Այսօր ՀՀ նախագահի մրցանակաբաշխությունն էր: Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից մրցանակներ ստացան 12 բնագավառների հաղթողները:
ՀՀ նախագահի մրցանակը համակարգում եւ կազմակերպում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Հիմնադրամի հիմնադիր Ալբերտ Պողոսյանն իր ելույթում շնորհավորեց հայ ժողովրդին, հատկապես Նիկոլ Փաշինյանին՝ քաջության, իմաստության եւ վճռականության համար, որը նա ցուցաբերել է եւ առաջնորդելով մարդկանց շարժումը՝ հասցրել կոնկրետ հանգրվանի:
Նա ներկայացրեց իրենց ընտանիքի պատմությունը՝ ասելով. «Պապս կարողացավ 1915-ի ցեղասպանությունից օսմանյան կայսրությունից դուրս գալ 25 տարեկանում, նա հասավ Հալեպ: Փախստական էր, որ կորցրել էր ամեն ինչ՝ բացի կյանքից: Ողբերգությունը հարվածեց նրա ընտանիքին…Ես եւ եղբայրս մանուկ հասակում ու դեռահաս հասակում բազմաթիվ գեղեցիկ հուշեր ենք կուտակել Լիբանանից եւ Սիրիայից: Մեղրի եւ կաթի երկրներ են բնորոշվում: Մեր երազած կյանքը կտրուկ ավարտվեց, երբ քաղաքացիական պատերազմ սկսվեց Լիբանանում, ես ու եղբայրս փախուստ կատարեցինք ու ապրում ենք Շվեդիայում…նրանք մեզ թույլ են տվել խաղաղ, բարեկեցիկ, իրավունքի գերակայության պայմաներում կյանք վարել»:
Պարոն Պողոսյանն ասաց. «Կայունությունը, տնտեսական բարեկեցությունը եւ հրաշալի կյանքը արագորեն կարող են ավարտվել, եթե ազգի ղեկավարությունը չի ուղղորդվում անհրաժեշտ իմաստնությամբ, որը անձնական շահից վեր է դասում ազգի շահը: Սիրիան ու Լիբանանը ունեին լուրջ երկրներ ունենալու հեռանկարը, բայց երկուսն էլ գահավիժեցին քաոսի անդունդը»:
Պողոսյանը վարչապետին ու նախագահին կոչ արեց, որ այս հրաշալի հեղափոխությունը մեր ազգի հույսերը արդարացնի հաշտեցման քաղաքականությամբ, ոչ թե վրեժխնդրությամբ: Նա կարեւորեց համերաշխությունը եւ ազգի միասնականությունը:
Նա ասաց, որ 18 տարի է, ինչ «Պողոսյան» հիմնադրամը ներդրել է նախագահի մրցանակը եւ նպատակ ունեն դրանով պատվել արժանիներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ