Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապակենտրոնացումն, ըստ մեզ, եղել և մնում է Հայաստանի և Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման օրակարգի առանցքային հարցերից մեկը. ուղերձ

Մայիս 24,2018 17:15

Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհրդի

ՈՒՂԵՐՁԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան,

Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհուրդը ողջունում է ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր ընտրությունը և նոր ձեւավորված կառավարությանը, հույս հայտնում, որ տեղական ժողովրդավարության ու տեղական ինքնակառավարման ամրապնդումը մշտապես կգտնվի նորանշանակ կառավարության ուշադրության կենտրոնում:

Տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հետևանք էր նաև երկրում առկա կառավարման ու միջոցների գերկենտրոնացվածության, ինչի մասին միշտ բարձրաձայնել է Հայաստանի համայնքների միությունը՝ ներկայացնելով համայնքների միասնական ձայնը։

Այսօրվա քաղաքական փոփոխությունները մենք դիտարկում ենք որպես Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացման, ապակենտրոնացման իրականացման մեծ հնարավորություն։

Փաստ է, որ բնակիչների կողմից վճարվող հարկերից ձևավորվող հանրային միջոցների 90%-ից ավելին տնօրինում է կենտրոնական կառավարությունը, և այդ միջոցների միայն մոտ 8%-ն է մնում 502 համայնքների (Երևանը ներառյալ) տրամադրության տակ, ինչն անբավարար է մարդկանց կյանքի որակը բարձրացնելու և ծառայությունները զարգացնելու համար։

Ուստի, ապակենտրոնացումն, ըստ մեզ, եղել և մնում է Հայաստանի և Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման օրակարգի առանցքային հարցերից մեկը։ Ակնկալում ենք, որ Ձեր գլխավորած կառավարությունը լիարժեք և համարժեք կարձագանքի այս մարտահրավերին, այն արտացոլելով նաև ՀՀ կառավարության ծրագրում։

Մենք ակնկալում ենք նաև պատշաճ երկխոսության ճանապարհով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ միասին նախագծել Հայաստանում ապակենտրոնացման ռազմավարության նախագիծ, որը կբխի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներից, կհամապատասխանի ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի եւ ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միջեւ 2015թ. ստորագրված «Հետմոնիտորինգային ճանապարհային քարտեզում» ամրագրված պարտավորություններին, ինչպես նաեւ Հայաստանի համայնքների միության 2016-2020թթ. ռազմավարության առաջնահերթություններին։

Ակնկալում ենք նաև, որ Ձեր գլխավորած կառավարությունը կերաշխավորի ՀՀ Սահմանադրության 190-րդ հոդվածով սահմանված համայնքների լսված լինելու իրավունքը։

Հայաստանի համայնքները, Համայնքների միությունը պատրաստակամ են համագործակցելու ու համատեղ ձևավորելու տեղական ժողովրդավարության զարգացման ու ապակենտրոնացման նոր օրակարգը, աջակցելու ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ի շահ մեր բնակչության։

Ուղերձն ընդունվել է Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհրդի նիստում, որն անցկացվել է մայիսի 24-ին, Երևանում։ Միության Հանրապետական խորհուրդը միության ընդհանուր ժողովից հետո ամենաներկայացուցչական կառավարման մարմինն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031