Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի քանի հոգու խիստ անձնական, շահադիտական նպատակներ». Գագիկ Մելիքյանը`Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին

Մայիս 24,2018 16:54

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ այսօր քննարկվել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի թեման:

Հիշեցնենք, Հայաստանում են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յուլիա Լյովոչկինան եւ իտալացի պատվիրակ Ջուզեպպե Գալատին: Նրանք այսօր հանդիպումներ են ունեցել Հայաստանի խորհրդարանում:

Հանդիպումից հետո, Aravot.am-ի հետ զրույցում, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադառնալով Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին, ասաց. «Ես կարծում եմ, որ դրանք հակասահմանադրական պահանջներ են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր մակարդակով կատարում է իր ստանձնած պարտավորություններն իբրեւ Երեւանի քաղաքապետ, ինքը վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը: Այն գործողությունները, որ կատարվում են իր դեմ, ընդամենը մի քանի հոգու խիստ անձնական, շահադիտական նպատակներ են հետապնդում: Դրանք ոչ Սահմանադրության, ոչ ՏԻՄ օրենսդրության հետ առնչություն չունեն: Կարծում եմ, իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ պետք է կատարեն`դրանց դադարեցման ուղղությամբ»:

Եվրոպացի պատվիրակները, ըստ պրն Մելիքյանի՝ համաձայնություն են հայտնել ՀՀԿ-ական պատգամավորների մոտեցումներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց`եթե Տարոն Մարգարյանին հորդորի`հրաժարական տալ, նա կհետեւի իր հորդորին: Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեցինք`վարչապետը Երեւանի քաղաքապետին կհորդորի՞ հեռանալ: «Ես կարծում եմ, որ վարչապետը կգնա Սահմանադրական ճանապարհով: Իսկ Սահմանադրությունը նման հորդորներ չի նախատեսում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031