Բաց նամակ
ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին և
Արդարադատության նախարար պարոն Ա. Զեյնալյանին
ՎԵՐԱՑՆԵԼ ՀԻՆ ՌԵԺԻՄԻ` ՈՉ ՄԻ ՑՄԱՀԱԿԱՆԻ ԱԶԱՏ ՉԱՐՁԱԿԵԼՈՒ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԴՈԿՏՐԻՆԸ
Հայաստանում գոյություն ունի «ցմահականների խնդիր»։ Այդ խնդիրն ունի բազմաթիվ բաղադրիչներ, ինչպիսիք են օրինակ՝ ա) 22 տարեկանից ցածր քաղաքացիներին նման ծանր պատժի չարժանացնելու եվրոպական պահանջը, բ) նախագահ Ռ. Քոչարյանի 2003 թվականի օրինախախտ «ներման» հրամանագիրը, գ) բազում օրենսդրական, միջազգային հռչակագրերի և սահմանադրական փոփոխությունների հետ ցմահականների վերաբերյալ կայացված որոշումները չվերանայելու օրինախախտ համառությունը, ե) ցմահականների գործի նյութերի ոչնչացման հարցը։ Այլ բաղադրիչներ նույնպես գոյություն ունեն, սակայն մենք ցանկանում ենք կենտրոնանալ ցմահականների վաղաժամկետ պայմանական ազատման բացառման խնդրի վրա։ Վերոնշյալ բոլոր խնդիրների միասնական հետևանքն այն է, որ ցմահականների քանակի առումով ամբողջ Եվրոպայում Հայաստանի Հանրապետությունը բնակչության քանակի համեմատ ամենաբարձր ցուցանիշն ունի։
Ստորագրյալներս մաս ենք կազմում վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ենթակա ցմահ ազատազրկյալների։ Վաղաժամկետ պայմանական ազատ արձակման համակարգն ունի մի առանձնահատկություն. եթե սույն համակարգը սուբյեկտիվ ու ոչ համաչափ է գործում բոլոր դատապարտյալների համար, ապա ցմահ ազատազրկյալների դեպքում այն պարզապես չի գործում։<<Ցմահ ազատազրկում>> պատժատեսակը, ըստ էության, վերածվել է «մահապատիժ ազատազրկման միջոցով» պատժատեսակի և մինչ օրս արդեն իսկ բանտում իրենց մահկանացուն են կնքել 26 ցմահականներ։
Համաձայն քրեական օրենսգրքի 76րդ հոդվածի 1.1 և 1.2 կետերի գոյություն ունեն 17 ցուցանիշեր, որոնց հիման վրա դատարանը պետք է որոշում կայացնի դատապարտյալի ազատ արձակման կամ պայմանական ազատությունը մերժելու վերաբերյալ։ Սակայն, իրականում հաշվի է առնվում բացառապես դրանցից երկուսը՝ տույժի առկայությունն ու խրախուսանքի բացակայությունը։Ոչ ցմահականների պարագայում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար այս երկու պատճառաբանությունները արգելք չեն հանդիսանում և ոչ ցմահականները առնվազն որոշ պարագաներում կարողանում են օգտվել վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից։
Եթե ոչ ցմահական դատապարտյալները կարող են սպասել պատժի ամբողջական ժամկետի ավարտին, ապա ցմահ ազատազրկյալն ազատության վերադառնալու այլ տարբերակից օգտվելու հնարավորություն չունի։ Եթե վաղաժամկետ պայմանական ազատ արձակման մեխանիզմը չի գործում, ուրեմն նրա նկատմամբ գործում է մեկ այլ պատիժ, որը ծանոթ է «ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական ազատման հնարավորություն» անունով։ Նման պատժատեսակ ՀՀ-ում գոյություն չունի։
Ցմահականները հայտնվում են «անկախ» հանձնաժողովի առաջ, որտեղ նրանց 20 ու ավելի տարիների պահվածքի վերաբերյալ քննարկումը տևում է 2-ից 5 րոպե։ Այն ցմահականները, ովքեր դատարանում կես ժամ տևող նիստում բողոքարկում են այդ որոշումը, նույնպես մերժման են արժանանում: Ամեն ինչ ձևական է։
Մենք արդեն չենք կարող չեզրակացնել, որ ցմահականներից ոչ մեկին ազատ չարձակելու անմարդկային “դոկտրինը” անցած ռեժիմի հիմքերից մեկն էր հանդիսանում ։ Այդ «դոկտրինը” ուժի մեջ է մինչև հիմա։ Այն տեսել ենք ամրապնդված` նախագահական ապարատի, գլխավոր դատախազի և գերագույն դատարանի նախագահի համատեղ ջանքերով։ ՀՀ Արդարադատության նախարարությունն ու Մարդու Իրավունքների պաշտպանը լուռ մեղսակիցներն են եղել այս իրավիճակի։ Իսկ ՔԿ համակարգը, ցմահականների նկատմամբ մերժման որոշումներ կայացնելը հեշտացնելու համար շարունակ ուռճացրել է տույժերը և բացառել խրախուսանքները։ Մի խոսքով, վաղաժամկետ պայմանական ազատման համակարգը բացառապես քաղաքական պատճառներով է, որ չի գործել ցմահականների պարագայում։
Ցմահականների խնդիրը քաղաքական խնդիր է։ Այդպես է, քանի որ ցմահականի ազատումը օրենքի սահմաններում լուծվող խնդիր չէ առայժմ։ Այդպես է, քանի որ ՀՀ-ում իրավունքի ինստիտուտներ հանդիսացող դատախազը, վճռաբեկ դատարանի նախագահը, և այլն միասնաբար ամրապնդում են նման բանի բացառումը։ Այս երևույթը պարզապես նախորդների ձևավորած համակարգային անօրենության և կամայականության հերթական օրինակն է։
Խնդրում ենք Ձե՛զ՝ պարոն վարչապետ և Ձե՛զ՝ պարոն նախարար, որ
-կասեցնեք ցմահականների վերաբերյալ նախորդների կողմից հաստատված վերոնշյալ ներքին «կարգը»,
-դատապարտյալի վարքագծի արդար գնահատման և դատական գործընթացի արդար կատարման համար միջոցներ ձեռնարկեք,չարամիտ խախտումներից բացի, (հեռախոսի
-հետ կապված) մյուս տույժերը հիմք չհամարվեն քննարկումներին,
-հստակորեն խրախուսվեն ինքնազարգացման, կրթական, կերպարվեստի աշխատանքային և կամային դրական բոլոր դրսևորումները,
-վերոնշյալների հիմնամբ և անկախ նրանից, թե նրանց նկատմամբ հանձնաժողովի կամ դատարանի որոշում գոյություն ունի թե ոչ, սկզբից ու արդարորեն վերանայվեն անխտիր բոլոր 20 տարվա ազատազրկումը բոլորած ցմահականների վաղաժամկետ պայմանական ազատման գործերը (այսինքն՝ վերացվեն հաջորդ առիթի հետաձգումներն ու 1.5 կամ 3 տարվա սպասման ժամանակահատվածները)։
Հարգանքով՝
Արծրունի Արսեն (25տ)
Գրիգորյան Ստեփան (23տ)
Մանուկյան Աշոտ (23տ)
Մկրտչյան Արթուր (23տ)
Մնջոյան Արմենակ (25տ)
17-5-2018