Ռուս պրանկեր Վովանին (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսին (Ալեքսեյ Ստոլյարով) հաջողվել է զանգահարել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին, որի հետ շուրջ 20 րոպես զրուցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից: Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլկսայա պրավդա»-ն:
«Փաշինյանի» հետ հեռախոսազրույցի ընթացքում Ջոնսոնը նախ շնորհավորել է նրան Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ հետևել է և տպավորված է Հայաստանում տեղի ունեցած բացառապես խաղաղ ցույցերին:
«Փաշինյանն» իր հերթին ասել է, որ այս շաբաթ հեռախոսազրույցներ է ունեցել եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ վիզային ռեժիմի ազատականացման հարցով: «Բայց հասկանում եմ, որ երկար ճանապարհ ունենք անցնելու, շատ քայլեր կան անելու և հույս ունեմ, որ Մեծ Բրիտանիան կօգնի մեզ: Փոխարենը կարող եք ակնկալել Հայաստանի աջակցություն, օրինակ՝ ՄԱԿ-ում»,-ասել է «Փաշինյանը»:
Բացի այդ Բորիս Ջոնսոնն ասել է, որ ուրախ կլինի Հայաստանի նորընտիր վարչապետին տեսնել Մեծ Բրիտանիայում և խորհուրդներ է տվել՝ ինչպես պետք է շփվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Փաշինյանն» էլ իր հերթին հույս է հայտնել, որ Պուտինը չի փորձի թունավորել իրեն «Նովիչոկով», ի պատասխան Ջոնսոնը ծիծաղել է:
«Շատ կարևոր է, որ նոր սառը պատերազմ չլինի: Ես դա չեմ ուզում: Մեծ Բրիտանիայում ոչ ոք չի ուզում: Ես անձամբ կարծում եմ, որ Ռուսաստանը սարսափելի սխալ է արել՝ փորձելով «Նովիչոկով» սպանել Սերգեյ և Յուլյա Սկրիպալներին: Նրանց գործողությունները, որպես կանոն, շատ կործանարար բնույթ են կրում: Եվ դա վնասում է Ռուսաստանին: Եվ ես կցանկանայի հասցնել Պուտինին, որ մենք սառը պատերազմ չենք ուզում, մենք ցանկանում ենք դրական առաջընթաց տեսնել Ռուսաստանի գործողություններում»,-հավելել է Ջոնսոնը:
Պրանկերները համաձայնվել են բրիտանացի արտգործնախարարի հետ և հարցրել՝ ինչ կարելի է սպասել Պուտինից:
«Կարծում եմ, միակ բանը, որ ռուսներն ընկալում են վճռականությունը և հաստատակամությունն է: Ուստի դուք պետք է հստակ ձևակերպեք ձեր ձգտումները և այն, թե ինչպես եք տեսնում Հայաստանի ապագան: Բայց պետք է ընդգծեք, որ դա չի վնասում իր շահերին և նա նյարդայնանալու հիմքեր չունի»,-ասել է Ջոնսոնը:
«Պուտինն ասել է ինձ, որ Քսենիա Սոբչակը վերջերս եկել է Լոնդոն և հանդիպել պարոն Կորբինի(Լեյբորիստական ընդդիմադիր կուսակցության առաջնորդի-խմբ.), հետ, որպեսզի նրան փոխանցի Կրեմլից բերված փողերը»,-ասել է «Փաշինյանը»:
Ի պատասխան Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր տեղեկությունների համար՝ համոզմունք հայտնելով, որ հատուկ ծառայությունները հաշվի կառնեն այդ տեղեկատվությունը:
Պրանկերները հայտնել են, որ հերթական կատակից հետո Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հասկացել է, որ ինքը Հայաստանի վարչապետի հետ չի զրուցում, և կախել է լսափողը:
Լեքսուսին և Վովանին նախկինում ևս հաջողվել է կապ հաստատել տարբեր երկրների պետական անձանց հետ՝ բացառիկ տեղեկատվություն ստանալու համար: Նրանց հաջողվել է զանգահարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնին և մի շարք այլ քաղաքական գործիչների:
Առավել մանրամասն՝ տեսանյութում
https://youtu.be/_xCkORaqbus
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ