Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով հրապարակվեց բեռնատարի սեփականատիրոջը կալանքից ազատելու միջնորդության մասին որոշումը

Մայիս 24,2018 17:59

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստում ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանի շահերի պաշտպան, փաստաբան Մարինե Ֆարմանյանը միջնորդեց նրա խափանման միջոց կալանքը վերացնել՝ պնդելով, որ կալանավորման հիմքեր առկա չեն: Պաշտպանի խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ Գիչյանը կյանքին սպառնացող առողջական խնդիրներ ունի, պատկառելի տարիքում է:

«Նրա երազանքն արդեն իրագործվել է, հեղափոխություն է տեղի ունեցել»,-նկատի ունենալով «Իմ քայլը» ժողովրդական շարժումը՝ ասաց Մարինե Ֆարմանյանը:

«Նա արդեն ոչ էլ «Կռազ» ունի»,-կատակելով միջամտեց ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը: «Առանց այդ էլ ջարդեցիք այդ Կռազը»,-կրկին կատակով շարունակեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Ապա ամբաստանյալ Գիչյանին հարցրեց՝ միանո՞ւմ է իր պաշտպանի միջնորդությանը: Ծերունին ուշագրավ պատասխան տվեց. «Բա ո՞ւմ միանամ»:

Միջնորդության առնչությամբ մեղադրող-դատախազներից Հակոբ Ենոքյանը հայտարարեց՝ կալանքի հիմքերը առկա են. «Նկատի ունենալով այն փաստը, որ առողջական վիճակի մասին փաստաթուղթ չունենք, ինչպես Կարո Եղնուկյանի դեպքում, հիմնավոր դատողություն անել չենք կարող: Ուստի այս պահին կալանքի հարցը վերանայելու հիմքեր չկան, պահպանվում են նախկին հիմքերը: Եթե բժշկական փորձաքննություն լինի, ինչպես Կարո Եղնուկյանի պարագայում, հարցը կքննարկենք»:

Ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը միացավ Գիչյանին կալանքից ազատելու միջնորդությանը՝ ակնարկելով, որ նոր իշխանություն ունենք, եւ դատախազներն այլեւս չպետք է ճնշումների ենթարկվեն: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկին կատակեց. «Էնքան կասեք՝ վերեւից-ներքեւից ճնշում են, հեսա Եղնուկյանը կասի՝ ճնշումս բարձրացավ»:

Քննելով միջնորդությունը՝ Արտուշ Գաբրիելյանը որոշեց այն մերժել:

Հիշեցնենք՝ Խաչատուր Գիչյանը բեռնատարի սեփականատերն է եւ իր պնդմամբ՝ ինքը չի իմացել, թե ինչ նպատակով են խմբի անդամները պատրաստվել օգտագործել իր մեքենան: Նա մեղադրվում է խմբին օժանդակելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031