Ոստիկանությունը քնել-արթնացել է ու որոշել, որ 5 տարվա ընթացքում կուտակած ու չվճարած տուգանքները համաներում են ու այլեւս չեն պահանջելու դրանք վճարել։ Հրաշալի է։ Թո՛ղ չվճարեն։ Ու կեցցե, ասենք թե՝ սոցիալական մոտեցումը։ Բայց ու մի հատ էլ՝ «բայց»-ի քառակուսի։
Իսկ ո՞ւր մնաց արդարությունը։ Ինչո՞ւ պիտի ՃԵ կանոնները խախտելու համար տուգանված ու տուգանքները պարտաճանաչ, լումա առ լումա վճարած քաղաքացիները տուժեն։ Համաներել՝ համաներելն է։ Պոպուլիզմ՝ պոպուլիզմ է։ Արդարությունը պահանջում է՝ անհապաղ վերադարձնել 2012-ի հունվարի 1-ից մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ը տուգանքները բարեխղճորեն մուծած բոլո՛ր քաղաքացիների վճարած գումարները։
Կներեք, այդ ո՞ւմ եք որոշել հիմարի տեղ դնել։ Թե՞ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կամ ՃՈ ղեկավարությունը կարծում է, թե միայն իրենք են այդպես «ճարպիկ» (շուստրի)։
Կարելի է անհաշիվ օրինակներ բերել, որ հազարավոր ու հազարավոր մարդիկ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, այդ հինգ տարիներին ու բառի ամենաուղղակի իմաստով իրենց ընտանիքի, իրենց երեխաների բերանից կտրելով, վճարել են պահանջվող տուգանքները, ըստ որում՝ 500 հազարից մինչեւ մի քանի միլիոն դրամի հասնող գումարներ՝ առանձին վերցրած 1 քաղաքացու հաշվով։
Սոցիալական պետությո՞ւն։ Հոյակապ է։ Ինչպե՞ս չպահանջել, որ վճարված տուգանքի գումարները վերադարձվեն, որպեսզի մեր պարտաճանաչ քաղաքացիները, նախ, իրենց հիմարացված վիճակի մեջ չզգան, ամենակարեւորը՝ պահեն իրենց ընտանիքն ու երեխաներին։
Թե չէ ի՞նչ է ստացվում. ով չի մուծել տուգանքները, նրան՝ «հալալ» է, իսկ ով մուծել է, հազար ներողություն՝ «հիմարի մե՞կն է»։ Ի՞նչ կասեք, գուցե կոմունալ վճարումնե՞րն էլ չկատարենք։ Առհասարակ։
Սա ի՞նչ տուգանքային ռասիզմ է։ Ավելի ճիշտ, «տուգանային հարված»։
Ակնհայտ է, որ ոստիկանությունը կամովին ներքաշվել է հստակորեն քաղաքական հնչեղություն ու նշանակություն ունեցող խայտառակ պատմության մեջ։ Պատահական չէ, որ երեկ սոցցանցային հարթակներում շրջանառվում էին տարբեր քաղաքացիների տեսակետներ, որ հնարավոր է, այս ամենը մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց ընտրակաշառք- ծառայություն է՝ իշխանության եկած ուժերի կողմից, հնարավոր արտահերթ ընտրություններին ընդառաջ։
Եթե տուգանք չվճարած սիրելի հայրենակիցներին ներվում է այդ չվճարումը, ապա նույն ժամանակահատվածում տուգանք վճարած քաղաքացիներին պարտադիր պետք է վերադարձվեն իրենց մուծած գումարները։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում