Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ-ն «Ռոսսելխոզնադզորից» նամակներ է ստացել, որի մասին Փաշինյանը չի իմացել

Մայիս 24,2018 12:23

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավար Իշխան Կարապետյանին հարցրեց, ինչո՞ւ ինքը, որպես վարչապետ տեղյակ չէ, որ մայիսի 10-ին եւ 16-ին ՍԱՊԾ-ն նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզնադզորից»:

«Ինձ համար անակնկալ էր, քանի որ ես տեղյակ չէի,-ասաց վարչապետը՝ դիմելով ՍԱՊԾ-ի ղեկավարին,- Պարոն Կարապետյան, ես ուզում եմ իմանալ ձեր գործողությունները այդ նամակները ստանալուց հետո»:

Ի պատասխան Իշխան Կարապետյանն ասաց՝ «Պարոն վարչապետ նամակները կրում են պարբերական բնույթ, տարվա ընթացում մենք ստանում ենք բազմաթիվ նամակներ, եւ մենք նույնպես ուղարկում ենք մեր գործընկերներին արձանագրված դեպքերի մասին նամակներ:
Աշխատանքային կարգով հարցը քննարկվել է ռուս գործընկերների հետ»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ես ուզում եմ հասկանալ, դուք ո՞ւմ եք զեկուցել, որ այսպիսի իրավիճակ կա»:

Իշխան Կարապետյանը ճշտող հարց տվեց՝ «Ո՞ր իրավիճակի մասին է խոսքը, պարոն վարչապետ»:

«Կոնկրետ իրավիճակ էր ներկայացված, կոնկրետ խնդրանքով են մեզ դիմում Ռուսաստանի գործընկերները, հարցը ունի շատ կարեւոր նշանակություն, ես ուզում եմ իմանալ՝ ո՞ւմ եք զեկուցել: Ես՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը առաջին գործողություններից մեկը եղել է այն, որ զանգել եմ ձեզ եւ հարցրել եմ՝ արդյոք մենք խնդիրներ ունե՞նք գյուղմթերքի արտահանման ոլորտում, եւ դուք ասել եք, որ, ըստ էության, խնդիր չկա: Մեր խոսակցությունից հետո իմանալով, որ ես այդ հարցով հետաքրքրված եմ՝ ինձ հետաքրքիր է ձեր գործողությունները տվյալ խնդրի մասին եւ ինչ գործողություն եք ձեռնարկել տվյալ խնդիրը լուծելու համար»,-հետաքրքրվեց վարչապետը:

Իշխան Կարապետյանը պարզաբանեց. «Պարոն վարչապետ, աշխատանքային կարգով քննարկում ենք ունեցել, նաեւ ես խոսել եմ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի հետ հեռախոսով»:

Նիկոլ Փաշինյանը հարցը կրկնեց՝ դուք ինձ լավ չհասկացաք, ո՞ւմ եք զեկուցել. «Կառավարությունից գյուղատնտեսության նախարարին զեկուցե՞լ եք, փոխվարչապետին զեկուցե՞լ եք, վարչապետին զեկուցե՞լ եք»: Պարոն Կարապետյանն ասաց. «Հիմա քննարկումներ են գնում գյուղատնտեսության նախարարի հետ, ես փորձել եմ կապվել պարոն Միրզոյանի հետ, սակայն չի ստացվել կապվել եւ այդ իսկ պատճառով ես սահմանված կարգով գործողություններն իրականացրել եմ»:

Վարչապետը հարցրեց, թե որոնք են այդ գործողությունները:

«Նախ՝ իրականացվում է ուժեղացված բացթողնման ռեժիմ տեղական մթերքի եւ որի վերաբերյալ ծառայությունը տարածել է հաղորդագրությունը, քանի որ դեպքը վերաբերվել է ընդամենը մեկ ընկերությանը եւ չի վերաբերել գյուղմթերք արտահանող տարբեր ընկերությունների: Լարսի անցակետում անցկացվում էր մոնիտորինգային ծրագիր ուժեղացված «Ռոսսելխոզնադզորի» կողմից, այդ իսկ պատճառով մենք հսկողությունն ուժեղացնում ենք եւ աշխատանքային կարգով այդ խնդիրը փորձում ենք հասկանալ, թե կոնկրետ ինչ խնդիրներ է ի հայտ եկել»,-բացատրեց Իշխան Կարապետյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նամակներում ուրիշ բան է գրված՝ ֆոտոսանիտարական կանոնների պահպանման խնդիրը:

«Նամակներում արձանագրված է դեպքը, որի շրջանակներում բեռում արձանագրվել է անհամապատասխանություն, եւ բեռը հետ է ուղարկվել, սակայն բեռից առանձնացվել է համապատասխան խմբաքանակը եւ հետ է վերադարձվել համապատասխան արտահանողին, որը շարունակել է բեռի արտահանումը, կրկին վերաարտահանվել է»,-ասաց պարոն Կարապետյանը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե սրա հետ կապված ինչ իրավիճակ ունենք, ո՞րն է այն մարմինը, որը կերաշխավորի, որ մեր երկրից գյուղմթերքը կարտահանվի բոլոր մեր պարտավորություններին խստիվ համապատասխան:

Իշխան Կարապետյանն ասաց՝ «Բոլոր մեր պարտավորություններին համապատասխան արտահանումը ծառայության գործառույթների շրջանակներում է, որը ենթադրում է համապատասխան հսկողություն, կարանտին վնասատու օրգանիզմների բացակայության առումով եւ նաեւ ստուգում է մակնշման ներկայացվող պահանջները: Բայց նաեւ խնդիրը կրում է համակարգային բնույթ, որովհետեւ շատ հաճախ մեր տնտեսվարողները, որոնք իրականացնում են նաեւ արտահանում, չունենալով լոգիստիկ անհրաժեշտ կարողություններ, եւ չունենալով համապատասխան փաթեթավորման կարողություններ, արտահանում են երկրորդային օգտագործված արկղերով եւ մակնշումը շատ հաճախ թերի են կատարում: Եվ այս պայմանների պահպանման նպատակով մենք իրազեկում ենք իրականացնում տնտեսվարողների շրջանում: Վերջին մի քանի օրվա ընթացքում իրականացված գործողությունների արդյունքում որեւէ դեպք չի արձանագրվել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031