Այսօր Aravot.am-ը նախագահ Արմեն Սարգսյանին հարցրեց՝ Դուք Սահմանադրության պահպանման երաշխավորն եք, իսկ Արմեն Աշոտյանը ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները խախտել են Սահմանադրության մի շարք հոդվածներ:
Հիշեցնենք, որ Աշոտյանին մտահոգել էր Փաշինյանի հայտարարությունը, որ երբ ինքը հորդորի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հրաժարական տալ, նրանք պետք է հրաժարական տան: Ըստ Աշոտյանի, Սահմանադրության խախտում է նաեւ, որ ԿԳ նորանշանակ նախարարը իր աշխատասենյակից զբաղվում է կուսակցական գործունեությամբ՝ հորդորելով մարդկանց դուրս գալ կուսակցությունից:
Ուստի մենք Արմեն Սարգսյանին հարցրեցինք՝ Դուք որեւէ խախտում տեսե՞լ եք Փաշինյանի կամ նրա թիմակիցների կողմից: Նախագահը պատասխանեց. «Ես չեմ կարող քաղաքական գործիչների հայտարարություններ մեկնաբանել, դա չի մտնում ՀՀ նախագահի պարտականությունների մեջ: Մինչեւ այսօր որեւէ քաղաքական գործչից, խմբավորումից, կուսակցությունից, կազմակերպությունից պաշտոնական բողոք չեմ ստացել»:
Ընդդիմությունը քննարկում է սուպերվարչապետի լիազորությունների մի մասը նորից փոխանցել նախագահին, ուստի լրագրողները հարցրեցին, թե նախագահն ի՞նչ դիրքորոշում ունի դրա հետ կապված: Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Երբ ինձ առաջարկվեց ՀՀ նախագահ լինել, ես Սահմանադրությունը գիտեի, ուսումնասիրել էի, հետեւաբար ընդունել եմ ՀՀ նախագահ լինել՝ այս Սահմանադրությամբ: Ցանկացած երկրում, երբ խոսում ենք երկրի կայունության, երկրի նկատմամբ քաղաքացիների վստահության մասին, ապագայի նկատմամբ ամուր կառույցներ ունենալու մասին, ապա մի քանի հիմնարար խնդիրներ կան, դրանցից մեկը իշխանության հավասար բաշխումն է, շատ էական է տարբեր կառույցների միջեւ՝ ԱԺ-կառավարություն-նախագահ: Որքան լիազորությունները հավասարաչափ տրամաբանորեն Սահմանադրության սահմաններում բաշխված լինեն, այնքան համակարգը ավելի կայուն է: Շատ էական է ցանկացած պետական կառույցի, կառավարության համար համակարգերի ստեղծումը, որը ոչ միայն կառավարության, կամ ԱԺ-ի, կամ նախագահական համակարգի մասն է կազմում, այլ նաեւ արտահայտում է հասարակության կարծիքը, նաեւ շտկման, հետեւելու, բողոքելու առիթ է տալիս հասարակության տարբեր կառույցների: Եթե կարողանանք այս բոլորը ժամանակին իրականացնենք, ունենանք կառույցներ պետական, որտեղ իշխանությունը հավասարաչափ բաշխվելով՝ բոլորը աշխատում են ի նպաստ երկրի ու պետականության, եթե կարողանանք քաղաքացիության հասկացողությունը դարձնենք մշտական մշակույթ, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի քաղաքացի չլինի միայն այն պահին, երբ փողոցում բողոքում է, այլ իր առօրյա կյանքում, ապա կարող եք վստահ լինել, որ մեր պետությունն ու պետականությունը ամուր է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ