Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխուժացել եք. կարոտել էիք. հա՞». Արտուշ Գաբրիելյանը՝ «Սասնա ծռերին»

Մայիս 24,2018 13:52

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով հերթական դատական նիստն է: Նախորդ նիստը չէր կայացել, քանի որ ոստիկանության ուղեկցող գումարտակն ամբաստանյալներին դատարան չէր բերել՝ վերջիններիս համակիրների կողմից փողոց փակելու պատճառով, ուստի «Իմ քայլը» ժողովրդական շարժումից հետո սա ամբաստանյալների մասնակցությամբ այս գործով առաջին նիստն է: «Էս աշխուժացել եք, հա՞…կարոտել էի՞ք»,-իրեն բնորոշ կատակասիրությամբ ամբաստանյալներին դիմեց Արտուշ Գաբրիելյանը: Ապա նախատեց. «Հասկացանք, որ կարոտել եք իրար, մի խոսեք, մի խանգարեք»:

Հրապարակվեց մոտ երկու ամիս առաջ ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի առողջական վիճակի փորձաքննության արձանագրությունը, համաձայն որի՝ Եղնուկյանի մոտ առկա է զարկերակային հիպերտենզիա, առաջին աստիճանի աորտալ անբավարարություն, լեղաքարային հիվանդություն, նաեւ՝ ողնաշարի սկավառակների եւ շագանակագեղձերի գերաճի խնդիր: Փորձագիտական եզրակացության մեջ նշված է, որ այդ հիվանդությունները չեն կարող Եղնուկյանի կողմից նիստերին չմասնակցելու պատճառ դառնալ: Բժիշկները նաեւ գրել են, որ Եղնուկյանին դեղորայքային բուժում է ցուցված, որից նա հրաժարվել է: Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը փորձագիտական եզրակացությունը կողմնակալ համարեց եւ պնդեց՝ բժիշկները չեն կարող Եղնուկյանի փոխարեն որոշել՝ նա ի վիճակի՞ է նիստի մասնակցել, թե ոչ: Պաշտպանը դատավորին տեղեկացրեց՝ մեկ տարի շարունակ ՔԿՀ-ում օրը երեք անգամ չափել են Եղնուկյանի ճնշումը, որը նորմայի սահմաններում է եղել, մինչդեռ ամեն անգամ նիստի մասնակցելուց Եղնուկյանի այն բարձրանում է: Ըստ պաշտպանի՝ սա բավարար է պնդելու համար, որ Եղնուկյանը վատանում է միայն նիստի մասնակցելիս:

Այս գործով մեղադրող-դատախազներից Արթուր Չախոյանը Տիգրան Հայրապետյանի կարծիքի հետ չհամաձայնեց՝ նրա հայտարարությունները որակելով որպես սուբյեկտիվ: Ապա Տիգրան Հայրապետյանը հավելեց, որ նշյալ եզրակացությունը կայացվել է մինչեւ «Իմ քայլը» ժողովրդական շարժումը, ուստի հիմա դրա առնչությամբ այլ հայտարարություն չունեն: Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031