Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակին ֆինանսական խախտումների հետ առնչված օպերան օրերս հիանալի ներկայացավ

Մայիս 25,2018 13:30

Նշվեց Ալեքսանդր Հարությունյանի
«Սայաթ-Նովա» օպերայի ստեղծման 50-ամյակը

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ խաղացանկային հերթական՝ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի ներկայացումը: Մեծանուն կոմպոզիտորի հիշյալ օպերան ստեղծվել է կես դար առաջ՝ 1968թ., բեմադրող դիրիժորն էր Արամ Քաթանյանը, ռեժիսորը՝ Ռաֆայել Ջրբաշյանը, բեմադրության գեղարվեստական ղեկավարը՝ ռեժիսոր Վարդան Աճեմյանը, մի խոսքով՝ անվանի արվեստագետների խումբ: Մեկ տարի անց ներկայացման պրեմիերան էր, որտեղ մեծանուն Տաթեւիկ Սազանդարյանը հանդես է եկել Աննայի դերերգով, փաստորեն, նրա հրաժեշտն էր մեծ բեմին: Սայաթ-Նովայի դերերգով Վահան Միրաքյանն էր:

Հետագայում անվանի շատ երգիչներ էլ հանդես եկան գլխավոր դերերգերով, մեկ անգամ էլ օպերան ներկայացվեց Մեծ թատրոնում: Հետո, ինչպես ընդունված է խաղացանկային թատրոններում, ինչ-ինչ պատճառներով «Սայաթ-Նովայի» բեմական կյանքը կասեցվեց:
Թեեւ ծրագրված էր օպերան վերաբեմադրել 2010-ին՝ Ալ. Հարությունյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին, բայց միայն 40 տարի անց՝ 2011-ին այն բեմ վերադարձավ: Նոր «Սայաթ-Նովան» բեմադրելու առիթով հրավիրվել էր վրացի ճանաչված ռեժիսոր Գիզո Ջորդանիան, դիրիժորն էր Յուրի Դավթյանը: Պետբյուջեից հատկացվել էր 50 մլն դրամ: Սակայն բեմադրական աշխատանքներն ուղեկցվեցին աղմուկով… Վերահսկիչ պալատը ՀՀ մշակույթի նախարարությունում չարաշահումներ էր արձանագրել եւ կասկածի տակ դրել այս օպերայի բեմադրման համար բյուջետային միջոցների նպատակահարմարությունը: Ի դեպ, դեռեւս 2006թ. կառավարությունն իր պահուստային ֆոնդից շուրջ 14 մլն դրամ էր հատկացրել օպերայի բեմադրական աշխատանքների համար:

Տեսարան մերօրյա «Սայաթ-Նովայից», Աննա՝ Աննա Այվազյան, Սայաթ-Նովա՝ Հովհաննես Այվազյան:

Անցնենք մշակութային մասին. ծագել էին նաեւ ստեղծագործական խնդիրներ: Այդ առիթով «Առավոտի» հետաքրքրությանն ի պատասխան՝ օպերային թատրոնից հայտնել էին, թե պատճառը վրացի ռեժիսորի եւ Հարությունյանի ընտանիքի հետ ունեցած տարաձայնություններն են: Արդյունքում՝ Գիզո Ջորդանիան վերադարձավ Վրաստան, բեմադրությունը վստահվեց ռեժիսոր Արամ Սուքիասյանին: Նշենք, որ նոր բեմադրության պրոդյուսերը Ալ. Հարությունյանի դուստրն է՝ Նարինե Հարությունյանը, նկարչական ձեւավորողն էլ՝ կոմպոզիտորի թոռնուհին՝ Արաքսի Քուչուկյանը: Ժամանակին Նարինե Հարությունյանը բեմադրության առիթով մեզ ասել էր՝ «Նոր բեմադրության մեջ հարազատ եմ մնացել «թատրոն թատրոնի մեջ» շեքսպիրյան սկզբունքներին՝ օպերային բեմ բերելով ու բարձրակարգ երաժշտության հետ շաղախելով դրանք: Վստահ եմ՝ շեքսպիրյան սկզբունքները էլ ավելի վեր կբարձրացնեն ցանկացած երաժշտական բեմադրություն: Կարծում եմ՝ ինձ մոտ դա ստացվել է»:

Այս քնարական-դրամատիկական օպերայում հեղինակն օգտագործել է անվանի աշուղի մի քանի երգ: Օպերային բնորոշ են գունեղ զանգվածային տեսարաններն ու երաժշտական լեզվի պարզությունը: Հիանալի էր օրերս կայացած «Սայաթ-Նովան», որին ներկա էին նաեւ մեծ թվով զբոսաշրջիկներ: Նվագախումբը, երգչախումբը, մեներգիչները դիրիժոր Հարություն Արզումանյանի մեկնաբանմամբ իսկապես բարձրարվեստ ներկայացրին մեծակտավ այս ստեղծագործությունը: Գլխավոր դերերգերով հանդես եկան Աննա Այվազյանը՝ Աննա եւ Հովհաննես Այվազյանը՝ Սայաթ-Նովա:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

24.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Օրենքով տարեշրջանի բացման առաջին գործը պիտի լինի այս հրաշալի գործը, ուր իսկապես կա օպերային արվեստի բարյր որակ եւ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ մեր երաժշտական գրականության առաշին օպերան է Ալեքսանդր Հարությունյանի ՍԱՅԱԹ – ՆՈՎԱՆ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031