Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը խոսեց մեր առջեւ եղած 3 խումբ խնդիրների մասին. Որոնք են դրանք ու ինչ պետք է անենք

Մայիս 24,2018 17:47

Այսօր ՀՀ նախագահի կողմից մրցանակներ ստացան 12 բնագավառների հաղթողները:

Մինչ մրցանակները հանձնելը նախագահն իր խոսքը սկսեց՝ Առաջին Հանրապետության 100 ամյակը շնորհավորելով: Նա ասաց, որ 100-ամյակն է մի հանրապետության, որը սպասված է եղել հարյուրավոր տարիներ: Ըստ նրա, եթե չլիներ 100 տարի առաջ մեր Առաջին Հանրապետությունը, շատ դժվար էր լինելու խորհրդայնացման տարիներին ստեղծել Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետությունը:

Նախագահն ասաց, որ մենք ապրում ենք Երրորդ Հանրապետությունում, որն իրականում ստեղծվել է 100 տարի առաջ:

Նշենք, որ ՀՀ նախագահի մրցանակը համակարգում եւ կազմակերպում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Նախագահը շնորհակալություն հայտնեց Պողոսյանների ընտանիքին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ տնօրենին, հանձնաժողովի անդամներին եւ մրցանակակիրներին:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ «Եթե փորձեմ շատ պարզեցնել մեր առջեւ դրված հիմնական խնդիրները, կկարողանամ խմբավորել 3 հիմնական խմբերի մեջ: Առաջինը ես կանվանեի մեր տունը: Մեր տունն ասելով՝ հասկանում եմ մեր հայրենիքը մեր երկիր հայրենին: Մեր տունը ասելով՝ հասկանում եմ մեր երկիրը՝ մեծ հայրենիքը, որը կորցրել ենք, մեր տունը ասելով՝ հասկանում եմ մեր ժողովրդին՝ ՀՀ քաղաքացիներին, Արցախի քաղաքացիներին եւ հայ ժողովրդին սփռված ամբողջ աշխարհում: Մեր տունը ասելով՝ հասկանում եմ մեր ողջ հարստությունը՝ բնական ռեսուրսները, բնապահպանական խնդիրները: Մեր տունը ասելով՝ հասկանում եմ մեր հոգեւոր արժեքները, մեր եկեղեցին, մեր քաղաքացուն, որն այսօր ամիսների ընթացքում ցույց տվեց իր քաղաքացիական պատկանելությունը եւ պատկանելությունը՝ քաղաքացի լինելու բարձր կոչմանը: Մեր տունը ասելով՝ հասկանում եմ պետական բոլոր ինստիտուտները՝ ՀՀ Սահմանադրությունը, կառավարությունը, ԱԺ-ն եւ բոլոր այն մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրում են պետականության կառուցմանը»:

Ինչ վերաբերում է երկրորդ խմբին, նախագահն այն անվանեց «մեր անվտանգությունը». «Անվտանգություն ասելով՝ չեմ պատկերացնում միայն զուտ ռազմական անվտանգություն, դա մեր զինվորն է՝ սահմանի վրա կանգնած եւ այն գեներալը, որն առաջնորդելու է այդ զինվորներին: Անվտանգություն ասելով՝ հասկանում եմ նաեւ պետական ծառայության այն բոլոր մարմիններին, որի վրա դրված է Սահմանադրությամբ երկրի անվտանգությունը, բայց անվտանգություն ասելով՝ հասկանում եմ նաեւ տնտեսական անվտանգություն, երկրի ապագան, որ մեր երկիրը լինի զարգացող: Անվտանգություն ասելով՝ հասկանում եմ նաեւ այն բոլոր գաղափարները, գործիքները, որոնք նպաստում են ՀՀ միջազգային անվտանգության եւ միջազգային կեցությանը, թե ինչպիսի տեղ է ՀՀ-ն զբաղեցնում ազգերի միասնության մեջ: Հասկանում եմ նախ եւ առաջ Արցախի անվտանգությունը, Արցախի հիմնահարցի արդար լուծումը»:

Իսկ երրորդ խումբը նախագահն անվանեց «մեր անցյալը, այսօրը եւ ապագան», այդ խումբը կրթությունն է, գիտությունը, մշակույթը. «Մենք հարյուրավոր տարիներ չենք ունեցել պետություն, բայց կարողացել ենք գոյատեւել, որովհետեւ եղել ենք հայ, հավատացել ենք Աստծուն, հավատացել ենք, որ ունենք երկիր, մեր տունը, հավատացել ենք, որ այս տունը մերն է եւ մի օր պետք է վերադառնանք հայրենիք: Հավատացել ենք, որ մեր անվտանգությունը շատ կարեւոր է, եթե անվտանգությունը չապահովենք, կունենանք երկրորդ եղեռն»:

Նա ասաց, որ մեր երեխաներին պետք է կարողանանք կրթել, նրանց ցույց տալ ապագան, եթե կարողանանք նրանց տալ լավագույն կրթությունը, անկախ նրանից, թե որտեղ ենք տվել նրան այդ կրթությունը. «Կարող ենք ապրել առանց երկրի, առանց մշակույթի, առանց հավատի չես կարող ապրել:Ես շատ ուրախ եմ, որ այսօր մրցանակներ ենք տալու այն անձանց, որոնք շատ կարեւոր առանձնահատուկ եւ բարձր մակարդակի ներդրում են ունեցել հենց կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031