Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդուրժողականության եւ անհանդուրժողականության դրսեւորումները հայ գրականության մեջ

Մայիս 25,2018 12:30

Փոքրիկ անդրադարձ հրատարակված գրքին

Հայաստանում եւ Վրաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ` Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից իրականացվող «Կրոնական հանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի շրջանակում հրատարակվել է «Հանդուրժողականության եւ անհանդուրժողականության դրսեւորումները հայ գրականության մեջ» գիրքը:

«Ով քնած է, արթուն կացեք, ով արթուն է, ձիեր թամբեք». «Սասնա ծռեր» էպոսի կենտրոնական միջադեպերից մեկի այս հատվածը, որտեղ Սասունցի Դավիթը հարձակումից առաջ զգուշացնում է քնած թշնամուն, հայտնի է նույնիսկ էպոսն ամբողջությամբ չկարդացած, չուսումնասիրած մարդկանց: Սասունցի Դավթի վեհանձնությունը, կռվին անպատրաստ թշնամու նկատմամբ հարգանքն ու հանդուրժողականությունը խորհրդանշող այս տողերը էպոսագիտական գրականության մեջ, ազգայնական-գաղաթարական տարբեր դիսկուրսներում ու նույնիսկ կենցաղային զրույցներում ավանդաբար վկայակոչվում են մեր հերոսների, ավելի լայն` հայ ժողովրդի խաղաղասիրությունը, ազգային-բարոյական բարձր հատկանիշները փաստելու, միեւնույն ժամանակ, սրան հակադիր` թշնամու նենգությունը, խաբեությամբ ու ստորությամբ հաղթանակի հասնելու ձգտումները ցույց տալու համար»,- գրում է Հայկ Համբարձումյանը:
Մեկ այլ դրվագում նա նաեւ անդրադառնում է Փավստոս Բուզանդի «Հայոց Պատմությանը». «Պատմության» երկու հատվածներում Մամիկոնյան սպարապետները, առաջնորդվելով արյան վրեժի, Հայոց թագավորին նվիրվածության, հայրենքի պաշտպանության շարժառիթներով, դաժանորեն պատժում են Հայաստան ներխուժած պարսիկներին, սակայն կարեւորագույն պահերին ղեկավարվում հակառակորդ-թշնամու նկատմամբ հարգանքի եւ մեծահոգության պատկերացումներով:

Այսպես, գերելով պարսից տիկնանց տիկնոջն ու ազնվականների կանանց, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը ձեռք չի տալիս նրանց եւ թույլ չի տալիս, որ մյուսներն էլ անարգեն ազնվազարմ կանանց ու պատվով վերադարձնում է Շապուհին: Այս բացառիկ ազնվությունն ու հանդուրժողականությունը գնահատվում է Պարսից թագավորի կողմից. «Այդ ժամանակները Մուշեղը մի ճերմակ ձի ուներ, իսկ Շապուհ թագավորը, երբ գինու գավաթը ձեռքն էր առնում, երբ ուրախության ժամանակ իր զորքին հյուրասիրում էր, ասում էր. «Ճերմակաձին թող գինի խմի»: Եվ գավաթի վրա նկարել տվեց Մուշեղի պատկերը` ճերմակ ձի հեծած, եւ ուրախությունների ժամանակ այդ գավաթը դնում էր իր առաջ ու շարունակ նույն բանն էր կրկնում. «Ճերմակաձին թող գինի խմի»:
Աշոտ Գաբրիելյանն ու Արքմենիկ Նիկողոսյանն անդրադարձել են հայ արձակում «քյառթուի» կերպարին` որպես անհանդուրժողականության ներկայացման միջոցի: Օրինակներից մեկը վերաբերում է Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» վեպին, երբ տատը քննադատում է հերոսին. «Փոխանակ էդքան խոսես` մազերդ կտրիր, աղջիկ չես»:

«Քյառթուն այնպիսի ներկայություն է հայ հասարակության, հետեւաբար` նաեւ հայ գրականության մեջ, որ կարելի է ասել` նա անգամ այնտեղ է, որտեղ իրականում չկա: Այս առումով չափազանց հետաքրքիր են, այսպես կոչված, քյառթուի ստվերով ստեղծված գրական տեքստերը: Դրանցում հեղինակը ներկայացնում է միջավայր, որից դուրս են քյառթուները, սակայն միջավայր արտացոլվում է այնքանով, որքանով հեղինակն անուղղակիորեն հակադրվում է քյառթուներին: Այս տեսակ ստեղծագործություններից են Գուրգեն Խանջյանի վեպերը, մասնավորապես՝ «Լուր չկա», «Ենոքի աչքը», որոնցում երաժշտության, նկարչության, արվեստի, գրականության, մարդկային հարաբերությունների այնպիսի տեքստային քննարկումներ են, որտեղ քյառթուն պարզապես բացառված է»,-գրում են ուսումնասիրության հեղինակները:

Ի թիվս այլոց, գրքում Սոնա Մելիքջանյանն էլ անդրադարձել է ազգային հանդուրժողականության եւ անհանդուրժողականության դրսեւորումներին` միջնակարգ դպրոցներում դասավանդվող հայ գրականության դասագրքերում:
Նա փաստում է, որ 7-12-րդ դասարանների դասագրքերում հայ, հայկական, հայոց բառերի հանդիպման հաճախականությունը անհամեմատ ավելի մեծ կշիռ ունի` 1176, ինչը ընդհանուրի 62,7 տոկոսն է, իսկ այլ ազգերի հիշատակման ընդհանուր հաճախականությունը 697 է: Նշվում է, որ գրականության դասագրքերում հաճախ հանդիպող երկրորդ ազգը ռուսն է, որի մասին հիշատակվում է 123 անգամ, որից դրական երանգ ունեն 6-ը, բացասական` 23-ը, մեծ մասը` 94 հիշատակում, չեզոք է:

Ուսումնասիրության հեղինակը նշում է, որ պարսիկների եւ պարսկականի մասին հիշատակվում է 106 անգամ եւ չկա ոչ մի դրական բնութագրիչ: Թուրքերի եւ թուրքականի մասին հիշատակվում է 98 անգամ, որից 74-ին, հեղինակի ձեւակերպմամբ, վերագրված են բացասական բնութագրիչներ: Ինչ վերաբերում է հույներին, նրանց մասին հայ գրականության դասագրքերում հիշատակվում է 76 անգամ, որից միայն մի դեպքում կարելի է նկատել բացասական երանգ պարունակող անդրադարձ: Ուսումնասիրության հեղինակը նշում է, որ տվյալ պարագայում խոսքը վերաբերում է աղանդավոր հույներին: Չեզոք բնութագրիչները 67-ն են:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

24.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031