Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն առայժմ իրավապահ մարմիններին չի դիմել, ինչպես որ երեկ Ազգային ժողովում հայտարարել էր, որոշ հարցեր լուծելու համար իրավապահ մարմինների հետ համագործակցելու իր մտադրության մասին: Պարոն Թորոսյանից այսօր կառավարության նիստից հետո լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչ խնդիրներ է արձանագրել՝ կոռուպցիոն սխեմաներ, հնից մնացած եւ այլն, պարոն Թորոսյանն ի պատասխան ասաց, որ կոռուպցիոն սխեմաները բացահայտման փուլում են, եւ դրանք հիմնականում գնումներում ու մրցույթներում եւ պետական փողերի բաշխումն են:
Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք նկատե՞լ է նախարարության կամ առհասարակ պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ գնումների մասով, Արսեն Թորոսյանն ասաց, որ առայժմ նման դեպքի չի հանդիպել:
Մանրամասները՝ տեսանյութում
Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի ծխախոտի դեմ պայքարում ամրագրված բարձր տուգանքների մասին, արդյոք դրանք կվերանայվե՞ն: Նախարարն ասաց, որ օրենքն Ազգային ժողով չի մտել, օրենքը քննարկումների փուլում է. «Երբ որ կմտնի, կվերանայվեն ամեն ինչ, ինչ որ հուզում է հասարակությանը, մասնագիտական շրջանակներին, պատգամավորներին՝ սկսած տուգանքներից, վերջացրած սահմանափակումների վայրերով:
Բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա՞ հարցին էլ՝ նախարարը պատասխանեց, որ երբ ոլորտում եղած անարդյունավետ ծախսերը նախարարությունը հետ կբերի, դրանք կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ