Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ճնշումն ավելացվելու է». Սամվել Բաբայանի աջակիցների պահանջը չի բավարարվում

Մայիս 24,2018 13:27

Այս պահին ի պաշտպանություն քաղբանտարկյալների բողոքի ցույց անցկացնող քաղաքացիներից մի քանիսը հանդիպում են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանին:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը հայտնեց, թե պահանջում են, որ հնարավորինս սեղմ ժամկետում Սամվել Բաբայանի գործով որոշում կայացվի:

Պարոն Ավետիսյանը նշեց, որ նման բան գոյություն չունի, որ քրեական պալատը որոշի, ուղղորդի ստորադաս դատարաններին. «Օրենքով սահմանված ժամկետում՝ ամենակարճ, ողջամիտ ժամկետում նշված գործով բերված երեք բողոքներին ու խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու վերաբերյալ միջնորդությանը տրվելու է ընթացք: Ինչ վերաբերում է պատգամավորների կողմից ներկայացված միջնորդությանը, կարող եմ ասել, որ նման կարգի միջնորդությունները քննարկվում են բողոքների հետ մեկտեղ»:

Սերժիկ Ավետիսյանը տեղեկացրեց, որ օրենքով սահմանված եռամսյա ժամկետը լրանում է հուլիսի 17-ին և գործին ու բողոքներին ընթացք է տրվելու հնարավորինս սեղմ ժամկետներում: Պարոն Թևանյանն արձագանքեց՝ քանի որ մարդը հանիրավի դատապարտվել է, յուրաքանչյուր օրն էլ ունի նշանակություն: Անդրանիկ Թևանյանը պարզաբանեց՝ իրենց նպատակը դատարանին պատին դեմ տալը չէ: Պարոն Ավետիսյանը հայտնեց, թե շտապողականությունը կարող է բացասաբար ազդել գործի հիմնավորվածության վրա:

Ցույցի մասնակիցներից մեկը հայտարարեց. «Մենք չենք խոսում սովորական մարդու մասին, այլ քաղաքական հայացքների համար ազատազրկված հերոսի մասին: Ամեն անգամ չէ, որ դատում եք ժողովրդի հերոսին: Մենք հարցնում ենք այն՝ արդյոք ի՞նչ դիրքորոշում ունեք այն մասին, որ նիստ նշանակվի և կալանքը վերացնելու միջնորդությունը քննարկվի այդ նիստում և մեկ այլ նիստում քննարկվի բողոքը: Փոխեք ձեր աշխատաոճը և կմտնեք հայ արդարադատության պատմության մեջ»:

Հարցին՝ ամիսների՞, թե՞ շաբաթների հարց կլինի, պարոն Ավետիսյանն արձագանքեց՝ ամիսներ լինել չի կարող, օրեր, շաբաթներ:

Անդրանիկ Թևանյանն էլ եզրափակեց՝ ժամանակի ձգձգումը կհանգեցնի նրան, որ իրենց հարաբերությունները գործընկերայինից կվերածվեն հակամարտության. ճնշումն ավելացվելու է:

Հանդիպման մասնակիցները պնդում են պատասխանել՝ ե՞րբ եք բաց թողնելու մեր հերոսին, Սերժիկ Ավետիսյանը չկարողացավ կոնկրետ պատասխան տալ, միայն ասաց՝ ժամկետները սահմանված են օրենքով:

Հանդիպման ավարտից հետո Անդրանիկ Թևանյանը Վճռաբեկ դատարանի շենքի առաջ հայտարարեց, եթե մի քանի օրվա ընթացքում Վճռաբեկը համապատասխան որոշում չկայացնի, խումբը լրացուցիչ կտեղեկացնի, թե ինչ քայլեր են արվելու. «Եթե Վճռաբեկ դատարանը բացասական որոշում կայացնի, կօգնենք, որ իրենց էլ մերժեն: Իսկ եթե օրենքով կշարժվի, այդ դեպքում մենք փաստացի կարող ենք ասել, որ Վճռաբեկ դատարանը հայտնվել է նոր Հայաստանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031