Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է պատահել, որ ՀՀԿ-ականները քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին. Հետաքրքրվել են ԵԽԽՎ պատվիրակները

Մայիս 24,2018 18:11

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ ԵԽԽՎ պատվիրակների հանդիպման ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին վերաբերող հարցեր չեն քննարկվել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվել է:

Հիշեցնենք, Հայաստանում են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յուլիա Լյովոչկինան եւ իտալացի պատվիրակ Ջուզեպպե Գալատին: Նրանք այսօր հանդիպումներ են ունեցել Հայաստանի խորհրդարանում:

Լենա Նազարյանն ասաց, որ քննարկել են Հայաստանի ընդհանուր քաղաքական իրավիճակը, ԸՕ-ի փոփոխության հետ կապված հարցեր:

Մեր տեղեկություններով, ԵԽԽՎ պատվիրակները հանդիպումների ժամանակ անդրադարձել են նաեւ թավշյա հեղափոխության ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորների նկատմամբ կիրառված ճնշումներին, մասնավորաբար` Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու համար: Անդրադարձել են ՀՀԿ-ական պատգամավորների ընտանիքի անդամների նկատմամբ եղած ճնշումներին եւ անհանդուրժողականության տարրերին, նաեւ`ՀՀԿ-ական պատգամավորներին ծաղրելու, նրանց տների մոտ «սեւ ժապավեններ», պսակներ տեղադրելու եւ համանման այլ դրսեւորումներին:

Մեր հարցին ի պատասխան, Լենա Նազարյանը նախ ասաց, որ նման խոսակցություն չի հիշում: Հետո հիշեց`իտալացի պատվիրակն է «ինչ-որ նման բան» ասել. «Ասաց` ինչպե՞ս է պատահել, որ ՀՀԿ-ականներն, ի վերջո, որոշել են քվեարկել: Մենք ասացինք, որ դա եղել է հանրային պահանջ, մարդիկ գնացել են այդ պատգամավորների տուն, բայց ոչ մի ագրեսիա չի եղել: Պարզապես, մարդիկ այդպես են դրսեւորել իրենց: Զանգեր են եղել, sms-ներ են ուղարկել… այդ ամենը եղել է, բայց չեն եղել սպառնալիքներ, ի վերջո: Դրա մասին ոչ ոք չի խոսել, որովհետեւ չի եղել սպառնալիք»:

Իսկ, այսպես ասած, «մահվան տեսարանների» մասին, ըստ իշխանական պատգամավորի, ԵԽԽՎ պատվիրակների հետ խոսակցություն չի եղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031