Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսօր ՀՀ նախագահի մրցանակը ստացավ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ներդրման համար:
Մեզ հետ զրույցում մաեստրոն ասաց. «Առհասարակ արվեստի գործն ուշադրություն է պահանջում: Եթե չես տալիս այդ ուշադրությունը, ինքը թոշնում է, հետին պլան է գնում: Պետք է նրա վրա ուշադրություն լինի: Բոլոր քաղաքական շերտերը դա կարեւորել են՝ պետություն լինի դա, մեծահարուստ լինի, անհատ: Սա ընդունված կարգ է տեսնել գեղեցիկը: Դա եւ արժանիքն է գործի եւ գնահատողը»:
Նախկին իշխանությունների օրոք նրանք, ովքեր արժանանում էին այս կամ այն մրցանակի, հասարակությունը մի տեսակ այլ աչքով էր նայում այդ մարդկանց՝ կլիներ երգիչ, երաժիշտ, որեւէ մտավորական, լրագրող, ասում էին՝ իշխանությունների մարդն է, ուրեմն Սերժ Սարգսյանին ինչ-որ ծառայություն է մատուցել: Այս առնչությամբ Տիգրան Մանսուրյանն ասաց. «Ցավոք սրտի, այդ բաժանարար գիծը եղել է, հետեւաբար այդ ամենը, ինչ այս բաժանարարի երկու կողմերում էր, կար, իրար չէին հասկանում: Երբեմն, ժողովուրդը չի հասկացել, թե ինչու էր այս կամ այն երեւույթը գնահատվել, առհասարակ մենք սիրում ենք քննարկել: Մենք ամեն ինչը սեփական անձի, սեփական կարողությունների միջով պիտի անցկացնենք, գնահատենք ինքնուրույն: Հասարակական գիտակցության շատ դժվար ենք բերում մեր իմացածը, մեր տեսածը»:
Մեր հարցին՝ ժողովրդական այս զարթոնքն արվեստում իր արտացոլանքն ունենալո՞ւ է մաեստրոն պատասխանեց. «Մենք եթե կարողանալու ենք մեր լավագույն ձեռքբերումները արժանիորեն շարունակել, արդեն քիչ չէ: Իհարկե, այսօր լավն այն է, որ Հայաստանը աշխարհի ուշադրության կենտրոնում է: Մի տեսակ այդ ալիքը բարձրացավ Հայաստանի շուրջը, շատերը բարձրաձայնեցին տարբեր երկրներում, տարբեր միջոցներով: Պետք է օգտվել դրանից: Իսկ այդ պարագայում ոչ միայն քաղաքական գործիչների դերն է մեծանում, այլեւ արվեստագետների՝ թե՛ անցյալի արժեքները մեջտեղ հանելու, մեր ճարտարապետությունը, Մատենադարանը նոր լույսի տակ ներկայացնելու համար: Անելիքներ կան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բայց միշտ չեզոք ես մնացել ամեն իրադարձության ժամանակ, հարգելի պարոն Մանսուրյան: