ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր խիստ մտահոգությունն է արտահայտում ս․ թ․ մայիսի 22-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyanի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարած հայտարարության վերաբերյալ (մեջբերում)․ «Այբի հետ կապված․․․ Հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կազմակերպել ֆինանսական աուդիտ։ Դրա արդյունքներից հետո կխոսենք։ Շարունակում եմ համարել, որ Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է։ Այսքանը․․․»։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳ նախարարի 2018 թ․ մայիսի 21-ի N 373-Ա հրամանով հանձնարարվել է (մեջբերում)․ «Այբ» կրթական հիմնադրամում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրություն» իրականացնել, մինչդեռ ուսումնասիրությունը հանրային հարթակում ներկայացվել է որպես ֆինանսական աուդիտ։
Մասնավորապես մտահոգված ենք այն հանգամանքով, որ, դեռևս չունենալով ուսումնասիրության եզրակացությունը, տրվում Է կանխակալ որակում, որն ամենայն հավանականությամբ կարող է բացասական ազդեցություն ունենալ ստացվելիք եզրակացության անաչառության և օբյեկտիվության վրա։ Առավել ևս, երբ ուսումնասիրությունն իրականացվում է նախարարության կողմից, այլ ոչ` անկախ երրորդ կողմի։
Ուստի առկա են լրջագույն կասկածներ, որ տրվելիք եզրակացությունը բխելու է նախարարի արդեն իսկ արած հայտարարության ենթատեքստից: Նախարարի հայտարարությունները և գնահատականները պետք է հնչեն միայն ուսումնասիրությունից հետո և հնչեն միայն հարցի առարկա Կրթության գերազանցության ազգային ծրագրի վերաբերյալ, այլ ոչ ընդհանրական՝ «Այբ»-ի։
Միաժամանակ փաստում ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամը, օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր տարի անցնում է անկախ ֆինանսական աուդիտ։ Ֆինանսական աուդիտը վերջին երկու տարիներին իրականացվել է «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից։ Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը և ֆինանսական հաշվետվությունը սահմանված կարգով հրապարակված են ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am , ինչպես նաև «Այբ» կրթական հիմնադրամի կայքում։
Մտահոգիչ է, որ նախարարն իր ընդհանրացված հայտարարությամբ, առանց ճշտված տեղեկությունների, կանխակալ բացասական կարծիք է ստեղծում «Այբ»-ի ողջ գործունեության և համայնքի անդամների վերաբերյալ։
Հորդորում ենք ապագայում զերծ մնալ վիրավորանքներից, անձանց պատիվն ու արժանապատվությունն արատավորելուց, ինչպես նաև հանրային այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են ստվեր նետել մասնագիտական եզրակացությունների վրա:
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ՝
Կարո Սարգսյան (խորհրդի նախագահ)
Դավիթ Յան
Դավիթ Փախչանյան
Լևոն Ղազարյան
Կարեն Մուսաելյան
Ռուբեն Հարությունյան
Վարդան Բաբիկյան