Ինչպես հայտնի է՝ մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր 1998 թվականին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
Մարտինի հայրը՝ Գրիգոր Խաչատրյանը մեզ պատմեց, որ որդուն բանակ էին զորակոչել ամռանը, առաջին անգամ հետաձգվել է նրա բանակ գնալը, որովհետև տղան առողջական լուրջ խնդիր ուներ՝ սրտի առիթմիա․ մեկ րոպեում 180 զարկ էր գրանցվել։ Երկրորդ անգամ ստուգելիս՝ արդեն ուղարկել են ծառայության՝ նշելով, որ հասունացման տարիք է, բոլորի մոտ էլ կարող է լինել նման խնդիր, վտանգ չկա, կկարգավորի։
Հայրը պատմեց, որ որդին Գյումրու «Բալատոն» վարժարանն ավարտելուց հետո քննություններ է հանձնել՝ միանգամից ընդունվելով երկու բուհ՝ ճարտարագիտական համալսարան և Հայաստանի ագրարային համալսարան։ Մարտինը գերադասել է գնալ մայրաքաղաք կրթվելու։
«Տուն վարձեցինք, երեք ընկերներով էին մնում, կուրսեցիները հերթով բանակ էին գնում, ինքն էլ էր շատ ուզում գնալ։ 3-րդ կուրս էր, որ բանակ գնաց։ Ճիշտ է՝ առողջական խնդիրներ ուներ, բայց երբեք ոչ մի դժգոհություն չէիր լսում, շատ համեստ ու զուսպ էր բնավորությամբ։ Դեռ փոքրուց կարող է ասենք իրեն դուր չգար օրվա ճաշը, չուտեր, սոված մնար, բայց երբեք չդժգոհեր։ Երբ հարցնում էիր՝ Մարտին ջան, ամեն ինչ նորմա՞լ է, ասում էր հա, պապ ջան, լավ է։ Ավել բան չէիր լսում, միշտ կարճ-կոնկրետ պատասխան։ Ես հրամանատարական կազմի հետո խոսելուց հասկացա, որ Մարտինս սիրված է եղել այնտեղ, իրենք ևս շահագրգռված են, որ ճշմարտությունը բացահայտվի», -ասաց հայրը։
Մարտինի դին գտել են մարտական դիրքում՝ ծառայություն իրականացնելիս, հարազատները ոչ մի տեղեկություն չունեն, թե ինչ հանգամանքներում կարող էր զոհվել նա։ Նրանց բնութագրմամբ Մարտինը բնավորությամբ հավասարակշռված երիտասարդ էր, կոնֆլիկտներ չէր սիրում, շատ ընկերասեր էր, սովորելով Երևանում՝ հանրապետության բոլոր տեղանքներից ընկերներ ունի։ Մշտապես կապի մեջ է գտնվել նրանց հետ, զանգահարել, խոսել է, կուրսեցիներից մեկն էլ իր հետ է ծառայում։ Հարազատների ասելով, նա այնպիսի մի տեղ էր ծառայում, որտեղ թշնամու գնդակ դժվար թե կպներ։ Նրա մահվան մասին որևէ վարկած դեռ չկա, նախնական տարբերակ անգամ չի քննարկվում։ Նրանք հույս ունեն, որ հետաքննությունը կտա ճշգրիտ պատասխանը։
Հայրը պատմեց, որ Մարտինի հետ խոսել է դեպքից երկու օր առաջ․ նորմալ տրամադրության մեջ է եղել, հորը խնդրել է իր քարտին գումար փոխանցել, որպեսզի ծխախոտ գնի։
Մենք մոտեցանք նաև Մարտինի հրամանատարին, որը սակայն զրուցելու տրամադրություն չուներ, նա ասաց, որ ոչինչ դեռ հայտնի չէ Մարտինի մահվան հանգամանքներից։ Նշեց, որ Մարտինը կարգապահ զինվոր էր։
Շուտով բանակ են զորակոչելու նաև Մարտինի փոքր եղբորը, որը ևս, հոր ասելով, առողջական խնդիրներ ունի։ Առողջական խնդիրներ ունի նաև հայրը, որը ծառայել է Սահմանապահ զորքերում։ Նրան առողջական խնդիրների պատճառով թոշակի են ուղարկել։ «Եթե Աստված չանի, պատերազմ սկսվի, ես էլի գնալու եմ, կապ չունի իմ առողջական վիճակը։ Ես ապրիլյան պատերազմին էլ գնացի մասնակցելու, ճիշտ է, ինձ չզինեցին՝ ասելով, թե առողջականդ նորմալ վիճակում չէ, բայց ես պատրաստ եմ կռվել հայրենիքիս համար», -ասաց Գրիգորի Խաչատրյանը։
Խաչատրյանների ընտանիքից աշխատում է միայն մայրը, նա մանկավարժ է։
Այսօր Մարտինի հոգեհանգստյան արարողությունն է, մասնակցելու են ներկայացուցիչներ ՊՆ-ից։ Վաղը կհուղարկավորեն 20-ամյա երիտասարդին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ