Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն, անդրադառնալով կաբինետի ձեւավորման մասին հարցերին, նշեց. «Առաջին տասը օրը փորձում էի ուսումնասիրել ոչ միայն ոլորտում առկա խնդիրները, այլ նաեւ նախարարության հիմնական աշխատանքները, դրանց ընթացքը, ով ինչի համար է պատասխանատու եւ այլն։ Այս պահին թիմս հայեցողական պաշտոններում խորհրդականներով համալրելու փուլում եմ»։
Անդրադառնալով հարցին, թե կադրերի ընտրություն կատարելիս ինչո՞վ է առաջնորդվում՝ ծանոթ, ճանաչած մարդկանց մե՞ջ է փորձում նրանց գտնել, թե գուցե հայտարարություն է տալու, որպեսզի չերեւացող մարդիկ էլ ի հայտ գան,
որոնք կարող են օգտակար լինել, նախարարը պատասխանեց. «Հայեցողական պաշտոնների պարագայում առաջնահերթ խնդիր եմ դնում, որ այդ անձինք կրեն այն արժեքները, որոնք ես եմ կրում, որովհետեւ անմիջականորեն աշխատելու ենք իրար հետ, եւ իրենք են ապահովելու դաշտի հետ կապված այն խորհրդատվությունը, որի կարիքը ունենալու եմ։ Իհարկե, խորհուրդ են
տալիս մշակույթի գործիչները, քաղաքական թիմը, որովհետեւ ամեն դեպքում խորհրդականները նաեւ քաղաքական դիրքորոշման հետ կապված պետք է ունենան նույն ուղեծիրը։ Բացի խորհրդականների հայեցողական պաշտոններից, կան նաեւ այլ մարդիկ, որոնք որոշել են առանց որեւէ ֆորմալության, կամավորական հիմունքներով ստանձնել այդ դերը եւ շատ ինտենսիվ աշխատում են»։
Մշակույթի նախարարի տեղակալների փոփոխություն առայժմ չկա։ Լիլիթ Մակունցի խոսքից պարզ դարձավ, որ առաջիկայում դա տեղի կունենա։ Ո՞ւմ թեկնածությունները նա կառաջարկի, ինչ շրջանակներում ու ինչ տարբերակով է գտնելու նրանց, Լիլիթ Մակունցը չմանրամասնեց։ «Անկեղծ ասած չէի ուզի այս փուլում քննարկել դա, ունենք այն անձինք, ովքեր առնչվում են թե՛ մշակույթի ոլորտին եւ թե՛ նաեւ քաղաքական որոշակի սկզբունքայնություն ու դիրքորոշում ունեն, պատրաստակամ են ազնիվ կերպով աշխատել եւ կարող են հավատարիմ մնալ այն արժեքներն, որոնց համար պայքարում էինք»։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում