Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀՆԻՁՈՐԸ

Մայիս 25,2018 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ տասնիններորդ

ԱՀՆԻՁՈՐԸ

Եվ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Փելեշյանին ասաց՝ «Հրանտի համարյա սաղ գրածները կարդացել եմ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «կարա՞ս էդ  կարդացածներիցդ մեկնումեկի վերնագիրն ասես», եւ Ֆրունզիկը բավական երկար մտածեց ու ասաց՝ «Մենք ենք, մեր սարերը», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «պարզ ա», եւ Ֆրունզիկը Հրանտին հարցրեց՝ «ի՞նչն ա պարզ», եւ Հրանտը  ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «դու ոչ թե իմ, այլ Մալյանի գրածներն ես կարդացել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «էն որ ժուռնալի մեջ տպվել էր, էդ գրածդ էլ եմ կարդացել», եւ Հրանտը Ֆրունզիկին հարցրեց՝ «ո՞ր գրածս», եւ Խորիկը Հրանտին ասաց՝ «Ահնիձորը նկատի ունի», եւ Հրանտը Խորիկին հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ «Ահնիձորը» նկատի ունի», եւ Խորիկը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «ես եմ էդ ժուռնալը  Ֆրունզին տվել, որ կարդա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Խորիկին հարցրեց՝ «բայց կարդացել ա՞», եւ Խորիկը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «էդ արդեն իրան պիտի հարցնես», եւ Ֆրունզիկը Հրանտին ասաց՝ «էդ «Ահնիձորդ» սաղ Երեւանն ա կարդացել», եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ժուռնալի էդ համարը ձեռից ձեռ էին խլխլում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էդ օրերին  սաղ Երեւանն էդ «Ահնիձորի» մասին էր խոսում», եւ Խորիկն ասաց՝ «որովհետեւ «Ահնիձորն» արգելված գործ էր», եւ Փելեշյանը Խորիկին հարցրեց՝ «որ արգելված էր,  բա ո՞նց էին տպել», եւ Հրանտն ասաց՝ «տպելուց հետո էին արգելել», եւ Խորիկն ասաց՝ «ժուռնալի էդ համարը  չէր ճարվում. կրպակներից հավաքել էին», եւ Փելեշյանը ժպտալով Խորիկին հարցրեց՝ «որ կրպակներից հավաքել էին, բա Ֆրունզը ո՞նց ա կարդացել», եւ Ֆրունզիկն ասաց՝ «ինձ էդ ժուռնալը Խորիկն ա տվել», եւ Խորիկն ասաց՝ «ինձ տպարանի դիրեկտորն ա էդ ժուռնալը տվել», եւ Հրանտը ժպտալով Խորիկին ասաց՝ «լավ ա՝ էդ տպարանի դիրեկտորին գործից չեն հանել», եւ Խորիկը Հրանտին ասաց՝ «ասում են՝ էդ «Ահնիձորիդ» պատճառով էդ ժուռնալի խմբագրին գործից հանել են», եւ Հրանտը ժպտալով Խորիկին ասաց՝ «ահագին տեղեկություն ունես», եւ Խորիկը Հրանտին ասաց՝ «էդ օրերին ամբողջ քաղաքը քո «Ահնիձորից» էր խոսում», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «նույնիսկ Ֆրունզն ա կարդացել», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Հրանտին ու ասաց՝ «ինչի՞ նույնիսկ. կարող ա՞ Ֆրունզը տառաճանաչ չի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «տառաճանաչը տառաճանաչ ես, բայց կարդալ չես սիրում», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Հրանտին ու հարցրեց՝ «քեզ ո՞վ ասեց, որ կարդալ չեմ սիրում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ֆրունզիկին ասաց՝ «Մուշեղն ա ասել», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «ո՞ր Մուշեղը», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Գալշոյան», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու կմկմալով Հրանտին հարցրեց՝ «Գալշոյան Մուշեղն ի՞նչ ա ասել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ֆրունզիկին ասաց՝ «ինչ որ ասել ա, հետո քեզ առանձին կասեմ», եւ Ֆրունզիկը Հրանտին հարցրեց՝ «բայց ինչի՞ տղերքի մոտ չես ասում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «որովհետեւ  պայմանավորվել ենք, որ մենակ Աղասուց ենք բամբասելու», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու խեղճացած հարցրեց՝ «բայց Գալշոյան Մուշեղն ի՞նչ ա ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու խեղճացած  ավելացրեց՝ «նյուժելի ասել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «խոստացել էր, որ ոչ մեկին չի ասի», եւ Հրանտը փռթկացնելով  Ֆրունզիկին ասաց՝ «ինձ ասել ա, բայց խնդրել ա, որ ոչ մեկին  չասեմ», եւ Ֆրունզիկը Հրանտին ասաց՝ «բայց հեսա ա՝ ասում ես»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031