Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առանց լուրջ հիմնավորումների Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու դեպքում «Լիդիան Արմենիան» կարող է անգամ դատի տալ ՀՀ կառավարությանը. «168 ժամ»

Մայիս 24,2018 11:36

Երևանում երեկ կրկին երթ էր կազմակերպվել՝ ընդդեմ Ամուլսարի հանքավայրի։ Մասնակիցների պահանջը հստակ էր՝ Ամուլսարում հանք չպետք է լինի։ Երթի կազմակերպիչներն այս անգամ իրենց բողոքն ուղղել էին նախագահ Արմեն Սարգսյանին, ում անունը հենց նրանք կապում էին Ամուլսարի ծրագրի հետ։

Ամուլսարի դեմ այս արշավը վերջին շրջանում գերակտիվացել է։ Թեև բնապահպանները երեկ նշել են, որ խնդիրը ոչ միայն Ամուլսարն է, այլև ընդհանրապես՝ Հայաստանի բոլոր հանքերը, սակայն նկատած կլինեք, Ամուլսարից բացի, մյուս հանքերի անունները գրեթե չեն շրջանառվում։ Սա կրկնակի զարմանալի է, քանի որ Ամուլսարը շահեկանորեն տարբերվում է մնացած հանքերից՝ թե՛ պատասխանատու հանքարդյունաբերության չափանիշերին համապատասխան գործունեության, թե՛ հասարակության ու փորձագիտական շրջանակների հետ երկխոսելու պատրաստակամության առումով։

Ավելին ասենք, հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը մի քանի անգամ պատրաստակամություն է հայտնել տետատետ հանդիպել բնապահպանների նշած փորձագետների հետ և մասնագիտական դաշտում քննարկել բոլոր հարցերը։ Մյուս կողմը, սակայն, երկխոսել չի ցանկանում, պարզապես ռադիկալ դիրքերից պահանջներ է դնում՝ հարկ չհամարելով երկխոսել։

Նման ծայրահեղական մոտեցումը՝ ընդդեմ հանքարդյունաբերության, հասկանալի չէ։ Այո, բնապահպանության տեսանկյունից հանքերն ամենացանկալի բանը չեն։ Սակայն իրողությունն այն է, որ Հայաստանի տնտեսությունն այսօր մեծապես կախված է հանքարդյունաբերությունից։ Հանքարդյունաբերությունն ապահովում է մեր արտահանման մոտ 40%-ը։ Հայաստանում գործող մոտ 2 տասնյակ հանքարդյունաբերական ընկերությունները միասին անցած տարի վճարել են շուրջ 55 մլրդ դրամի հարկեր, ինչը բավականին մեծ թիվ է ՀՀ բյուջեի համար։ Այս ընկերություններում աշխատում է մոտ 10 հազար մարդ։ Այսքանը բավական է՝ պատկերացնելու համար հանքարդյունաբերության նշանակությունը։ Հանքարդյունաբերությունը լավ բան չէ՞՝ զարգացրեք այլ, այլընտրանքային և բնապահպանական տեսանկյունից անվտանգ ուղղություններ և զուգահեռ արգելեք նոր հանքերի շահագործումը։ Սակայն արդեն գործող հանքերը փակելը տնտեսական տեսանկյունից ճիշտ չէ։

Կոնկրետ Ամուլսարի պարագայում ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ 2017 թվականին Ամուլսարի նախագիծն ապահովել է Հայաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումների առյուծի բաժինը։ Ու եթե հանկարծ Հայաստանի կառավարությունը որոշի stop անել նախագիծը՝ առանց լուրջ հիմքերի, ընդամենը մի խումբ բնապահպանների և նրանց կողմից ցիտվող մի քանի փորձագետներին լսելով (որոնք նույնպես տետատետ բանավեճից խուսափում են), ապա դա ոչ միայն Հայաստանին զրկելու է այն եկամուտներից ու աշխատատեղերից, որոնք կարող էին ստացվել, այլև չափազանց բացասական մեսիջ է լինելու օտարերկրյա այլ ներդրողներին՝ առ այն, որ Հայաստանում բիզնես անել չարժե։ Օտարերկրյա ներդրողին ամենից շատ վախեցնում է անորոշությունն ու փոփոխականությունը, նա պետք է վստահ լինի, որ իր իրավունքները պաշտպանված են ցանկացած իշխանության օրոք։ Ու կապ չունի, որ հանքի լիցենզիան տվել է մի իշխանություն, մերժել է մեկ այլ իշխանություն։ Երկիրը նման դեպքերում կորցնում է վստահելի գործընկերոջ համբավը։ Ավելին ասենք, առանց լուրջ հիմնավորումների Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու դեպքում «Լիդիան Արմենիան» կարող է անգամ դատի տալ ՀՀ կառավարությանը՝ պահանջելով փոխհատուցել մինչ օրս կատարված քանի հարյուր միլիոն դոլարի ծախսերը։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031