Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մե՞նք ենք սաբոտաժ անում. սաբոտաժ են անում նրանք, որոնք ականջիդ սխալ խորհուրդ են տալիս». Արամ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մայիս 24,2018 15:45

«Ուզում եմ դիմել իմ ընկերոջը, քաղաքական համախոհին՝ Նիկոլ Փաշինյանին, որ իմանա՝ այստեղ իր համակիրներն են, այն մարդիկ, որոնք ուզում են՝ այս հեղափոխությունը հաղթանակի»,- ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ անցկացվող ի պաշտպանություն քաղբանտարկյալների ցույցի ժամանակ հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանի համախոհներին չբավարարեցին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի պարզաբանումներն իրենց պահանջների վերաբերյալ, ուստի «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը զգուշացրեց՝ ճնշումն ավելացնելու են:

Արամ Հարությունյանը հավաստիացրեց՝ ինքն ու իր ընտանիքը 30 տարի սպասել են այս օրվան. ինչպես 1988-ին, հիմա էլ ինքը գոչում է՝ ազատություն: Նա նշեց՝ ուզում է, որ Փաշինյանն իմանա՝ այստեղ միայն այն մարդիկ են, որոնք ուզում են՝ այս հեղափոխությունը հասնի վերջնական նպատակի, որ ՀՀ-ում իրոք լինի բազմակարծություն: Այս առիթով հայտարարեց. «Ստացվում է՝ վերացնում ենք շաքարավազի և բանանի մենաշնորհը, բայց պիտի լինի ընդվզման մենաշնորհ, և դա վերևից պիտի ասվի, թե ում հետ կապված, ուստի չեմ կարծում, որ այդ պարագայում բան ենք շահելու»:

Արամ Հարությունյանը հստակեցրեց՝ իրենց պահանջը գործադիրից չէ, այլ դատական իշխանությունից՝ դատավորից, դատախազից, որոնք մնացել են հինը. «Այս հավաքների նպատակն է, որ հեղափոխությունը համերաշխության է, ուրեմն այլակարծություն պիտի լինի: Այնտեղ, որտեղ կա անհատի պաշտամունք, հաստատ կլինի ժողովրդի թշնամի, և ֆեյքերը կհարձակվեն մարդու վրա: Այս իշխանությունների համախոհները ֆեյսբուքում չեն, այլ Սամվել Բաբայանն է, քաղբանտարկյալները, որոնք կռիվը 1988-ից են տվել: Այնպես պիտի կարողանանք անել, որ որևէ մեկը խնդիր չունենա, արյուն չթափվի: Բայց հեղափոխությունը մեկ օրում չի լինում. դանդաղ գործընթաց է: Ուզում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ մենք իր բարեկամներն ենք, այս հեղափոխության մարտիկները: Ես չեմ մտածում, որ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ Վոլոդյա Ավետիսյանը մեկ ամիս ու կես նստած է, բայց 13-ին եկավ, չմոտեցավ, հացադուլի էինք նստել, չմոտեցավ: Այդ ամենը մի կողմ դրեցինք: Բոլորս ասացինք՝ Նիկոլ, այսօր ժողովուրդը սպասում է, որ դու վերցնես այդ ամենն ու տանես առաջ»:

Արամ Հարությունյանը ՀՀ վարչապետին հորդորեց խորհրդակցել հոր հետ. «Եթե ժամանակին խորհրդակցում էիր ընտանիքիդ հետ, հիմա էլ խորհրդակցիր, հայրդ շատ իմաստուն մարդ է. իր հարցազրույցներում այդ ցավը կա, ամենաշատն ինքն է մտահոգված: Այն մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի նկարը հանել, քոնն են կպցրել, կամ ստատուսներ են գրել, դրանք քո բարեկամները չեն, այլ Սամվել Բաբայանը, Ժիրայր Սեֆիլյանն են քո բարեկամները: Սերժ Սարգսյանի հոգին դատավորների, դատախազների մեջ է, այն մարդկանց մեջ, որոնք չարախնդում են: ՀՀԿ-ն, եթե տազ է արել, նրանք չեն քո բարեկամները կամ այն 58 հոգին: Քո բարեկամները բանտում են: Գիտեմ՝ ընտրություններից առաջ 2017-ին հանդիպել ենք Սամվել Բաբայանի հետ: Նա մի բան էր ուզում, որ բոլոր ընդդիմադիրները մի ցուցակով գնան, քանի որ մարդիկ կան, որոնց բոլոր ընտրությունների ժամանակ ցուցակից հանել են, քանի որ իշխանությունը չի ուզել, որ նրանք խորհրդարան մտնեն»:

Արամ Հարությունյանը հայտարարեց՝ այս հեղափոխությունը միայն գործադիրը չի արել, այլ բոլորը ու պիտի վայելեն բոլորը:

Դառնալով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, թե իրենց կատարածը սաբոտաժ է, պարոն Հարությունյանը վրդովվեց. «Ւ՞նչ է նշանակում սաբոտաժ. ի՞նձ եք ասում սաբոտաժ, երբ իմ տղային գործից հանել են, 2006-ից չեմ աշխատում, տները գրավի տակ են: Մե՞նք ենք սաբոտաժ անում: Սաբոտաժ են անում նրանք, որոնք ականջիդ սխալ խորհուրդ են տալիս: Խորհրդակցի հորդ հետ, քաղաքական ուժերի հետ»:

Պարոն Հարությունյանը հայտնեց, թե պաշտոն չի ունեցել, չի էլ ձգտում պաշտոնի ու դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Ուզում եմ՝ խորհրդակցես մարդկանց հետ, որոնք ճանապարհ են անցել: Այս հաղթանակը բոլորինն է, ոչ թե մի քանիսինը և բոլորս պիտի տեր կանգնենք: Քաղբանտարկյալների հարցը շատ կարևոր է. դրանով է որոշվելու՝ մենք իրոք հաղթե՞լ ենք, թե՞ ոչ»:

Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը հստակեցրեց՝ առաջնային պահանջն է մեկ ժամ առաջ ազատության մեջ տեսնել Սամվել Բաբայանին: Նա վստահեցրեց, որ միևնույն է, այդ ամենին ականատես են լինելու վաղ թե ուշ. «Մեր հերոսն այժմ գտնվում է վատ վիճակում, եթե այն իշխանությունների ժամանակ ամեն ինչ պարզ էր, հիմա քաղաքական իրողություն է փոխվել: Միայն Սամվել Բաբայանը չէ, այդ անձանց շարքը մեծ է. մարդիկ, որոնք անիմաստ գտնվում են կալանավայրում»:

Գուրգեն Եղիազարյանը կատարվածը բնութագրեց որպես նյարդերի պատերազմ և հույս հայտնեց, որ շատ շուտով Սամվել Բաբայանը կլինի ազատության մեջ: Նա ամփոփեց. «Հերոսը տանը կլինի. նա իրավունք չունի լինել ճաղերի հետևում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Ես հետևել էմ Սամվել Բաբայանի դատական ընդացքին և չեմ համոզվել նրան վերագրվող մեղքերի մեջ: Ես նույնպես գտնում եմ ,որ անհապաղ Ս.Բաբայանը պետք է ազատվի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031