Տարեվերջյան դրամահավաքը նաև կրթության ցածր որակը քողարկելու էժան տարբերակ է։ 9-րդ, 12-րդ դասարաններում վճարում եք 20, 50 կամ 100 հազար դրամ, ինչի արդյունքում քողարկվում է երեխաների գիտելիքների ցածր մակարդակը։
Այս իրավիճակի դեմ փորձում է պայքարել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարի համոզմամբ, եթե մի քանի տնօրեններ պատժվեն, ապա մյուսներն այլևս չեն համարձակվի նման բան անել։ Կրթության ոլորտի միջին օղակներում առկա կոռուպցիան այնպիսի բան է, որ շատ դժվար է ասել, թե դրա դեմ պատժիչ մեթոդներով պայքարն ի՞նչ արդյունք կտա։ Բանն այն է, որ միջին օղակներում առկա կոռուպցիան ռացիոնալ հիմքեր է ունենում։ Օրինակ՝ ուսուցչի և տնօրենի աշխատավարձը ցածր է, հետևաբար դպրոցում աշխատելու համար պետք է եկամտի լրացուցիչ աղբյուր։ Երեխաների գիտելիքների մակարդակը ցածր է, հետևաբար՝ քննության ժամանակ պետք է ակնկալենք հանձնաժողովի բարեհաճ վերաբերմունքը։ Շատ հնարավոր է, որ կոռուպցիայի դեմ անխնա պայքարը ոչ թե վերացնի այն, այլ փոխակերպի այլ ձևի։ Օրինակ՝ ոչ թե գումարները հավաքվեն ծնողական խորհուրդների միջոցով, այլ անհատ ծնողը կամ ծնողների փոքր խումբն այցելեն դասղեկի տուն։ Այս դեպքում արդեն գրեթե անհնար կլինի որևէ մեկին բռնացնելը։ Ի դեպ, այս մեխանիզմը տարիներ շարունակ գործում է բուհական համակարգում։ Ծնողն այցելում է դասախոսի տուն և լուծում երեխայի գնահատականի հարցը։ Պարզապես այս դեպքում արդեն ծնողներն ավելի մեծ գումար պիտի վճարեն։ Երբ ամբողջ դասարանով եք հավաքում գումար, ապա կարելի է էժան գնով պրծնել, բայց եթե անհատական եք վճարում, ապա այս դեպքում ավելի մեծ գումար պիտի տաք։ Մյուս տարբերակն էլ այն է, որ ծնողները պետք է երեխային ուղարկեն վճարովի մասնավոր պարապմունքների, որպեսզի կարողանան քննությունը ստանալ։ Այս տարբերակը նույնպես մեծ գումար է պահանջում։
Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի նախարարությունը լուծումներ առաջարկի։ Օրինակ՝ լուծման տարբերակ է այն, որ յուրաքանչյուր դպրոցի հատկացվի բյուջե ավարտական միջոցառման համար։ Այս դեպքում արդեն չեն կարող գումար հավաքել բեմը զարդարելու և այլ հարակից ծախսերի համար։
Կարելի է նաև աշակերտներին հնարավորություն տալ դպրոցն ավարտել նույնիսկ այն դեպքում, երբ ավարտական քննությունից ստանում են բացասական թվանշան։ Այս տարբերակը, իհարկե, ռիսկեր ունի։ Մասնավորապես, երեխաները կարող է անլուրջ վերաբերվեն դասերին, բայց թվանշանի դերի իջեցումը հաստատ դրամահավաքի դեմ պայքարում դրական կազդի։
Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում