից ողջ աշխարհը կթնդա:: Հայաստանից սփյուռքը չի ընկալվում: Պիտի մեջը լինես, որ ամեն մի խոսքի, հայացքի արժեքը հասկանաս։ Այ, ես մի հատ հարց տամ՝ Հայաստանի համար ո՞ր բնագավառն է ամենառեսուրսայինը՝ քիմիական արդյունաբերությունը, տուրիզմը, ռազմական արդյունաբերությունը, թե՞ էներգետիկան։ Առաջին հայացքից ուժեղ է՝ Գազպրոմը չէ։ Բայց պատկերացրեք, որ ունենայինք մի իրավիճակ, որ գազի խողովակաշարը ոչ թե ողջ հանրապետությունն է ծածկում, այլ միայն էներգետիկայի նախարարությունը, մի երկու գործարան, ու հատ ու կենտ տներ մասնավոր սեկտորից։ Ի՞նչ կլիներ։ Այո, նույն վիճակը, ինչ սփյուռքն է հիմա։ Եթե ունես ռեսուրս՝ օրինակ, գազ, պետք է ունենաս նաեւ համակարգ՝ այդ ռեսուրսը ԲՈԼՈՐԻՆ հասանելի դարձնելու համար։ Պատկերավոր ասած՝ «խողովակաշար սփյուռքի համար», որ մտնում է ամեն տուն, որն, ի տարբերություն սովորական գազատարի, աշխատում է երկու ուղղություններով, դեպի Հայաստան՝ հանձինս նոր տեխնոլոգիաների, մտքերի, լուծումների եւ Հայաստանից հետ՝ մշակույթի, հայեցի կրթության, պատմական արժեքների արմատավորման տեսքով։ Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ մենք՝ հայերս, ողջ Օսմանյան կայսրությունը ծածկած ենք եղել առեւտրական ցանցով, գիտությունը, բժշկությունը, ոսկերչությունը, արհեստները եղել են մեր ձեռքում, ընդ որում՝ ցանցն աշխատել է առանց բանկի գոյության անհրաժեշտության: Եթե հալեպցի Դավթին սպիտակ կոշիկ է անհրաժեշտ եղել երեք ամիս հետո աղջկան ամուսնացելու համար, ապա նրան Կոստանդնուպոլսից արդեն ապրանքը ուղարկել են՝ ժամանակին տեղ հասնելու եւ հետագայում վճարվելու վստահությամբ։ Այդ համակարգը հնարավոր էր ոչնչացնել միմիայն համակարգի էլեմենտները ֆիզիկապես ոչնչացնելու ճանապարհով, իսկ հաջորդ սերուդներին էլ պատմական անցյալից կտրելու միջոցով, որ հանկարծ որեւիցե ձեւով Փյունիկը չվերակենդանանա։
– Ինչպիսի՞ դերակատարություն պետք է ունենան դեսպանատները մասնավորապես հիմա, երբ Հայաստանի ներքին կյանքը փոխվել է:
-Սփյուռքը դեռ չի գիտակցել նորանկախ պետության պաշտոնական կառույցների դերը, որն օրվա հրամայական է մրցունակ լինելու համար:
Դիտարկենք դեսպանատների աշխատանքները Գերմանիայի օրինակի վրա։ Գերմանիայում ՀՀ դեսպան պրն Սմբատյանը, չունենալով համապատասխան կրթություն, չտիրապետելով նույնիսկ անգլերեն լեզվին, նշանակվել է արտակարգ եւ լիազոր դեսպան Գերմանիայում։ Փոխանակ նոր կապեր ստեղծելու Հայաստանի եւ աշխարհի առաջատար տնտեսություններից մեկը հանդիսացող Գերմանիայի միջեւ, գիտական, կրթական փոխանակությունների աջակցելու, Գերմանիայի համարյա յուրաքանչյուր քաղաքում երկատված եւ իրար դեմ պայքարող հայկական համայնքները միացնելու աշխատանքներ տանելու, դեսպան Սմբատյանը զբաղված է եղել անհետաձգելի՝ այն է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամներին դիմավորելու եւ հիվանդանոցներում բուժման տեղավորելու շնորհակալ գործով։
Բռնապետական ռեժիմին մինչեւ ուղն ու ծուծը նվիրված, սեփական հայրենակիցների շահերի հաշվին կլանին ծառայած մարդն իրավունք չունի ներկայացնելու նորաստեղծ կառավարությանը այլ երկրում։
Օրերս Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության երդմնակալության արարողությունն էր, բոլոր 18 նախարարները նոր էին, ինչը Հայաստանի համար հույսի ճառագայթ է, վստահություն, որ հին ժամանակները չեն վերադառնա։ Հայաստանը ունի նաեւ քառասունից ավելի արտակարգ եւ լիազոր դեսպան, որոնք կարգավիճակով հավասարեցված են նախարարներին, իսկ լինում են դեպքեր, որ ավելի կարեւոր հարցեր են լուծում, քան նախարարը։ ՀՀ նոր կառավարությանը, ողջ սփյուռքի անունից, թախանձագին խնդրում ենք, գոնե հայտարարել, որ նախկին ռեժիմին բարեհաջող ծառայած բոլոր դեսպանները ետ կկանչվեն, իսկ նրանց փոխարեն կնշանակվեն նորերը։ Եթե ոչ, ապա զավեշտալի իրավիճակում ենք հայտնվում, ինչպես այսօր, երբ Սարգսյանի կառավարությունը ԳԴՀ-ում ներկայացրած պրն Սմբատյանը հրավիրվում էր Լայպցիգի համալսարան, դասախոսություն կարդալու՝ Հայաստանն այսօր նույնն է, թե Նացիոնալ սոցիալիստների պարտությունից հետո, նացիստական Գերմանիայի դեսպաններից որեւէ մեկին, որ ներկայացրել է Հիտլերի իշխանությունը մեկ այլ երկրում, հրավիրեին այդ երկրի համալսարան՝ դասախոսություն կարդալու՝ ինչպես տապալվեց Նացիոնալ սոցիալիստական դիկտատուրան թեմայով:
Հարզացրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
24.05.2018
Այդ ո՞ր հիմարն է այդտեսակ խայտառակ տեղեկություն տարածել, թե պարոն Ավետիս Սադոյանը Գերմանիայում «միակ» հայ քաղաքական ապաստաննէ: Եթե մի կողմ թողնենք միջին Արևլքից, Իրանից և հետխորհրդային հանրապետություններից Գերմանիայում քաղաքական ապսատան գտած հայերին, կարելի է միայն Հայաստանի ու Արցախի Հանրապետություններից Գերմանիայում քաղաքական ապաստան գտած հայերի թիվը հազարների հասնի: Այս տեսակ խայտառակ մոտեցումը և «միակ քաղապաստան» ներկայանալը վիրավորական է բոլոր մյուս քաղաքական ապաստանյալների համար: Պարոն Սադոյանի նման հայ «քաղաքական ապաստանյալներ», իհարկե, շատ կան աշխարհի տարբեր ծայրերում սփռված, ոգքեր ամեն ինչով զբաղվում են բացի քաղաքականությամբ: Քիչ ամոթ ունենալը լավ բան է: Այս նույն Ս՞ադոյանն էր, որ ապրիլի 21-ին Հայաստանի դեպանատան առջև ցույցի ժամանակ ջրի շիշը նետեց դեսպանատան պատուհանների ուղղությամբ, հաշվի չառնելով դրա ողբերգալի հեևանքը: Հենց պարոն Սադոյանի այդ արարքի պատճառով էլ երկրորդ անգամ՝ ապրիլի 30-ի ցույցի ժամանակ, ոստիկանությունը թույլ չտվեց ցույց ուղիղ դեսպանատան դիմաց տեղղի ունենա: Սա է Սադոյանների նմանների «քաղաքական» գործունեությունը:
Քաղաքական ապաստարանը փախստականի կարգավիճակից տարբեր է։ Անձամ քեզ Երվանդ հարցրել եմ Քյոլնում, երբ Սասնա ծռերի դեմոնստրացիայից հետո Ազատի հետ քեզ հրավիրել էինք մեր տանը հաց ուտելու,-արդյոք ճանաչում ես այլ քաղաքական ապսատարան ստացածի։Խնդրել էի, որ եթե մեկին իմանում ես ծաոթացնես։ Երկու տարվա մեջ մեկը չգտնվեց որ ծանոթացնեիր․․․․ Իսկ թե ինչու ես Դու, հենց անձամբ դու դեսպանատան ուղղությամբ նետված շշի մասին խոսում, այն պարագայում․ որ ոչ դեսպանը, ոչ դեսպանատան աշխատողները դրանով անհանգստացած չեն։ պատասխանը պարզ է՝ դեսպանի Սմբատյանը ունի վարձկան էակների՝ մարդ չեմ համարում նրանց,սարդոստայն, որ սպրդելով օպոզիցիայի շարքերը ներսից տարալուծում են շարժումը։ Այդ էակները ինքնաբացահայտվում են․․․․ Իսկ այ Թե ինչպես կանգնեցրիք Սասնա ծռերի հզոր շարժումը Գերմանիայում դեռ կգրեմ, դուք էլ հնարավորություն կունենաք արդարանալու, եթե , արդարանալիք ունեք