Այսօր նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանը արտահերթ ընտրությունների հետ կապված ասաց. «Պետք է, թե պետք չի, դա երկու սուբյեկտ է, որ պետք է որոշեն՝ մեր հայ ժողովուրդն է եւ այդ հայ ժողովրդի համապատասխան մարմինը՝ ԱԺ-ն: Եթե այդպիսի որոշումն ընդունվի, ապա նախագահի պարտականությունները կլինեն իր լիազորությունների շրջանակներում անել ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունները լինեն արդար եւ արդարացի»:
Խոսելով քաղբանտարկյալների մասին՝ նախագահն ասաց. «Դիրքորոշումս շատ պարզ է՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չպետք է լինեն՝ երեկ, այսօր եւ վաղը»: Իսկ թե հիմա կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ, թե՞ ոչ՝ նախագահը պատասխանեց, որ մարդու իրավունքների հետ կապված որոշ կազմակերպություններից փաստաթղթեր է ստացել, այդ փաստաթղթերը մոտ ժամանակ կուղարկվեն ՀՀ կառավարություն՝ համապատասխան նախարարություններ եւ պետք է սպասել, որ ՀՀ կառավարությունը եւ վարչապետը որոշումներ ընդունեն, եթե համաներման հետ որոշակի գնահատականներ կան»:
Նա ասաց, որ ՀՀ նախագահը պետք է իրեն պահի որպես ՀՀ նախագահ, եթե իրեն այլ տեղ պարզապես հարցնեն քաղբանտարկյալների մասին՝ իր կարծիքը կասի, բայց ոչ որպես ՀՀ նախագահ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ