Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով մոնիտորինգի խմբի համազեկուցողները այսօր Հայաստանի խորհրդարանում հանդիպումներ են ունենում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ ԵԽԽՎ պատվիրակների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են թավշյա հեղափոխությանը վերաբերող հարցեր:
Պարոն Մարուքյանը տեղեկացրեց, որ եվրոպացիները տպավորված են հայկական հեղափոխությամբ, գովեստի խոսքեր են շռայլել հեղափոխականների եւ հայ ժողովրդի հասցեին: «Այդպիսի ընդհանուր խոսակցություններ են եղել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
ԵԽԽՎ պատվիրակներին հետաքրքրել են նաեւ հետհեղափոխական հայաստանյան գործընթացները, մասնավորաբար՝ կառավարության ղեկավարի հռչակած չորս կետերի իրագործման մեխանիզմները:
Եվրոպացի պատվիրակներին առավելապես հետաքրքրել է այն հարցը, թե ինչպես է ժամանակավոր կառավարությունը պատրաստվում իրագործել իր ծրագրերը՝ խորհրդարանում չունենալով մեծամասնություն: Խոսքը հիմնականում վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին եւ արտահերթ ընտրությունների կազմակերպման գործընթացին:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք ներկայացրել են իրենց դիրքորոշումը, որը հստակ է՝ բանակցելով քաղաքական ուժերի հետ, հասնել խնդիրների լուծմանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ