Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ովքեր մրցանակ ստացան ՀՀ նախագահից. Պարգեւատրվողների թվում են Տիգրան Մանսուրյանը, Ֆոտոլուրի մեր գործընկերները

Մայիս 24,2018 15:19

Այսօր ՀՀ նախագահի 2017-ի մրցանակակիրների անունները հայտնի դարձան:

Նախագահ Արմեն Սարգսյանը պարգեւատրեց 12 բնագավառների հաղթողներին՝ բժշկագիտություն, բնական գիտություններ, ֆիզիկա, հումանիտար գիտություններ, գրականություն, արվեստ, դասական երաժշտություն, վոկալ եւ գործիքային կատարում ուղղություններով: Մրցանակակիրները ստացան կրծքանշան, պատվոգիր եւ դրամական պարգեւ: Մինչ օրս ՀՀ նախագահի մրցանակ ստացել է 348 անհատ եւ կազմակերպություն, այդ թվում՝ 24 միջազգային:

Այս անգամ մրցանակակիրների թվում են Տիգրան Մանսուրյանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ներդրման համար: Մաեստրոն մրցանակը ստացել է՝ Հայոց ցեղասպանության թեման երաժշտության միջոցով համաշխարհային հանրությանը ներկայացնելու եւ նահատակների հիշատակը «Ռեքվիեմով» հավերժացնելու համար:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ընտանիքն անցել է այդ ցավոտ ճանապարհը. «Սա ոչ միայն ընդհանուր ցավն է, այստեղ նաեւ ընտանիքիս ցավն է: Մայրս չկար, երբ այս գործը գրեցի, բայց միշտ ասում եմ՝ վստահ եմ, որ այն աշխարհում մայրս գոհ է այս գործից»: Մաեստրոն ասաց, որ այսօր Հայաստանը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է եւ իրենք՝ արվեստագետները պետք է օգտվեն դրանից. «Պետք է ներկայանանք հնարավորինս արդար ձեւով եւ հետո մեջտեղ բերենք նաեւ մեր արժեքները՝ Մատենադարանում, թանգարաններում կուտակված: Դա պետք է անել այսօր այնպիսի կենտրոնների հետ, որոնք իրենց աշխատանքը ծրագրում են մի քանի տարիների հեռավորության համար: Այսօր պետք է դրա հիմքերը դնել»:

Բժշկագիտության մասով մրցանակներ հանձնվեցին Մհեր Բիշարյանին, Մարինե Բաղդասարյանին եւ Դիանա Հարությունյանին՝ «ՀՀ տարածքում անձի նույնականացման եւ փորձաքննության նպատակով կատարված պոպուլյացիոն դիմածնոտային եւ գենոմային հետազոտություններ» աշխատության համար:

Բնական գիտությունների ոլորտում մրցանակակիրներն են Գեղամ Գեւորգյանը, Կարեն Քեռյանը, նաեւ Սամվել Սիրեկանյաննն ու Անուշ Հովակիմյանը: Ֆիզիկայի ոլորտում՝ Աշոտ Պետրոսյանը, Կարինե Հովհաննիսյանը, Մարինա Դերձյանը:

Ուշագրավ է, որ տեխնիկական գիտություններ եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ բնագավառում որեւէ մրցանակ չտրվեց:

Հումանիտար գիտությունների բնագավառում մրցանակ տրվեց ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանին՝ «Ծառ-ծաղկաքաղիկ» գրքի համար:

Գրականության ոլորտում՝ Հովհաննես Երանյանին՝ «Մեղքի պարան» վեպի համար եւ Արա Առաքելյանին՝ Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպի թարգմանության համար:

Պարգեւատրվեցին նաեւ մեր գործընկերները՝ Ֆոտոլուրից: «Մենք եւ դիմանկար՝ Հայաստան» լուսանկարների շարքի համար մրցանակ ստացավ Զավեն Խաչիկյանը, իսկ «Ակնթարթ» լուսանկարների շարքի համար՝ Հայկ Բաղդասարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հայկ Բադալյանը, Լուսինե Սարգսյանը: «Pattern» լուսանկարների շարքի համար Սիրանուշ Մխիթարյանն արժանացավ մրցանակի, «Քամու հետ» վավերագրական ֆիլմի համար՝ Արթուր Սահակյանը, «Ադապտացիա» վավերագրական ֆիլմի համար՝ Մանե Բաղդասարյանը, «Երկնքի եւ երկրի միջեւ» վավերագրական ֆիլմի համար՝ Մանե Գրիգորյանը:

Գրականության ոլորտում մեկ մրցանակակիր կա՝ Երվանդ Վարդանյանը՝ «Անարխիստների կղզին» պատմվածքների ժողովածուի համար:

Դասական երաժշտության երգեցողության համար մրցանակ ստացան Ջուլիետտա Ալեքսանյանը եւ Հովհաննես Անդրեասյանը բարձր կատարողական արվեստի համար: Իսկ գործիքային կատարման համար՝ Դիանա Ադամյանն ու Տիգրան Պետրոսյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031