Արդեն հանրային քննարկման է դրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը: Այն նախատեսում է, ինչպես այսօր կառավարության նիստին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, համաներում կիրառել ճանապարհատրանսպորտային խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ:
Նախագիծն արդեն տեղադրված է արդարադատության նախարարության edraft.am կայքում:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններով կատարելու մասին նախագծով առաջարկվում է մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաեւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Ըստ նախագծի, պատասխանատվությունից ազատվում են՝ «Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը» 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերը:
Օրինակ՝ «Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը: Տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը: Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը:
Երթեւեկության առավելություն ունեցող մասնակցին ճանապարհը չզիջելը: Ճանապարհային երթեւեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայքի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը:
Տրանսպորտային միջոցը միակողմանի երթեւեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը: Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, եւ եթե առանց հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը եւ այլն»:
Այս նույն հոդվածի 31-րդ եւ 32-րդ մասերով սահմանված իրավախախտումների դեպքում պատասխանատվությունից ազատում չի նախատեսվում: Օրինակ՝ « 31. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը: 32. Սույն հոդվածի 31-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը»:
Այս նախագծի հեղինակները բավականին մեծահոգի են, համաներում են նախատեսում նաեւ այն վարորդների համար, որոնք ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ են դարձել: Օրինակ պատասխանատվությունից ազատվում են օրենքի 124.6 հոդվածով՝« Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետեւանքով առաջացել է վթարային իրադրություն կամ ճանապարհատրանսպորտային պատահար, պատահարի մասնակից վարորդի կողմից պարտականությունները չկատարելը» նախատեսված դեպքերում՝
«1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն:
2. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետեւանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ:
3. Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի պարտականությունները չկատարելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ»:
Ինչպես նաեւ պատասխանատվությունից ազատվում են, ինչպես սահմանված է նախագծում հետեւյալ հոդվածներով սահմանված իրավախախտումները՝ 123-րդ, 123.1-ին (բացառությամբ 2-րդ մասով նախատեսված իրավախախտումների), 123.3-րդ, 123.5-րդ (բացառությամբ`4-րդ, 4.1-ին, 4.2-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ (բացառությամբ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 124.7-րդ, 125-րդ, 128-րդ, 129.2-րդ (բացառությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 131-րդ, 132-րդ, 135.2-րդ եւ 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարի չվճարած մասը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:»:
Որ դեպքում կարող են վարորդներն ազատվել պատասխանատվությունից, եւ որ դեպքում՝ ոչ, հոդվածներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ:
Նշենք, որ կառավարության նիստին այս նախագիծը ներկայացնելու ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկեց այս համաներումը կիրառել նաեւ այս տարվա ապրիլյան օրերի դեպքում, հաշվի առնելով այդ օրերին տեղի ունեցող ցույցերն ու հավաքները: Ինչպես նաեւ Օսիպյանը հիշեցրեց, որ հանրության շրջանում կա դժգոհություն, որ բարեխիղճ վարորդները, որոնք վճարել են տուգանքները, նրանց գումարները պետք է վերադարձվի:
Վարչապետ Փաշինյանն էլ հանձնարարեց բոլոր տեսակետները քննարկել ու հավասարակշռված որոշում կայացնել:
Նշենք, որ նախագիծը դեռ պետք է ներկայացվի կառավարության հավանությանը, ապա այն պետք է նաեւ ԱԺ-ն ընդունի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ