Այս տարվա մայիսին հրաժարական տված ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի օրոք կառույցի ներքին անվտանգության պետ էր նշանակվել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի փեսայի եղբայր, Գագիկ Խաչատրյանի քրոջ փեսա Արման Սարգսյանը, որն անսպասելի արձակուրդ գնալու վերաբերյալ դիմում գրելով՝ խառնեց բոլորի խաղաթղթերը:
Նորանշանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, փաստորեն, չի կարողանում նրան աշխատանքից ազատել, քանի որ Արման Սարգսյանը արձակուրդից չի վերադարձել:
Դավիթ Անանյանը ստիպված կառույցի ներքին անվտանգության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Արամ Մովսիսյանին, որն աշխատում էր ՊԵԿ կառույցներից մեկի վարչության պետի տեղակալ: Մեկ այլ հրամանով ներքին անվտանգության պետի դարձյալ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Իսախանյանը, որը երկար տարիներ աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունում, եղել այդ ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի վստահելի մարդկանցից մեկը:
Ի դեպ, ժամանակին նա հենց ՊԵԿ նախագահ նշանակված Հովսեփյանի հետ է եկել կոմիտե` որպես վարչության պետ, իսկ այնուհետեւ նրա ղեկավարած վարչությունը լուծարվել էր: Ըստ որոշ տեղեկությունների՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ