2018 թվականի մայիսի 22-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանի համայնքապետարանում պետք է տեղի ունենային հանրային լսումներ՝ ընդերքի նոր շահագործման վերաբերյալ, որը վերաբերելու էր նավթի և գազի որոնմանը Կապան համայնքի թվով 38 գյուղական բնակավայրերում:
Նոր հանքավայրերի շահագործումը և մեր ընդերքի հերթական թալանը կանխելու նպատակով «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցը կազմակերպեց բողոքի ակցիա և տապալեց այդ լսումները (ինչի կայանալու դեպքում արդեն կսկսվեին երկրաբանահետախուզական աշխատանքները), որին ակտիվորեն մասնակցեցին նաև՝ կուսակցության համակիրները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և խնդրով մտահոգ ակտիվ քաղաքացիները:
Բազմիցս քննադատելով հայրենի ընդերքի անխնա թալանը և դատապարտելով նոր հանքավայրերի ստեղծման գործընթացները՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Սյունիքի մարզի, և հատկապես՝ Կապան համայնքի վերոնշյալ թվով 38 գյուղերի բնակիչներին կոչ է անում համախմբվել և թույլ չտալ մեր պետականությանն ու սերունդներին պատկանող ընդերքի նոր շահագործումը, իսկ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից պահանջում է դադարեցնել նոր հանքավայրերի շահագործման վերաբերյալ նոր արտոնագրերի տրամադրումը՝ մեր երկրի ողջ տարածքում:
(Տեսանկարահանումը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության ժողովի անդամ և Կապանի տարածքային կառույցի համակարգողներից Դավիթ Հակոբյանի):
https://www.facebook.com/137500943739892/videos/184230965733556/
https://www.facebook.com/137500943739892/videos/184221842401135/
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
23 մայիսի 2018