Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրից ազատ արձակվեց Սասնա ծռերի գործով ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը, որը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու համար: Դատարանին ներկայացվեց փաստաթուղթ, համաձայն որի, դատարանի դեպոզիտի հաշվին փոխանցված է 10 միլիոն դրամ գրավ, որից հետո միայն նա ազատ արձակվեց:
Լրագրողների հետ զրույցում Եղնուկյանը հայտարարեց, որ իր ազատ արձակումը թավշյա հեղափոխության արդյունք է, քանի որ նախկինում ներկայացված նմանօրինակ միջնորդությունները մերժվել են: Եղնուկյանը նշեց, որ գնում է ներկայումս հացադուլ անող Գարեգին Չուգասզյանին տեսակցելու եւ չբացառեց, որ կմիանա նրա հացադուլին:
Aravot.am-ի այն դիտարկմանը, թե՝ ինչո՞ւ են նոր իշխանությունների դեմ բողոքի ցույց եւ հացադուլ անում, Եղնուկյանը պատասխանեց, որ այդ գործողությունները նոր իշխանության դեմ չեն ուղղված, իրենք պայքարում են դատական համակարգի այն ներկայացուցիչների դեմ, որոնք դեռեւս փորձում են իրագործել նախորդ իշխանության հրամանները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ