Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նախագահի նստավայրում մասնակցում էր մրցանակաբաշխությանը: Լրագրողների հետ զրույցում նա վստահեցրեց, որ ԵՊՀ-ն ապաքաղաքական կառույց է եղել, կա եւ լինելու է. «Առանձին մարդկանց այս կամ այն կուսակցության անդամ լինելը չի նշանակում, որ բուհը քաղաքականացված է: Դա իր կուսակցության անդամ լինելու որոշումն է, իր գաղափարական որոշումն է, դա նրա անձնական գործն է, իր իրավունքների սահմանում է: Ուրիշ բան է, որ նրանք պիտի կուսակցական քարոզչություն չիրականացնեն բուհում»:
Դիտարկմանը, որ ուսխորհուրդները տարիներ շարունակ իրականացրել են կուսակցական քարոզչություն եւ ուղղորդում՝ Արամ Սիմոնյանն արձագանքեց. «Ո՞վ ասաց ձեզ: Ո՞վ է ԵՊՀ ուսանողական խորհրդում այս կամ այն կուսակցության անդամ, կարո՞ղ եք մեկին ասել՝ չեք կարող, որովհետեւ չկա»:
Նա ասաց, որ համալսարանում «Ռեստարտ» նախաձեռնությանը դրական է վերաբերում, չի կարծում, որ այն ընդդիմություն է լինելու ուսխորհուրդներին: Ըստ Արամ Սիմոնյանի, այդ նախաձեռնությունը համագործակցելու համար է ստեղծվել, այդ թվում բուհերի վարչակազմի եւ ուսխորհուրդների հետ:
Խոսելով շարժման օրերին ԵՊՀ դռները փակելու եւ իր պահվածքի մասին՝ ռեկտորն ասաց. «Համալսարանի դռները չեն փակվել: Ես ոչ մի արածիս համար մինչեւ հիմա դեռ չեմ ափսոսել, որովհետեւ ինչ արել եմ՝ արել եմ խղճի մտոք: Իսկ դռներ փակելու հանգամանքը ծամոնի նման ծամծմվում է, չի եղել այդպիսի բան»:
Նիկոլ Փաշինյանի հետ չհանդիպելու հետ կապված էլ Արամ Սիմոնյանն ասաց, որ Փաշինյանի հետ ուզում էր առանձնազրույց ունենալ, նա չհամաձայնեց, ուզում էր լրագրողների հետ գալ, դրա համար էլ չհանդիպեցին: Արամ Սիմոնյանի խոսքով՝ «Լրագրողները պարտադիր չի, որ ամեն տեղ լինեն: Լրագրողները կարող են տեղեկատվություն ստանալ, կամ լինեն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Տվյալ դեպքում ես գտա, որ կարելի է առանց լրագրողների»:
Թե ինչպես է գնահատում հիմա վարչապետի գործունեությունը՝ Արամ Սիմոնյանն ասաց, որ կես ամսվա մեջ սկի ինքը՝ վարչապետը չի կարող գնահատել իր գործունեությունը, որովհետեւ դեռ կառավարության ծրագիրն էլ չկա:
Հարցին՝ այս փոփոխությունը մեր երկրին անհրաժե՞շտ էր՝ Արամ Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այո, յուրաքանչյուր փոփոխություն, որը բարեփոխման է բերում, դրական է»:
Թե այդ փոփոխությանը ի՞նչ անուն կտա՝ հեղափոխություն էր, իշխանափոխություն էր, ի՞նչ էր՝ Արամ Սիմոնյանը պատասխանեց. «Ես հեղափոխության մասնագետ եմ, ես ռուսական առաջին հեղափոխության մասնագետ եմ եղել՝ հեղափոխություն, հեղաշրջում, իշխանափոխություն տերմինները շատ զգուշությամբ պետք է օգտագործել: Ամեն մի տերմին ունի իր նշանակությունը: Սա իշխանափոխություն է եղել, եղել է ժողովրդի կամքով: Հեղափոխությունը արմատական փոփոխություն է հասարակական կարգի, իսկ մեզ մոտ հասարակական կարգի, կամ սոցիալ-տնտեսական կարգի տեղի չի ունեցել: Կարող ենք ասել հեղափոխություն՝ պայմանականորեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ