Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահի դրությամբ արտահերթ ընտրությունների հարց քաղաքական օրակարգում, ՀՀԿ քաղաքական օրակարգում գոյություն չունի». Արմեն Աշոտյան

Մայիս 24,2018 22:40

«Այս պահի դրությամբ արտահերթ ընտրությունների հարց քաղաքական օրակարգում, ՀՀԿ քաղաքական օրակարգում գոյություն չունի: Այս հարցն առավելապես հանրային քննարկման դիսկուրսում է»,- քիչ առաջ ՀՀԿ Գերագույն մարմնի (ԳՄ) նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Դիտարկելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքը, թե այդ ընտրությունները պետք է լինեն աշնանը և ՀՀ նախագահի կարծիքը ընտրությունների մասին, պարոն Աշոտյանը նշեց. «Այս կարծիքները նպատակ ունեն բազմակարծություն ձևավորելու այս հարցի շուրջ: Քաղաքական օրակարգում նման բյուրեղացած հարց չկա: Իսկ օրակարգի ձևավորումը ճիշտ կլինի պայմանավորել նախևառաջ կառավարության ծրագրի նախագծի շրջանակներով և ԱԺ-ում քննարկումներով»:

Վկայակոչելով միջազգային փորձը՝ ՀՀԿ փոխնախագահը վստահեցրեց. «Միջազգային փորձն էլ խոսում է այն մասին, որ նման կայծակնային իշխանափոխություններից հետո արտահերթ ընտրությունների կազմակերպումը լավագույն գաղափարը չէ, քանի որ նման քաղաքական տրամաբանություն այս պահի դրությամբ ՀՀ-ում գոյություն չունի»:

Պարոն Աշոտյանը վստահեցրեց՝ ամեն ինչ աշխատում է ՀՀ սահմանադրության շրջանակներում. ՀՀԿ-ն շարունակում է աջակցել կառավարության կողմից օրինագծերի քննարկմանը:

Նա մանրամասնեց. «Վերջին քառօրյայում կառավարության կողմից ներկայացված զեկույցներ քննարկվեցին, օրենքներ ընդունվեցին: Դա չի նշանակում, որ մենք լիարժեք համաձայնություն ենք տալու ամեն ինչին: Ապահովելու ենք սահմանադրական քննարկման շրջանակներում բազմակարծություն և համաձայնություն կառավարության այն ծրագրերին, որոնք կառավարությունը կհամարի առաջնահերթ»:

Կրկին հղում կատարելով ՀՀ Սահմանադրությանը՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Ըստ Սահմանադրության՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է իր ծրագրից բխող ներքին ու արտաքին քաղաքականություն: Սա նշանակում է, թե′ ներքին, թե′ արտաքին քաղաքականությունը համակարգված դիտարկելու համար մեզ անհրաժեշտ է ծրագիր,  քննարկվող և ապագայում գուցե նաև քվեարկությամբ աջակցություն ստացող ծրագիր: Այս պահին այսպիսին է քաղաքական այն հորիզոնը, որը մենք տեսնում ենք»:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ՀՀԿ-ն դիմում է ռևանշի, սաբոտաժի, ՀՀԿ փոխնախագահն արձագանքեց. «ՀՀԿ-ն հեղափոխական կուսակցություն չէ, ՀՀԿ-ն հակահեղափոխական կուսակցություն չէ, մենք ռևանշիստներ չենք, մենք սաբոտաժի կողմնակիցներ չենք, մեր ամբողջ քաղաքական կենսագրությունը խարսխված է բացառապես ՀՀ ազգային և պետական շահերի վրա: Դեռ կան շրջանակներ, որոնք քաղաքական դիվիդենտներ վաստակելու համար այլ նպատակներ, այլ թիրախներ, գործողություններ չեն կարողանում ընտրել և գերադասում են պայքարել ստվերի դեմ: Քաղաքական ստվեր գոյություն չունի, ՀՀԿ-ն ստվերային կուսակցություն չէ, այն ամենատեսանելի, ամենապետականամետ քաղաքական ուժերից մեկն է այսօրվա քաղաքական կյանքում: Լինելով խորհրդարանական մեծամասնություն, բայց լինելով նոր ընդդիմություն գործող կառավարությանը՝ մենք միաժամանակ հաստատել ենք մեր պատրաստակամությունն աջակցել նոր կառավարությանը»:

Ըստ պարոն Աշոտյանի՝ ՀՀ կառավարության համար ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնություն լինելն առավելություն է, և կառավարությունը կարող է օգտվել ՀՀԿ-ի բովանդակային և ծրագրային աջակցությունից:

Պարոն Աշոտյանը, հիշեցնելով, որ մինչև հունիսի 1-ը ՀՀ կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի, ասաց, որ պատգամավորները մեկ շաբաթ հնարավորություն կունենան  այդ ծրագիրն ուսումնասիրել:

Դառնալով ընտրությունների կազմակերպմանը՝ պարոն Աշոտյանը հիշեցրեց՝ ՀՀ-ում ձևավորվել է ավանդույթ, երբ բոլոր հաջորդ ընտրությունները նախորդից շատ ավելի լավն են. բացառություն չէին նաև 2017-ի խորհրդարանական ընտրությունները. «Այս գնահատականն իմը չէ, այլ միջազգային դիտորդներինը: Իհարկե, առկա բոլոր խնդիրներով հանդերձ՝ անգամ մինչև իշխանափոխություն ընտրական գործընթացները բարեփոխելու մասին շեշտում էինք նաև մենք, և նման նախագծեր քննարկվում էին նաև մեր կառավարման ժամանակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031