1-2 տասնամյակ առաջ շատերին թվում էր, թե կոռուպցիան, աղքատությունը, արտագաղթը, մենաշնորհները վտանգավոր չեն, ժողովուրդը կարող է ապրել նաեւ առանց ժողովրդավարության, նույնիսկ՝ կիսանկախ վիճակում: Ժամանակը ցույց տվեց հակառակը, եւ Հայաստանում կյանքը դժոխքի վերածվեց: Տեսակետ կա, թե նախորդ քաղաքական-պետական առաջնորդները նպատակադրված էին վատթարացնում ժողովրդի վիճակը: Եթե այդպես է, ապա պետք է պատժվեն օրենքի խստությամբ: Եթե այդպես չէ, ապա կան օբյեկտիվ պատճառներ, որոնց առաջ կարող են ընկրկել նաեւ վաղվա իշխանությունները:
Ենթադրաբար բացառելով, թե նախորդները վերջացած սիրակներ են, քննենք պետության եւ հասարակության հետընթացի օբյեկտիվ պատճառները: Դրանք կարելի է բաժանել երկու պայմանական խմբի՝ սովորութային (հակաարժեքների տարածմամբ պայմանավորված) եւ իրավապայմանագրային (միջազգային իրողություններով պայմանավորված):
Խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներում, այդ թվում մեզ մոտ ռուսական-կայսերապետական դրդմամբ եւ հովանավորությամբ տարածվում են հակաարժեքներ, որոնք հասարակությունը բարոյազրկելու եւ նախկին գաղութը կախյալ կամ կիսակախյալ վիճակում պահելն արդարացնելու խնդիր ունեն: Այդ հակաարժեքներից ազատվելու համար տարբեր ժողովուրդներ տարբեր ժամանակներում կիրառել եւ կիրառում են նույն մեթոդը: Նախ պետական-հասարակական պատասխանատու դիրքերից եւ պաշտոններից հեռացնում են նրանց, որոնք ուղղակի համագործակցել են զավթիչի կամ նրա իրավահաջորդի հետ՝ ի վնաս հայրենիքի ինքնիշխանության: Այս գործընթացը կոչվում է լյուստրացիա: Երկրորդ հերթին վերանվանվում են զավթիչի հետ ասոցիացվող տեղանունները (քաղաքներ, գյուղեր, փողոցներ, հրապարակներ, դպրոցներ եւ այլն): Այս գործընթացը խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներում անվանում են դեկոմունիզացում: Եվ երրորդ՝ արգելափակվում են նախկին զավթիչի մշակութային-սոցիալական-տնտեսական էքսպանսիոն գործիքները՝ ռուսական հանրակրթական դպրոցները, ռուսական հեռուստաալիքները, ռուսական ընկերությունները, եւ ամենակարեւորը՝ արգելում են ՌԴ պետական մարմինների ուղղակի եւ քարոզչական մարմինների անուղղակի միջամտությունները ընտրություններին: Այդ կերպ սահմանափակում են նախկին զավթիչի իրավահաջորդի սոցիալական, տնտեսական, մշակութային ազդեցության ոլորտները: Այս պատճառը վերացնելուց հետո միայն հնարավոր է ազգային-հասարակական արժեքներ սերմանել, վերաիմաստավորել եւ արժեւորել ազգային, մշակութային հաղթանակները, նվաճումները, տառապանքները, զրկանքները, հերոսական ու ողբերգական էջերը, նվիրյալների վաստակն ու դերը, եւ ի վերջո՝ ազգային իդեալներ սահմանել:
Հետընթացի երկրորդ՝ իրավապայմանագրային պատճառը վերացնելն ավելի բարդ է: Եթե սովորութային պատճառը կարելի է վերացնել ՏԻՄ եւ օրենսդիր մարմինների որոշումներով, ապա իրավապայմանագրայինը միջազգային իրավունքի խնդիր է, եւ կարող է կարգավորվել միջազգային հարթակներում՝ քաղաքակիրթ հանրության կնքահայրությամբ: Այս կարգում առաջնային նշանակություն ունեն ռուսական թելադրանքով կազմված եւ ռուսական հետաքրքրություններ սպասարկող կառույցներից (ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ) դուրս գալը, ինչպես նաեւ՝ Մոսկվայի 1921թ. ռուս-թուրքական եղբայրության պայմանագիրն առ ոչինչ ճանաչելը եւ Հայաստանից ռուսական զորքերի դուրս բերումը: Մոսկվայի պայմանագրի չեղարկմամբ՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը կզրկվեն Հայաստանի եւ հայաբնակ տարածքների նկատմամբ իրենց վերապահված միջազգային իրավունքներից: Հայաստանը նոր պայմանագրերով կհաստատի իր սուվերեն իրավունքներն, այդ թվում՝ Արցախի նկատմամբ: Իսկ ռուսական զորքերի դուրս բերմամբ՝ Հայաստանը իրապես կձերբազատվի ռուսական սպառնալիքներից, եւ դրանցով պայմանավորված հակապետական-հակաժողովրդական քայլերն ու որոշումներն իբրեւ անվտանգային քայլեր ներկայացնելու ամոթալի վիճակից:
Այս երկու պատճառները շաղկապված են: Քանի դեռ կան ու գործում են Հայաստանում տեղակայված ռուսական զորքերն ու Մոսկվայի 1921թ. պայմանագիրը, արատավոր բարքերը՝ կապված կոռուպցիայի եւ սոցիալական մյուս այլանդակ դրսեւորումների հետ, չեն վերանա, կոմունիստի, զավթիչի, գործակալի կամ մարտնչող անաստվածի անուններով փողոցներն ու տեղանունները չեն անվանափոխվի, Ռուսաստանի խորքեր կազմակերպված արտագաղթը չի կասեցվի: Նույնիսկ մենաշնորհները չեն վերանա, որովհետեւ դրանց մեծ մասը (էներգետիկ, առեւտրային, արդյունաբերական եւ այլն) սպասարկում են ռուսական հետաքրքրություններ: Այս պարզ իրողությունը հասկանում են նրանք, որոնք առնվազն 3 ամիս աշխատել են կառավարությունում եւ ծանոթացել են միջազգային իրավապայմանագրային սահմանափակումներին: Եվ առնվազն պարզամիտ են այն պնդումները, իբրեւ թե հնարավոր է սոցիալական-տնտեսական բարեփոխումներ իրականացնել՝ առանց ազատվելու հակաքաղաքակրթական ազդեցությունից: Այդ իրավիճակում ընդունված օրենքը, որոշումը եւ նույնիսկ ընտրություններն արդար-օրինակարգ չեն եւ ինքնին վիճարկելի են, որովհետեւ տեղի են ունենում ուժի կիրառման սպառնալիքի տակ (պարզ ասած՝ ռուսական շանտաժի ներքո):
Ներկա խորհրդարանի մեծամասնությունն ու նախկին ընտրանու մեծ մասն առաջնորդվում են հակաարժեքներով, կաշկանդված են Ռուսաստանի նկատմամբ վասալային պարտավորություններով: Այդ պատճառով կառավարությունները (ինչ հմտություններ էլ ունենային) արագ հեղինակազրկվում էին եւ արդյունավետ չէին աշխատում: Այդ պատճառով տեղի ունեցավ քաղաքացիական շարժում եւ իշխանափոխություն: Վերջապես, ժամանակն է հասկանալու, որ աշխարհում կախյալ կամ կիսակախյալ Հայաստանի համար տեղ չկա: Տեղ կա միայն անկախ եւ ժողովրդավար Հայաստանի համար: Եվ ուրեմն, Հայաստանի իրական անկախության եւ ժողովրդավարության հաստատման համար անհրաժեշտ է վերացնել հետընթացի վերը նշված պատճառները եւ չկրկնել նախորդների սխալները: Դրանից հետո միայն հնարավոր է ազատության, հավասարության, եղբայրության արժեքներով առաջնորդվող, քաղաքակրթական հստակ ընտրանք կատարած, անկախությունն ու ժողովրդավարությունը գերնպատակադրած ամուր իշխանություն ձեւավորել եւ իրականացնել ազգային երազանքները:
ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
Պահպանողական կուսակցության քարտուղար
«Առավոտ»
24.05.2018