«Հայաստանում քաղաքացին տուգանվող սուբյեկտի կարգավիճակից պետք է ձերբազատվի եւ այս խնդիրը աներկբա պետք է լուծվի»,-կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այս օրերին բուռն քննարկումների առիթ դարձած տեսախցիկներով ու արագաչափերով արձանագրվող խախտումները համաներելու հարցին:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ի պատասխան վարչապետի հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում դաշտը կանոնակարգելու ուղղությամբ, ասաց, որ ոստիկանությունն արդեն հրապարակել է այն ցանկը, որով խախտումներ չեն արձանագրվելու: Եվ այդ խախտումները, ինչպես ուսումնասիրություններն են պարզել, կազմել են քաղաքացիների կողմից թույլ տրված խախտումների 70-80 տոկոսը. «Երբ մենք դադարեցրինք նաեւ արագաչափերի գործունեությունը, այդ ընթացքում զոհերի թիվը կարծես մի փոքր ավելացավ, իսկ երբ ոստիկանության կողմից նորից հայտարարությունը եղավ, որ արագաչափերը գործում են, ուսումնասիրություններով պարզվել է, որ խնդիրը արագաչափերի մասով չէ, մարդիկ դեմ չեն: Այլ հակառակը, կան քաղաքացիներ, որոնք դիմում են խնդրանքով, որ փողոցներում տվյալ հատվածներում արագաչափեր տեղադրվեն: Այստեղ ամբողջ խնդիրը տեսանկարահանող սարքերի հետ էր կապված, որի մասով հայտարարությամբ հանդես եկանք»,- նշեց ոստիկանապետը:
Պարոն Օսիպյանը նաեւ հայտնեց, որ հասարակական կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել ոստիկանությանն օգնելու, որպեսզի քաղաքացիներին իրազեկեն, փողոցներում անարխիա չլինի: Վալերի Օսիպյանը չբացառեց, որ կլինեն քաղաքացիներ, որոնք կօգտվեն առիթից եւ խախտումներ թույլ կտան:
Պարոն Փաշինյանը սակայն հակադարձեց, որ պետությունն ունի բավարար մեխանիզմներ կարգը պահպանելու եւ նման վարորդներին կարգի հրավիրելու համար:
«Մենք պետք է խնդրի փիլիսոփայությունը փոխենք, պետք է հասկանանք, որ քաղաքացին տուգանվելու, կներեք այս բառի համար, մատերիալ չէ: Ասենք՝ առավոտյան դուրս է գալիս, ասում են՝ որտեղ բռնենք, մի հատ տուգանենք էս մարդուն: Այս փիլիսոփայությունը պետք է փոխվի, եւ դա չպետք է հակադրել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման խնդիրներին»,-ասաց պարոն Փաշինյանը:
Ըստ նրա,
որևէ բան չպետք է լինի ընդդեմ քաղաքացու, պետք է լինի հանուն քաղաքացու. «Տուգանքների չափերի հետ կապված ընթացակարգերում օրենսդրական փոփոխություններ են պատրաստվել, որպեսզի այս հարցում էական փոփոխություն լինի: Քաղաքացիները, նրա խոսքով, պետք է այդ անարդարության զգացողությունը թոթափեն»:
Վարչապետի համոզմամբ, ոստիկանության խնդիրը չէ, եւ նոր իրավիճակում յուրաքանչյուր քաղաքացի նաեւ պետք է իրեն լիազորված համարի, որ ըստ անհրաժեշտության կարգի հրավիրի նրանց, որոնք վտանգում են ուրիշի կյանքը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ