Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երեկվա առաջին մարզումից հետո լրագրողների հետ շփման ժամանակ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, խոսելով անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ իսպանացի Ունաի Էմերիի նշանակման մասին ասաց. «Ես Էմերիի հետ դեռ չեմ հանդիպել, բայց հուսով եմ, որ նա նոր թարմ գաղափարներ կբերի, որոնք թիմին կօգնեն թիմին զարգանալ:
Հավատում եմ, որ «Արսենալն» Էմերիի հետ հաջողության կհասնի: Ակումբում բարձրագույն կարգի պրոֆեսիոնալներ են աշխատում, բոլորը լավ հասկանում են, թե ինչ պետք է անեն: Ավաղ, անցած մրցաշրջանում չկարողացանք Չեմպիոնների լիգա մտնել, բայց ձգտելու ենք այդ բացը լրացնել», – ասել է Մխիթարյանը:
Ինքը՝ Ունաի Էմերին, խոսելով իր նշանակման եւ նպատակների մասին, ասել է. «Արսենալի» ներկայացուցիչների հետ առաջին իսկ հանդիպումից հետո զգացի, որ կարող ենք աշխատել: Ես հավատում եմ այն ֆուտբոլիստներին, որոնք կան թիմում, եւ մեր նպատակը նրանց հետ քրտնաջան աշխատելն է: Մենք կաշխատենք հետագայում հավակնել բոլոր տիտղոսներին»:
Մասնագետը նաեւ նշել է, որ այսօր չի կարող խոստանալ, թե ՉԼ-ում կհաղթեն, սակայն խոստացել է, որ այդ ուղղությամբ միասին քրտնաջան կաշխատեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ