Այսօր նախագահի նստավայրում ՀՀ նախագահի մրցանակաբաշխությունն էր: Լրագրողները նախագահ Արմեն Սարգսյանին հարցրեցին՝ ամեն տարի մրցանակաբաշխությունից հետո դժգոհություններ են լինում, մանավանդ գրականության ոլորտում մրցանակների համար, մայիսի 4-ին նույնիսկ ձեզ նամակ հղեցին, անվստահություն հայտնեցին, ի՞նչ կասեք այդ մասին:
Նախագահը պատասխանեց. «Ես տեղյակ եմ, ես չգիտեմ նախկինում նախագահներն ինչպես են վարվել, բայց ես միջամտեցի՝ առաջարկելով, որ խորհուրդը հանդիպի դիմողների հետ, եւ եթե լուծում չգտնվի, ապա մրցանակն այս պահին չի տրվի: Բայց լուծումը գտնվեց, իրենք կոմպրոմիսի եկան, որը ինձ թույլ տվեց այդ մրցանակը ստորագրել: Եթե որեւէ մեկը որեւէ առիթով ունի բողոքներ, անհասկացողություն, պետք է իրեն ազատ զգա իր մտքերն արտահայտել, բայց միշտ հիշեք՝ ցանկացած բողոք, առաջարկ պետք է հիմնավորված լինի, տրամաբանված լինի: Մի կողմ թողեք զգացումները, որովհետեւ զգացական բողոքները, էմոցիոնալ բողոքները չեն օգնում»:
Նախագահն ասաց, որ իր խորհրդականներից մեկը այդ հարցով զբաղվել է եւ խնդիրը լուծվել է:
Ամուլսարի հետ կապված էլ նախագահն ասաց, որ իր աշխատակազմն ուսումնասիրում է հարցը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ