Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը` Փաշինյանի հեքիաթ կարդալու, Գեղամյանին գրող համարելու ու Քոչարյանի գրքամերժության մասին

Մայիս 24,2018 14:50

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է որոշակի պարբերականությամբ ուղիղ եթերով հեքիաթ կարդալ։ Վարչապետն էլ համաձայնել է։

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարտիրոսյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը հեղափոխության առաջնորդ է եւ շատերի կողմից ընկալվում է որպես փրկիչ` 20 տարվա ռեժիմից: Երբ Փաշինյանին ցույց են տալիս, մարդիկ ուզում են նմանվել իրենց սիրած կերպարին, եւ երբ սիրած կերպարը ընթերցող է, մարդիկ թեքվում են դեպի ընթերցանություն:

Առհասարակ, ամբողջ աշխարհում ընդունված կանոն կա. եթե hասարակության 10%-ին ասեն, որ կարդալու համար բանտ կնստեցնեն, նրանք կգնան բանտ, բայց կկարդան, եթե մյուս 10%-ին ասեն` չկարդաք, բանտ կնստեք, կգնան բանտ ու չեն կարդա: Իսկ 80%-ը կանի այն, ինչ իշխանությունն է անում: Եթե իշխանությունն ընթերցող է, 80%-ը կգնա դեպի ընթերցանություն, եթե ընթերցող չէ, 80%-ը կգնա դեպի չընթերցանություն»:

Արմեն Մարտիրոսյանը հայտարարում է, որ շուրջ 20 տարի չընթերցող, գիրքը չսիրող, չհարգող իշխանություններ ենք ունեցել. «Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ ասաց, որ ինքը գիրք կարդալ չի սիրում: Դրա պատճառով ես որպես հրատարակիչ շատ ջանքեր եւ գումար եմ դրել, որ փորձեմ հասարակությանը հանել այդ փոսից: Այդ ժամանակ 6 տարեկան դուստրս մոտեցավ ինձ ու ասաց` հայրիկ, ես այլեւս գիրք չեմ կարդա, որովհետեւ լսել է Ռոբերտ Քոչարյանի ասածը: Իսկ Սերժ Սարգսյանի համար ամենամեծ գրողը այդպես էլ մնաց Արտաշես Գեղամյանը: Ինչքան հիշում եմ, նրա գրքի համար երեք անգամ շնորհանդես արեցին»:

Նա անդրադարձավ նաեւ իր խոսքերով՝ 90-ականների գրագետ, գրող, ընթերցող իշխանություններին` Լեւոն Տեր-Պետրոսյանին, Վանո Սիրադեղյանին, Բաբկեն Արարքցյանին եւ մյուսներին:

Ինչ վերաբերում է այսօրվա իշխանություններին, Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, այն նույնպես ընթերցող է, նաեւ մի քիչ գրող. «Նիկոլ Փաշինյանը որպես լրագրող պրոֆեսիոնալ է, որպես գեղարվեստական ստեղծագործության ժանրի մարդ, իր առաջին քայլն է եղել վեպի ժանրում: Ես չգիտեմ` մյուսները գրո՞ւմ են իրենց համար, կամ հրապարակվել են, բայց որ ակտիվ ընթերցող են, մի վայրկյան չեմ կասկածում: Որ Նիկոլը մեծ ընթերցող է, դա էլ չեմ կասկածում:

Ու երբ հասարակությունը տեսնի, որ ընթերցանությունը կարեւոր է եւ այն պետք է զարգացնել փոքր հասակից` մոր կաթի հետ, դա շատ կարեւոր դեր կունենա հասարակության փոփոխության համար: Թե չէ, երբ ծնողը երեխային ասում է` մի ծխիր, բայց ինքը ծխում է, երեխաների մեծ մասը ծխելու փորձեր է անում, պետք է քո օրինակով դաստիարակես, ոչ թե դատարկ խոսելով:

Այս նկատառումներից լինելով եմ դիմել պարոն Փաշինյանին, որ ընթերցանության կտորը կազմակերպեն: Կառավարության անդամները կկարդան իրենց բալիկների, թոռնիկների համար, իսկ ով բալիկ կամ թոռնիկ չունի, կարող է գրադարանում կարդալ, սիրած դպրոցի առաջին դասարանցիների համար կարդալ, այսինքն՝ բարձրաձայն ընթերցելու մշակույթի ներմուծման խնդիր կա»:

Մեր զրույցի ընթացքում հրատարակիչն անդրադարձավ նաեւ գրքի վրա դրված ավելացված արժեքի հարկին. «Թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի նախարարները հղում էին անում Ադրբեջանի ավելացված արժեքի հարկի վրա, ասում էին` այնտեղ 20% է, մենք էլ պետք է 20% անենք: Սա էր նախորդ իշխանությունը: Այժմ վերջապես իշխանության են եկել կարդացող ու գրող մարդիկ, որոնք հասարակությանը կտանեն իրենց հետ դեպի կարդալը եւ գրելը»:

Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ գիրք կարդալու որեւէ ցանկ չի առաջարկել վարչապետին, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե կոնկրետ իր հրատարակչության առաջխաղացմամբ է մտահոգված:

Արմեն Մարտիրոսյանին հիշեցրինք, որ նախկին իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն էլ էր ներգրավված իր նախաձեռնությամբ իրականացվող «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծին: «Այո, Արմեն Աշոտյանը արել է, նա Խնկո-Ապոր գրադարանում էլ է ընթերցել բալիկների համար, այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում` այո, արել է, ապրի ինքը»: Նաեւ հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես մինչեւ վարչապետ դառնալը Խնկո-Ապոր գրադարանում կարդացել է իր գրած հեքիաթը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա Պողոսյան says:

    Հետաքրքիր մտահղացում է։ Մի Ժամանակ հեռուստաընկերություններից մեկը, ցավոք արդեն չեմ հիշում որը, թողարկում էր նաև «Իմ գրադարանը» հաղորդաշարը, որը նույնպես նպաստում էր ընթերցանության տարածմանը։ Կարելի է մտածել նաև այդ հաղորդաշարի, միգուցե ֆորմատի որոշակի փոփոխությամբ, վերաթողարկման ուղղությամբ։ Սակայն ավելի կարևոր եմ համարում ակցիզային հարկերի, կամ այլ տարատեսակ հարկերից հրատարակիչներին ազատելու շնորհիվ գրքերի գների մատչելիության հարցը։ Որովհետև որքան էլ պրոպագանդվի ընթերցանությունը, միևնույն է, եթե միջին վիճակագրական գիրքն արժե 6000-10000 դրամ, ապա դժվար կլինի միջին վիճակագրական ընթերցողի համար թեկուզ ամսական 1 գիրք գնել։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031